Ընտրություններ 2026ԿարևորՔաղաքական

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է միասնական օրակարգ մշակելու համար քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում իր աջակիցներին հայտարարել է, որ «օրենքով չարգելված բոլոր միջոցներով» պաշտպանելու է նրանց վստահության քվեն։

«Սա այժմ արդեն միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության խնդիրը չէ, սա Հայաստանի հետընտրական ամբողջ զարգացումների, մեր բոլորի խնդիրն է։ Մեր թիմն այսօր և առաջիկա օրերին ակտիվորեն աշխատելու է՝ համագործակցելով ընդդիմադիր մեր բոլոր գործընկերների հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Նա նշել է, որ ԲՀԿ-ն սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար։

Գագիկ Ծառուկյանը նշում է, որ ընտրություններին իրենց մասնակցության գլխավոր նպատակն էր՝ երկիրը հետ պահել հնարավոր վտանգավոր զարգացումներից,  ապահովագրել տնտեսական և քաղաքական տեսանելի վտանգներից։

«Մեր դեմ սանձազերծվեց տգեղ, հակաիրավական և հակաբարոյական արշավ. քրեական հետապնդումների ենթարկվեցին մեր բազմաթիվ համակիրներ և ակտիվիստներ, եղան կալանավորումներ՝ հորինված մեղադրանքներով։ Իշխող ուժը մեր դեմ վարեց վիրավորանքներով և զրպարտանքով լի գռեհիկ արշավ»,- ասել է ԲՀԿ առաջնորդը։

Նա նշել է, որ ընտրությունները «չեղարկվել են հենց այն տեղամասերում, որտեղ ԲՀԿ շատ քվե է ստացել»։

Back to top button