
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան» , «Հայ ազգային կոնգրես» և «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել` արձագանքելով ՍԴ–ի որոշմանը։
Սահմանադրական դատարանն այսօր մերժել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր 7 քաղաքական ուժերի դիմումները՝ անփոփոխ թողնելով ԿԸՀ-ի որոշումը։
Հինգ ընդդիմադիր ուժերը, գործող իշխանությունը համարելով ոչ լեգիտիմ, նշել են համատեղ պայքարի հիմնական ուղղությունները: Դրանք ներառում են սահմանադրական պարտադրված փոփոխությունների կանխումը, Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությունը, քաղաքական դրդապատճառներով կալանավորվածների ազատ արձակումն ու գործող վարչակարգի հեռացումը:
«Մենք գիտակցում ենք, որ իրավական ինստիտուտների կազմաքանդման պայմաններում պետության և սահմանադրական կարգի պահպանման միակ երաշխավորը մնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ուստի, սիրելի՛ քաղաքացիներ, Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը»,- ասված է հայտարարության մեջ։
Նշված առաջնահերթությունների շուրջ ընդդիմադիր կողմերի միջև ընթանում են ակտիվ քննարկումներ: Դրանց արդյունքներով ձևավորված համատեղ ծրագրերի և հետագա քայլերի վերաբերյալ, ինչպես ասված է հայտարարությունում, իրազեկումը կկատարվի մոտ ժամանակներս:




