ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներՏեսանյութեր

Իրանը և Իսրայելը հրթիռակոծել են միմյանց

Իրավիճակը Մերձավոր Արևելքում վերստին սրվել է

Հրթիռները ոռնոցով անցնում են քաղաքի վրայով և ուղևորվում դեպի թիրախը: Փողոցներում ցնծություն է, ամեն արձակում ուղեկցվում է ուրախության ճիչերով և աղոթքներով: Իրանական այդ հրթիռները պետք է հասնեն ոխերիմ թշնամու երկիր՝ Իսրայել:   

Մարդիկ ոգևորված են, որովհետև ամեն արձակում իրենց համար արդարացի ցասման և վրեժխնդրության խորհրդանիշ Է: Մինչև այդ գրոհը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութն է դարձել իսրայելյան հարվածների թիրախը, և Թեհրանը սպառնացել է պատասխան տալ: Դրանից հետո էլ Իսրայելն է հարվածել Իրանին:

Լուրը հաստատել է Իրանի պետական հեռուստատեսության հաղորդավարը:

«Պայթյուններ են որոտացել Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, մայրաքաղաքում առնվազն երկու պայթյուն էր»,- տեղեկացրել է հաղորդավարը:

Այս փոխադարձ գրոհներից հետո Մերձավոր Արևելքի առճակատումը կարող են վերաճել տարածաշրջանային լայնածավալ պատերազմի:

Ամենախոշոր միջադեպը հրադադարի հաստատումից ի վեր

Զինվորականները խաղաղ բնակիչներին կարգադրել են թաքնվել ռմբապաստարաններում, որոշ ժամանակ անց հայտեն են, թե նրանք  կարող են դուրս գալ, սակայն պետք է գտնվեն ապաստարաններից ոչ հեռու:

Սա ամենախոշոր միջադեպն է ապրիլին հրադադար հայտարարելուց հետո: Իրանը պնդել է, թե չի հանդուրժի Բեյրութի ռմբահարումները: Լիբանանի մայրաքաղաքում և հարավային շրջաններում են տեղակայված Իսրայելի գոյությունը մերժող «Հըզբոլլահ»-ի ջոկատները, որոնց գաղափարական, ռազմական և ֆինանսական առանցքային հովանավորը Թեհրանն է:

Իրանի պետական հեռուստաընկերության հաղորդավարն ընթերցել է Իսլամական հեղափոխության պահապանների գվարդիայի արտաքին հարաբերությունների բաժնի հայտարարությունը:

Ըստ Թեհրանի, պատասխանատուն Վաշինգտոնն է

«Ի պատասխան Լիբանանի հարավում սիոնիստական ​​ռեժիմի լայնածավալ հանցագործություններին, այդ թվում՝ Տյուրոսին, Նաբաթիեին և այլ շրջաններին հասցված հարվածներին, զանգվածային սպանություններին Գվարդիայի օդատիեզերական ուժերը հատուկ պատժիչ գործողություն են իրականացրել»,- ասվում Է Գվարդիայի հաղորդագրությունում:

Թեհրանը համոզված է, որ իսրայելցիների գրոհները կազմակերպել է Վաշինգտոնը: Այդ մասին ասել է Իրանի արտաքին գերատեսչության խոսնակ Էսմայիլ Բաղային:

«Պատասխանատվությունն Ամերիկան է կրում, ոչ ոք չի հավատա, թե Իսրայելն ինքնուրույն է ծրագրել հարձակումները»,- ասսել է ԱԳՆ խոսնակը:

Իսրայելի հիվանդանոցների բուժառուներին շտապ տեղափոխել են նկուղներ:

Իսրայելը պնդում է, թե վնասազերծել է իրանական հրթիռները

Իսրայելի բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինն ուղերձով դիմել է հանրությանը: նա նշել է, որ Իրանը կոպիտ սխալ է կատարել, վերստին ընտրելով պատերազմի ուղին: Իսրայելը հայտնել է, որ ՀՕՊ-ը վնասազերծվել է իրանական հրթիռները:

«Քիչ առաջ Իրանի ահաբեկչական պետությունը հրթիռներ է արձակել Իսրայելի վրա: Մենք դրան պատրաստ էինք: Մեր պաշտպանությունն աշխատում է: ՀՕՊ համակարգերը տեղակայված են երկրի ամբողջ տարածքում: Գլխավոր շտաբը հետագա քայլերն է մշակում»,- ասել է իսրայելցի բարձրաստիճան զինվորականը:

Բրիգադի գեներալի փոխանցմամբ, Իսրայելը կշարունակի ոչնչացնել Լիբանանի տարածքում ապաստանած ահաբեկիչներին:

Կարդացեք նաև

Back to top button