ԿարևորՀասարակություն

ԱՄՆ Դենվեր քաղաքում օծվել է Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցին

Հյուսիսային Ամերիկայի Հայոց Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ձեռամբ օծվել է Դենվերի Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցին, հայտնում են տայ-ամերիկյան տեղեկատվական կենտրոնից։

Նորաօծ եկեղեցին Կոլորադոյի հայության համար դարձել է ավելի քան երկու տասնամյակ տևած սպասման, աշխատանքի, նվիրումի և համախմբման արդյունք։ Դենվերի հայ առաքելական համայնքը ձևավորվել է 2003 թվականին՝ որպես առաքելական ծուխ՝ հոգևոր ծառայություն մատուցելու նահանգում բնակվող հայերին։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին Դենվերում մատուցվել էր առաջին Սուրբ Պատարագը՝ Տ. Տաթև քահանա Հարությունյանի ձեռամբ, Սուրբ Քեթրին հունական ուղղափառ եկեղեցում։

Օծման արարողության ընթացքում Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հայտարարել է եկեղեցու անունը՝ Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցի։

Սուրբ Հռիփսիմեի անունը նորաօծ եկեղեցուն հաղորդում է նաև պատմական և հոգևոր առանձնահատուկ նշանակություն։ Հայ Եկեղեցու ավանդության մեջ Սուրբ Հռիփսիմեն համարվում է Հայաստանի առաջին քրիստոնյա նահատակներից մեկը։

Իր խոսքում Առաջնորդ Սրբազանը շեշտել է, որ նոր եկեղեցին միայն շինություն չէ, այլ հավատքի, միասնականության և համայնքային շարունակականության կենդանի վկայություն։

Հայոց եկեղեցին սփյուռքում նաև լեզվի, մշակույթի և ինքնության պահպանման ամենակայուն միջավայրերից է։ Արևմտյան թեմի շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներում, թեմի ներսում գործող ամենօրյա դպրոցում, ինչպես նաև երիտասարդական ճամբարներում ամեն տարի ավելի քան 3000 երիտասարդներ շարունակում են կապը հայերեն խոսքի, հայոց պատմության, եկեղեցական ավանդության և մշակութային կյանքի հետ։ Այդ աշխատանքում ներգրավված են ավելի քան 220 ուսուցիչներ և դաստիարակներ, որոնք սերունդների միջև կենդանի կամուրջ են ստեղծում։ Դենվերի նորաօծ Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցին այս իմաստով միանում է ոչ միայն Արևմտյան թեմի հոգևոր ընտանիքին, այլև հայապահպանման այն լայն համակարգին, որտեղ եկեղեցին, դպրոցը, լեզուն և մշակույթը գործում են միասին՝ որպես մեկ ամբողջական պատասխան սփյուռքյան կյանքի գլխավոր հարցին՝ ինչպես մնալ հայ հեռու հայրենիքից։

Կարդացեք նաև

Back to top button