ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Շնորհավորանքների «թաքնված» ուղերձները․ ով ինչ է ակնարկել

Հայաստանում կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, կեսգիշերից սկսել է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ընտրական օրը դեռ չամփոփած՝ վարչապետն արդեն հեռախոսազրույց էր ունեցել իր երկու գործընկերների հետ։ Մյուս առաջնորդները նախընտրել են հիմնականում սոցցանցային ձևաչափը։ Իշխող թիմին ուղղված շնորհավորանքների ամենամեծ փաթեթը ԵՄ երկրներից և կառույցներից է։ Փոքր-ինչ այլ տոնայնությամբ է ռուսական կողմի արձագանքը։

Ֆրանսիայի նախագահը և Վրաստանի վարչապետը, չսպասելով ընտրությունների նախնական արդյունքների հրապարակմանը, կեսգիշերին մոտ արդեն հեռախոսով զրուցել են Հայաստանի վարչապետի հետ։ Ոչ պաշտոնական զրույցների փաստը Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ օտարեկրյա լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս։ 

X-ի միկրոբլոգում արած գրառմամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը ընտրություններում համոզիչ է անվանել և  ակնարկել համագործակցության շարունակության մասին։

«Ես ուրախ եմ շարունակելու Ձեզ հետ աշխատանքը, ամրապնդելու մեր ժողովուրդների օգտին սկսված  համագործակցությունը, սատարելու խաղաղությունն ու Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև  աջակցելու Եվրոպայի հետ մերձեցմանը»,-գրել էր Մակրոնը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնպես խոսել է համագործակցության մասին։

«Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար՝  ի բարգավաճում մեր ազգերի»։  

Վրաստանից ազդակներ են փոխանցել նաև այլ քաղաքական գործիչներ։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի համար չափազանց կարևոր են տարածաշրջանում ստեղծված նոր դինամիկան, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հասնելու ուղին, բաց սահմաններն ու երկու երկրների միջև շարունակվող երկխոսությունը:

«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են մեզ համար, և Վրաստանը չի կարող դրանք միայնակ ապահովել։ Կարևոր է, որ տարածաշրջանում բոլորը հանձնառու լինեն դրան։ Նիկոլ Փաշինյանը խոստացավ հենց սա՝ ապահովել խաղաղություն և կայունություն Հայաստանի համար, ինչը, վերջին հաշվով, նշանակում է խաղաղություն և կայունություն ամբողջ տարածաշրջանի համար։ Սա, իր հերթին, օգուտ կբերի տարածաշրջանի յուրաքանչյուր պետությանն ու ազգին»։

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես անդրադարձել է հայաստանյան ընտրություններին՝ գրելով, որ Հայաստանն ամուր ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի։

Հունիսի 8-ի առավոտը սկսվեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորանքով։ Հղում անելով միջազգային դիտորդների մեծ մասի նախնական գնահատումներին՝  Տոկաևը Փաշինյանին շնորհավորել է բաց և քաղաքացիների կամքը արտահայտելու համար բավարար պայմաններով ընտրություններում հաղթանակի համար։ Ղազախստանի նախագահը Հայաստանի վարչապետին մաղթել է շարունակական հաջողություններ աշխատանքում՝ Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերին համապատասխան և նշել է, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը հստակ ուղի է նախանշում․

«Փաստը, որ երրորդ անգամ անընդմեջ մենք կարողանում ենք միանձնյա ձևավորել կառավարող մեծամասնություն, իհարկե, շատ խոսուն է և մյուս կողմից, իհարկե, շատ պատասխանատու և շատ պարտավորեցնող։ Մեզ համար պատիվ է ստանձնել այդ պարտավորությունը ՀՀ քաղաքացիներից և ինչպես նախկինում, այսուհետ ևս մենք ամեն ինչ անելու ենք, որ մեզ վստահված կառավարումը իրականացնենք և մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալու շարունակել կառավարության քաղաքականությունը, և սա, իհարկե, նաև վերաբերում է արտաքին հարաբերությունների ոլորտին»։  

Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, վստահություն է հայտնել, որ առաջիկայում, օրինակ, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում կլինի։

