ԿարևորՄիջազգային

Դոնալդ Թրամփը չեղարկել է Իրանի ռմբակոծությունը և ակնարկել համաձայնագրի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է հինգշաբթի օրը նախատեսված հարվածները Իրանին։ Որպես պատճառ Սպիտակ տան ղեկավարը նշել է Թեհրանի հետ բարձր մակարդակի բանակցությունների հաջող ընթացքը՝ ակնարկելով մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին։

«Քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցությունները բարձրացվել են Իրանի ղեկավարության ամենաբարձր մակարդակներին և հաստատվել, ես՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ, չեղարկել եմ այսօր երեկոյան նախատեսված հարվածներն ու ռմբակոծությունները»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

Նրա խոսքով՝ ապագա համաձայնագրի հայեցակարգային դրույթներն ու մանրամասներն արդեն համաձայնեցված են բոլոր շահագրգիռ կողմերի միջև։ Գործընթացին ներգրավված են Միացյալ Նահանգները, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, Թուրքիան, Պակիստանը, Բահրեյնը, Քուվեյթը, Հորդանանը, Եգիպտոսը և այլ երկրներ։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ փաստաթղթի ստորագրման վայրն ու ժամկետը կհայտարարվեն շուտով, սակայն ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ մինչև համաձայնագրի վերջնական հաստատումը։

Այս հայտարարությունից ընդամենը ժամեր առաջ Թրամփը հանդես էր եկել խիստ ռազմաշունչ հռետորաբանությամբ՝ խոստանալով «չափազանց հզոր հարված» հասցնել Իրանին և իր վերահսկողության տակ վերցնել երկրի էներգետիկ ենթակառուցվածքները։

«Միացյալ Նահանգներն այս գիշեր շատ հզոր հարված կհասցնի Իրանին, որի ռազմածովային և ռազմաօդային ուժերը, ռադարները, ՀՕՊ համակարգերը և գրեթե բոլոր մյուս պաշտպանական ու հարձակողական միջոցներն արդեն իսկ զգալիորեն ոչնչացված են»,- նշել էր նա։

Թրամփը նաև հայտարարել էր Խարգ կղզու և նավթագազային այլ օբյեկտների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մտադրության մասին՝ համեմատելով դա Վենեսուելայում իրականացված քաղաքականության հետ, որը, ըստ նրա, «հիանալի արդյունքներ է տվել»։ Սակայն ավելի ուշ նախագահը մեղմացրել էր դիրքորոշումը՝ նշելով, որ չնայած Խարգ կղզու գրավման ռազմավարական ճշգրտությանը, վստահ չէ, որ ԱՄՆ-ն ունի դա անելու բավարար վճռականություն։

Ռազմական էսկալացիայի վերջին ալիքը սկսվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել էր Օմանի ծոցում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ նավի վրա իրականացված հարձակումը։ Ըստ ամերիկյան կողմի՝ Գվինեա-Բիսաուի դրոշի ներքո նավարկող «Ջալվիր» նավը խախտել էր Հորմուզի նեղուցում իրանական նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած շրջափակումը։

Կարդացեք նաև

Back to top button