ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Մաֆիա»՝ դատական համակարգում․ ՀՀ վարչապետը պատասխաններ է սպասում

Խորհրդարանական ընտրության նախնական արդյունքները առիթ են տվել դժգոհելու դատաիրավական համակարգից։ ՀՀ վարչապետը ճեպազրույցի ժամանակ իրավական լուծում է առաջարկել ընտրակաշառքի հետ կապված քրեական գործերի դերակատարների համար։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ընտրակաշառքի հետևանքները և պատիժները  պետք է զգալի լինեն մինչև հաջորդ ընտրություններ։ Այդ առիթով նա պարզելու հարցեր ունի նաև դատաիրավական համակարգի հետ։ Այն, ինչ կատարվում է այդ ոլորտում նա ձևակերպել է մեկ բառով՝ «մաֆիա»։

Ընտրություններից չորս օր հետո Հայաստանի վարչապետը հստակ ձևակերպեց իր դժգոհությունը դատաիրավական համակարգից և շատ ուղիղ սահմանեց սպասելիքները։ Փաշինյանի համոզմամբ՝ հենց դատաիրավական համակարգն է մեղավոր, որ վերահաշվարկի արդյունքում խորհրդարան կարող են անցնել այն երեք ընդդիմադիր ուժերը, որոնց դեմ էր նա հիմնականում պայքարում՝ նրանց հավաքական կերպով բնորոշելով «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։

«Ես վստահ եմ` առանց ընտրակաշառքի նրանցից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի։ Տեղի ունեցածի մեջ նաև դատաիրավական համակարգի պատասխանատվությունն է, որովհետև նախորդ ընտրություններում ընտրակաշառք տվածները ոչ միայն բանտում չեն, այլև այս պրոցեսում էլ շարունակել են իրենց գործունեությունը։ Դատաիրավական համակարգը պետք է հանրությանը պատասխաններ տա, և հանրությունը պետք է ստանա հստակ պատասխան՝ ինչո՞ւ է ֆինանսավորում ընդհանրապես դատաիրավական համակարգը, եթե հանցագործները շարունակում են փողոցներում ոչ միայն պտտվել, այլև իրենց հանցագործությունները շարունակել։ Ես այս հարցերի պատասխանները ստանալու եմ»։

 Փաշինյանն ասում է՝ հանրության հետ շփումներից եզրակացրել է՝ նրանց համբերությունն էլ չի հերիքում։

« Այդ դատական համակարգի մոտեցումը՝ «տերովին տերն է տարել, անտերին` գելը», ես չեմ թույլ տալու այդպիսի բան։ Ես ասում եմ` թող բոլորը իրենց հաշիվ տան ինչով են զբաղված։ Բոլոր կաշառակեր դատավորները հատ–հատ բռնվելու են և դատվելու են։  Անունները ըստ քրեական գործերի կհրապարակվեն, երբ  լինեն այդպիսի գործեր»։  

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական և ընտրական շրջանում ընտրական կոռուպցիայի, այդ թվում՝ ընտրակաշառքի դեպքերով հարուցվել է 115 քրեական վարույթ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ այս վարույթները հարուցվել են 2026 թվականի փետրվարի 7-ից  հունիսի 9-ը։ Հարուցված 115 քրեական վարույթների զգալի մասն առնչվում է ընտրություններին մասնակցած հետևյալ ուժերին. «Ուժեղ Հայաստան» դաշինք` 77, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 24 վարույթ, «Հայաստան» դաշինք` 11 վարույթ։

61 քրեական վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 242 անձի նկատմամբ, 52 անձ  կալանքի տակ է։ Այս պահի դրությամբ 14 քրեական գործ 54 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ արդեն ավարտվել է և պատրաստ է դատարան ուղարկվելուն։

Կոնկրետ քրեական գործով կոնկրետ մեղադրանք հնչեցրեց Փաշինյանը․

«Ի՞նչ է նշանակում՝ բռնել, արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով։ Որևէ մեկը ուզում է ասել, որ որևէ մեկը Գագիկ Ծառուկյանին ձրի արդարացրե՞լ է։ Սա ընդհանրապես ի՞նչ ձև է։ Ես համակարգին եմ մեղադրում կոռումպացված լինելու մեջ։ Այո, կոռումպացվածները ցանկացած հարց այսօր կարող են լուծեն դատական համակարգում, ցանկացած հարց»։

Այս տարվա մարտի 11–ին հակակոռուպցիոն դատարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց ընտրակաշառքի գործով։ Դեռևս 2023-ից ԲՀԿ առաջնորդը մեղադրվում էր 2017  -ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր կուսակցության օգտին 90 միլիոն դրամ ընտրակաշառք տալու համար։ Գործը քննում էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։