Իշխող թիմին ուղղված շնորհավորանքների ամենամեծ փաթեթը, թերևս, ԵՄ երկրներից էր և ԵՄ կառույցներից։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, շնորհավորելով հաղթանակի կապակցությամբ, X-ի իր միկրոբլոգում նկատել է, որ թավշյա հեղափոխության ոգին կենդանի է։

«Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»։

Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար համար՝ ընդգծել է Եվրոպայի խորհրդի նախագահ Անոտոնիու Կոշտան։ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում նա գրել է․

«Դուք կարող եք հպարտանալ ձեր դերով Հայաստանի դիմադրողականության, կայունության և բարգավաճման ամրապնդման գործում։ ԵՄ-ն և Հայաստանը միասին կառուցում են ավելի ամուր կապեր մարդկանց միջև և ստեղծում նոր հնարավորություններ էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում։ Մեր ամուր գործընկերությունը ներդրում է ամբողջ տարածաշրջանի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայում»։

Նորացված տեմպով ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ընթացքը շարունակելու պատրաստակամության վրա է շեշտը դրել նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Հայաստանյան ընտրությունները նաև ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսի ուշադրության կենտրոնում էին։ Շնորհավորանքից բացի նրա գրառման մեջ կար հետևյալ ուղերձը․

«Ռուսաստանի կողմից հեռուն գնացող հարկադրանքի և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը հանուն ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստանի։ Ես հնարավորինս շուտ կժամանեմ Հայաստան. Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ անսասան է»։

Անգամ այս պայմաններում Հայաստանի վարչապետը չի շտապում հստակ ժամկետներով խոսել ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին։ Շեշտում է ԵՄ չափորոշիչներին համապատասխանելու կարևորությունը, ակնարկում  նաև, որ այդ քայլն ունի քաղաքական բազմաթիվ նրբություններ։

Եվրոպական ուղերձների ֆոնին այլ տոնայնությամբ է Ռուսաստանի արձագանքը Հայաստանի ընտրություններին։ Կրեմլը ձեռնպահ է մնում գնահատականներից մինչև վերջնական արդյունքների հրապարակումը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին։ Մինչև այդ ուշադիր հետևում ենք այս ընտրությունների շուրջ ի հայտ եկող բոլոր հաղորդագրություններին։ Գրանցում ենք նաև այս ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրությունները»։

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, սակայն, շտապել է հայտարարել, որ Հայաստանում ընտրությունները տեղի են ունեցել ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի միջամտության պայմաններում։

Նա նշել է, որ Ռուսաստանը մտադիր է ձևավորել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ հիմնվելով Հայաստանի ղեկավարության իրական գործողությունների վրա։

Իրական քայլերի մասին խոսել է նաև Հայաստանի վարչապետը օտարերկրյա լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս․ «Մենք կշարունակենք ԵՄ հետ մերձեցման ընթացքը, բայց նաև կշարունակենք մեր մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, կզարգացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների հետ, և, իհարկե, կնպաստենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կապերի ամրապնդմանը»:

Նիկոլ Փաշինյանը նաև պատասխանել է, թե ինչով է պայմանավորված ընտրություններից հետո առաջինը Մոսկվա այցելելը։

«Նախ առաջին, երկրորդի հարց չէ։ Մոսկվա էլ եմ մեկնելու, Վաշինգտոն էլ եմ մեկնելու, Բրյուսել էլ եմ մեկնելու, Փարիզ էլ եմ մեկնելու, Թբիլիսի էլ եմ մեկնելու։ Ասել եմ նաև, որ հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին Բաքվում, և մենք պատրաստվում ենք լիարժեք մեր միջազգային հարաբերությունները զարգացնել»։

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Հայաստանի վարչապետին առաջինը շնորհավորած գործիչների շարքում են նաև Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Արտաքին միջամտությունների առումով Հայաստանի ընտրական պրոցեսները մշտապես համեմատվել են Մոլդովայի վերջին ընտրությունների հետ։ Փաշինյանին ուղղված շնորհավորական խոսքում Մոլդովայի նախագահն ընդգծել է, որ երկու երկրները կիսում են Եվրոպայում խաղաղության և կայունության հանձնառությունը, և նշել, որ անհամբեր սպասում է երկխոսության խորացմանն առաջիկա տարիներին։

Կարդացեք նաև

Back to top button