
ԱՄՆ-ն այսօր նշում է անկախության հոբելյանական 250-ամյակը։ Նահանգները «անսովոր մարդկանց կողմից ստեղծված անսովոր պետություն» է անվանել նախագահ Թրամփը։ Ելույթում նա կոմունիզմը համարել է գլխավոր սպառնալիք և խոստացել պայքարել դրա դեմ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ և առանձնահատուկ կարևորել ԱՄՆ դերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործում։
Փաշինյանն ընդգծել է, որ TRIPP-ը լինելու է խաղաղության կարևոր գրավականը և «ճանապարհ է հարթելու դեպի առավել խաղաղ, փոխկապակցված և բարեկեցիկ տարածաշրջան»։
Փոխնախագահ Վենսին ուղղված ուղերձում Փաշինյանը հիշատակել է այս տարվա փետրվարին փոխնախագահի Հայաստան այցը։ «Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական, էներգետիկ, պաշտպանական և այլ ոլորտներում գործընկերությանը զարկ տալուց զատ՝ Ձեր այցը դարձավ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխադարձ վստահության առհավատչյան՝ ստեղծելով նոր հնարավորություններ տարբեր ոլորտներում մեր կապերի ընդլայնման համար»,- նշվում է ուղերձում:
ԱՄՆ անկախության օրվա առիթով Թրամփին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՌԴ նախագահ Պուտինը։ Նա նշել է, որ այսօր ՌԴ-ն ու ԱՄՆ-ն՝ որպես խոշորագույն միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում աշխարհում գլոբալ կայունության և անվտանգության ապահովման համար։
Պուտինն ակնարկել է, որ երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը բխում է ողջ աշխարհի շահերից։
«Եզակի, անսովոր, ազատ, անկախ, թանկարժեք ժառանգությամբ շողացող»․ սրանք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ԱՄՆ բնորոշումներն են։ Ամերիկյան անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում Թրամփը հուլիսի 4-ն անվանել է «աշխարհի պատմության ամենաանսովոր օրերից մեկը»։
«Ամերիկյան անկախության հաղթանակը պատմության մեջ ամենաանսովոր մարդկանց, պատմության մեջ ամենաանսովոր մշակույթի և պատմության մեջ ամենա ոչ սովորական գաղափարների արդյունքն էր, որոնք բոլորը ստեղծեցին պատմության մեջ երբևէ եղած ամենա ոչ սովորական պետությունը։ Եկեք հստակ և հպարտորեն ասենք, թե ինչն է ամերիկացիներին դարձնում այդքան եզակի և ոչ սովորական։ Մենք մեր երկրին վերադարձնելու ենք իր ինքնությունը։ Ամենից առաջ ամերիկացիները սիրում են ազատությունը։ Մենք գնահատում ենք անկախությունը և գիտենք, որ մենք ժառանգորդներն ենք ամենագեղեցիկ երկրի, ամենահետաքրքիր պատմության և ամենաթանկարժեք ժառանգության, որի վրա երբևէ արև է շողացել։ Ամերիկայում մեզ ոչ մեկի թույլտվությունը պետք չէ՝ ասելու այն, ինչ մտածում ենք, և ապրելու այնպես, ինչպես ցանկանում ենք»։
Թրամփն անգամ անգլերենը, որով խոսում են ամերիկացիներ, անվանել է ազատության լեզու, նշել, որ Ամերիկան ցանկանում է խաղաղություն, բայց երբեք չի խուսափի վտանգից կամ սպառնալիքից և միշտ կպայքարի հաղթելու համար։
Միացյալ Նահանգների ղեկավարը կոմունիզմի վերածնունդն անվանել է մահացու սպառնալիք ամերիկյան ազատության համար, որն ավելի վտանգավոր է, քան Համաշխարհային պատերազմները կամ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը:
«Այժմ մեր երկրում կոմունիստական սպառնալիքի վերածնունդ է նկատվում, այդ թվում՝ մեր երկիր նորեկների կողմից, որոնք ընդունում են մեր կենսակերպին և մեր հաջողություններին հակասող գաղափարներ: Սրանք պարզապես քաղաքական անհամաձայնություններ չեն, ինչպիսիք են հարկերի կամ կանոնակարգերի շուրջ տարաձայնությունները: Կոմունիզմը մահացու սպառնալիք է ամերիկյան ազատության համար: Այն մեր երկրի համար ամենամեծ սպառնալիքն է, ներառյալ Առաջին համաշխարհային պատերազմը, Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մենք թույլ չենք տա, որ դա պատահի մեզ հետ»:
Թրամփը խոսել է Իրանի և Վենեսուելայի մասին։ Վերջինի դեպքում ասել է, որ Միացյալ Նահանգները մեկ օրում հաղթեց Վենեսուելային։ Իրանի առնչությամբ նշել է, որ ամերիկյան կողմը «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել Իրանին Խամենեիի հուղարկավորության համար
250 տարի առաջ ԱՄՆ-ն անկախացավ Մեծ Բրիտանիայից: Այս տարիների ընթացքում ԱՄՆ կառավարությունները տարբեր ձևակերպումներով կարևոր արժեքներ են համարել ազատությունը, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը։ Ամերիկացիները, սակայն, կարծում են, որ այս արժեքների պաշպանության հարցում նահանջ է գրանցել։ Միջազգային մամուլը հիշեցնում է 2024 թվականի հարցումների արդյունքները, ըստ որոնց՝ ամերիկացիների 72%-ի կարծիքով նախկինում ամերիկյան ժողովրդավարությունը օրինակ էր այլ երկրների համար, բայց վերջին տարիներին դադարել է այդպիսին լինելուց։
DW-ի վերլուծականում նշվում է, որ ԱՄՆ-ն այսօր ապավինում է ռազմական ուժին և ոչ թե դիվանագիտությանը։
Ամերիկացի քաղաքագետներ Մոնիկա Դաֆի Թոֆթը և Սիդիտա Քուշին հաշվել են ԱՄՆ-ի ավելի քան 500 ռազմական միջամտություն վերջին 250 տարվա ընթացքում։ «Տրամաբանությունը դարձել է հետևյալը. «Եթե մենք չենք կարող բանակցել մեր թշնամիների հետ, եթե դիվանագիտությունը չի աշխատում, ապա միակ տարբերակը ուժի դիմելն է։ Պաշտպանության նախարարության բյուջեն կտրուկ աճել է 2001թ սեպտեմբերի 11-ից հետո, մինչդեռ Պետդեպարտամենտի ֆինանսավորումը կրճատվել է։ Ստացվում է, որ եթե միայն մուրճ ունես, յուրաքանչյուր խնդիր սկսում է մեխի նմանվել» — նշում է Քուշին։
Կոլումբիայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Տրոլի կարծիքով՝ Միացյալ Նահանգները զգալիորեն ավելի քիչ է շփվում այն երկրների հետ, որտեղ Վաշինգտոնը որևէ էական առևտրային շահեր չի տեսնում։ Այդ երկրներում ԱՄՆ-ն անգամ դեսպաններ չունի։
Մի նկատառում ևս․ ԱՄՆ ներկայիս վարչակազմի գործողությունների մեջ ամենաուշագրավը քաղաքագետները համարում են Թրամփի բացահայտ այն մոտեցումը, որ գործում են ԱՄՆ ֆինանսական շահերից ելնելով, և խոսքը արժեքների կամ միջազգային կարգի պահպանման մասին չէ։




