
4 հայ և 4 արտասահմանցի կինոռեժիսորներ Հայաստանում համատեղ 4 կարճամետրաժ ֆիլմեր կնկարահանեն ու կներկայացնեն Կաննի փառատոնին։ 2027 թվականին Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակում Հայաստանը հանդես կգա հրավիրված երկրի կարգավիճակով։
Հայկական կինոն միջազգային հեղինակավոր հարթակներում ներկայացնելու և նոր տաղանդներին աշխարհին ճանաչելի դարձնելու աննախադեպ հնարավորություն։ 2027 թվականին Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակում Հայաստանը հանդես է գալու հատուկ՝ «հրավիրված երկիր» կարգավիճակով։ Սա նշանակում է լայնածավալ գործակցություն կինոաշխարհի ամենաազդեցիկ հարթակներից մեկին՝ «Կաննի քննադատների շաբաթ» (Critics’ Week) ծրագրին։ Այն արդեն մի քանի տասնամյակ համաշխարհային կինոյում նոր անուններ է բացահայտում։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ասում է, որ այս հրավերը Հայաստանի համար ավելին է, քան մշակութային գործակցությունը։

«Սա բացառիկ հնարավորություն է մեր կինոարտադրության համար։ Մենք գործակցում ենք «Կաննի քննադատների շաբաթվա», մասնավորապես՝ դեբյուտանտների բացահայտմամբ զբաղվող Next Step ստուդիայի հետ։ Նախագծի էությունն այն է, որ տարբեր երկրների սկսնակ ռեժիսորներ իրենց առաջին կարճամետրաժ ֆիլմերը նկարահանելու են զույգերով՝ մեկ սկսնակ ռեժիսոր Հայաստանից և մեկ արդեն փորձառու ռեժիսոր, որը նախկինում անցել է այս ծրագրով։ Այդպես կունենանք չորս ֆիլմ, որոնք պարտադիր պետք է նկարահանվեն հենց Հայաստանում»։
Հայաստանի կինոգործիչների միությունը արդեն բաց մրցույթ է հայտարարել, որին կարող են մասնակցել հայաստանյան կինոռեժիսորներն իրենց նախագծերով։ Թեմատիկ սահմանափակումներ չկան, սակայն կան հստակ ու պարտադիր պայմաններ․ մասնակիցները պետք է փայլուն տիրապետեն անգլերենին, իսկ նախագծերը պետք է արծարծեն համամարդկային թեմաներ, որ հասկանալի ու հոգեհարազատ լինեն նաև այլ երկրների հանդիսատեսին։
Ընտրությունը լինելու է երկփուլ։ Հայաստանում նախնական ընտրությունից հետո վերջնական որոշումը կընդունեն միջազգային գործընկերների հետ։
«Մենք կազմելու ենք նախնական shortlist-ը, իսկ մոտ երեք շաբաթից Հայաստան կժամանի Կաննի «Քննադատների շաբաթվա» պատվիրակությունը։ Նրանց հետ մենք կընտրենք այն չորս ռեժիսորներին, որոնք կստանան ֆիլմեր նկարահանելու հնարավորություն։ Ողջ նախագիծն իրականացվում է պետական ֆինանսավորմամբ և ներառում է չորս կարևորագույն բաղադրիչ՝ պետական աջակցություն, նոր տաղանդների բացահայտում, միջազգային գործակցություն և կրթական լուրջ բաղադրիչ, քանի որ մեր երիտասարդները աշխատելու են համաշխարհային մակարդակի փորձառու մասնագետների հետ»։
Սակայն գործակցությունը միայն կարճամետրաժ ֆիլմերով չի սահմանափակվելու։ Ծրագրի հեռանկարները շատ ավելի մեծ են․ հաջորդ փուլերում Next Step ստուդիան աջակցելու է, որ այս նախագծերը վերածվեն լիամետրաժ ֆիլմերի։
«Կաննի այս ծրագրին մասնակցությունը հայ ռեժիսորների համար բացում է ուղիղ և երաշխավորված ճանապարհ դեպի աշխարհի մյուս խոշորագույն կինոստուգատեսները, ինչպիսիք են Բեռլինի և Վենետիկի միջազգային կինոփառատոնները» ։
Ի դեպ, այս տարի Կաննի 79-րդ կինոփառատոնի «Կանն կլասիկ» դասական ֆիլմերի շարքում արդեն իսկ ցուցադրվել է Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ։ Իսկ ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Սիմոն Աբգարյանի մասնակցությամբ «Շառլ դը Գոլ» կենսագրական կինոնկարն արժանացել է բարձր ընդունելության։ Այն առաջիկայում կցուցադրվի նաև երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնում։




