ԿարևորՀասարակություն

Կարկուտից տուժած գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհը

Այսօր՝ հուլիսի 7-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Վաղ առավոտից Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ և հարակից բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ ի նշան բողոքի փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը և պահանջում են, որպեսզի ՀՀ կառավարությունն ու Արմավիրի մարզպետարանը շտապ ներկայացնեն կարկուտից ու ուժգին քամուց տուժած բնակիչներին փոխհատուցելու հստակ ծրագիր, տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Երեկ ուժգին կարկուտն ու քամին բառացիորեն հողին են հավասարեցրել գյուղացիների տարվա ամբողջ աշխատանքը։ Մի քանի րոպե տևած տարերային աղետը ոչնչացրել է խաղողի, ծիրանի, դեղձի, բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի զգալի մասը, վնասել բնակելի տների տանիքները, արևային վահանակները, պատուհանները, ինչպես նաև բազմաթիվ ավտոմեքենաներ, հայտնում է նա։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում էին, որ իրենցից շատերը վարկերով են մշակել հողատարածքները, ներդրել են վերջին միջոցները, իսկ այժմ կանգնել են ծանր սոցիալական խնդրի առաջ։

Նրանք դժգոհում էին, որ աղետից անցել է արդեն մեկ օր, սակայն մինչ այս պահը պատասխանատու որևէ կառույցի ներկայացուցիչ չի այցելել գյուղեր, չի գնահատել հասցված վնասը և չի ներկայացրել, թե ինչ քայլեր են իրականացվելու բնակիչներին աջակցելու համար։

Կարդացեք նաև

Back to top button