Հասարակություն

Մահացել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արշակ Հաճյանը

95 տարեկան հասակում մահացել է  ամերիկահայ հայտնի մաթեմատիկոս, Հայաստանի ու հայկական մաթեմատիկայի նվիրյալ Արշակ Հաճյանը, հայտնում են ԳԱԱ-ի նախագահությունը, Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքը Մաթեմատիկայի ինստիտուտը եւ ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը։

Արշակ Հաճյանը ծնվել է 1930 թվականին՝ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։ Քոլեջում սովորելու տարիներից տարվել է մաթեմատիկայով և 1950-ականների սկզբին որոշել է շարունակել ուսումը Միացյալ Նահանգներում, որտեղ սովորել է Փենսիլվանիայի, ապա՝ Չիկագոյի համալսարաններում։

Մաթեմատիկական հետազոտությունները սկսել է ժամանակի ամենահայտնի մաթեմատիկոսներից մեկի՝ Շիզուո Կակուտանիի ղեկավարությամբ։ Հաճյանն անմիջապես հետաքրքրություն ցուցաբերեց անվերջ չափման տարածությունների ոլորտում հետազոտությունների նկատմամբ և ժամանակի ընթացքում դարձավ այդ տեսության առաջատար մասնագետներից մեկը:

Արշակ Հաճյանը երկար տարիներ աշխատել է Բոստոնի Հյուսիսարևելյան համալսարանում և միայն ութսունն անց տարիքում է անցել վաստակած հանգստի։

Մաթեմատիկայից զատ նա մեծ հայրենասեր էր, ողջ գիտակցական կյանքում  ջանում էր օգտակար լինել Հայաստանին և հայկական մաթեմատիկայի զարգացմանը։ Դեռ խորհրդային տարիներին նա այցելում էր Հայաստան՝ Մաթեմատիկայի ինստիտուտ, կապեր հաստատում հայ մաթեմատիկոսների հետ, բայց նրա գործունեությունը բուռն զարգացում ստացավ անկախության տարիներին։

Դժվարին 1990-ականներին նա պայքարում էր Հայաստանում մաթեմատիկական հետազոտությունների պահպանման և շարունակականության համար։ Այդ տարիներին նա Մաթեմատիկայի ինստիտուտ բերեց առաջին անհատական ​​համակարգիչների բաղադրիչները և հավաքեց դրանք՝ այնուհետեւ եւս շարունակելով այդ գործը։

Հաճյանի նախաձեռնությամբ և սեփական միջոցներով 1998 թվականին հիմնադրվեց «Հետազոտական ​​մաթեմատիկա» հիմնադրամը, որը կարևոր դեր խաղաց երկրում մաթեմատիկական հետազոտությունների շարունակման գործում՝ կրթաթոշակներ տրամադրելով Մաթեմատիկայի ֆակուլտետի լավագույն ուսանողներին, վճարելով մաթեմատիկոսների գիտական ​​գործուղումները և արտասահմանյան մասնագետների ընդունելությունները, աջակցելով միջազգային գիտաժողովների կազմակերպմանը: Հիմնադրամի միջոցներով վերանորոգվեց ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը, բացվեց Մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին համակարգչային սենյակը։ Այսօր էլ հիմնադրամը գործում է՝ իր նշանակալի ավանդը բերելով Հայաստանում մաթեմատիկայի զարգացման գործին։

Նույնիսկ պատկառելի տարիքում Արշակ Հաճյանը պահպանել էր իր անսպառ եռանդը․ տարին մի քանի անգամ այցելում էր Երևան, մասնակցում գիտաժողովների և հետևում հիմնադրամի գործունեությանը։

Կարդացեք նաև

Back to top button