Վերջինս հայտնի է մի շարք աղմկահարույց քրեական գործերով։ Նրա վարույթում են մի շարք նախկին պաշտոնյաների և նրանց հարազատների գործեր, մասնավորապես՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ կապված վարույթները։ Այս նախընտրական շրջանում նա նաև երկամսյա կալանքի որոշում կայացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանին՝ Կանազին առնչվող գործով։

Ի դեպ, այս ընտրություններում արձանագրված ընտրակաշառքի դեպքերի իրավական հետևանքները պետք է լինեն շատ խիստ՝ համոզված է վարչապետը։ Նա խոսում է դատաիրավական համակարգում իր իսկ ձևակերպմամբ մաֆիայի մասին։

«Այս ընտրություններում ընտրակաշառքի մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփելը պետք է բանտում լինի, սա շատ հստակ է։ Որևէ մեկը, որ բռնվել է, 2031 թվականի ընտրությունների պաշտոնական ամփոփման օրը պիտի լինի բանտում։ Եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ ու Հայաստանի Հանրապետությունը պիտի միջոցներ ձեռնարկի այդ մաֆիան արմատախիլ անելու ուղղությամբ, պիտի պատասխան տան»։  

Այս հայտարարությունների ֆոնին մամուլում համառորեն շրջանառվում է մի տեղեկություն, համաձայն որի՝ հենց ՔՊ–ն «ստվերային» բանակցությունների մեջ է ԲՀԿ առաջնորդի հետ,  խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ապահովելու համար պակասող ձայները նրանց միջոցով լրացնելու շուրջ։ Ըստ լուրերի՝ կա այսպես ասած հաշվարկ, թե  ԲՀԿ-ի համաձայնության դեպքում վերահաշվարկի միջոցով կապահովվեր «Բարգավաճ Հայաստան»–ի մուտքը խորհրդարան։ Թեև սա ասեկոսեների մակարդակում է, բայց վարչապետ Փաշինյանն արձագանքում է․

«Ընդհանրապես, որ ասում են` առաջարկել են գործարք, թող ասեն` ո՞վ ո՞ւմ։ Գագիկ Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկեինք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Այդ ինչի՞ մասին է խոսքը»։

ԲՀԿ առաջնորդին առնչվող խոսակցությունները կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը մեծ հաշվով չի ցանկանում մեկնաբանել՝ ընդգծելով, որ ձևավորվել է անառողջ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ասել կամ գրել ինչ ցանկանում է՝ առանց պատասխանատվության։

Այս պահի դրությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական նոր գործ է հարուցվել, որը վերաբերում է վառելիքի ներմուծման ոլորտում ենթադրյալ հարկերը թաքցնելուն՝ տեղեկացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Թեև այս գործը նախկինում է բացահայտվել, բայց քրեական հետապնդման որոշումը կայացվել է ընտրություններից անմիջապես հետո։ Շատերն այս պահին հիշում են նաև քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ընդդիմադիր երեք կուսակցությունների ղեկավարներին «բանտ նստեցնելու» մասին։ ՊԵԿ նախագահը հորդորում է տնտեսական հանցագործությունները չկապել քաղաքական իրադարձությունների հետ, նաև վարչապետի հայտարարությունները չի ընկալում որպես ուղղորդում․

«Հանրապետության վարչապետը երբ ինչ–որ հայտարարություններ անում է, ակնհայտ է, որ գիտի որոշ գործեր, որոնք կարող են նման արդյունքի հանգեցնել։ Չեմ կարծում՝ զուգադիպություն կա։ Ցանկացած քրեական գործ, իհարկե, մեր Քննչական կոմիտեի գործընկերները ավելի մանրամասն կմեկնաբանեն, որովհետև իրենց տիրույթում է այս պահին հարցը, ՊԵԿ–ից վաղուց է դուրս եկել այդ աշխատանքը և բնական է, որ որոշակի հասունության ժամանակ լինում են նաև նմանատիպ գործողություններ»։

ՊԵԿ նախագահի տեղեկություններով՝ այս գործը միակը չէ, որ առնչվում է Գագիկ Ծառուկյանին։ Տարբեր գործեր և իր հետ փոխկապակցված տարբեր բիզնեսների գործեր կան, ասում է Էդուարդ Հակոբյանը՝ հավելելով, որ դրանց ընթացքը ապագան ցույց կտա։

Կարդացեք նաև

Back to top button