
Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելության 23 անդամները ընտրությունների ժամանակ եղել են 107 ընտրատեղամասերում և արձանագրել, որ, չնայած արտաքին միջամտության փորձերին, ընտրությունները արդար են եղել։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ 17 երկրների մի քանի տասնյակ դիտորդները ևս ամփոփել են քարոզարշավի ընթացքն ու ընտրություններ։ Նրանք նախնական զեկույցում արձանագրել են, որ ընտրողները ոգևորված էին գնում ընտրատեղամասեր։ Բայց նաև խուսափել են հայտարարելուց, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի են ունեցել եվրոպական չափանիշներին համապատասխան՝ թողնելով այդ «վճիռը» ՀՀ ժողովրդին։
Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդները փաստում են, որ քարոզարշավի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու արտաքին միջամտության փորձեր են նկատել։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Պետեր Ռոսկամն ասաց, որ իրենց դիտորդները ընտրախախտումներ չեն տեսել․
«Մեր առաքելությունը չի դիտարկել համակարգային խախտումներ, մեր գնահատմամբ՝ քվեարկությունը և հաշվարկը ընդհանուր առմամբ անցկացվել է վստահելի կերպով։ Քվեարկությունը և հաշվարկը ընդհանուր առմամբ կարգապահ և խաղաղ է եղել ՝ սահմանված ընթացակարգերի համաձայն։ Տեղական ու միջազգային դիտորդները լայն ներգրավվածություն ունեին։ Ընտրությունը տեղի է ունեցել մի միջավայրում, որտեղ աճում էր բևեռացումը, կային անվտանգային մտահոգություններ, և բանավեճ էր ընթանում Հայաստանի արտաքին կողմնորոշման վերաբերյալ»։
Ժողովրդավարության ազգային հիմնադրամի խորհրդի նախագահ Ստեֆան Նիքսը խոսեց ՌԴ–ի սպառնալիքների և ընտրություններին միջամտելու փորձերի մասին․
«Մեր առաքելությունը դիտարկել է Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի հետ կապված դերակատարների կողմից ընտրական միջավայրի միջամտության շարունակական ջանքեր։ Սա ներառում էր ընտրողների բիզնեսների և քաղաքական դերակատարների նկատմամբ ճնշումների կիրառումը և հատկապես Հայաստանում խաղաղության գործընթացների մասին մոլորեցնող և կեղծ ահագնացող պատմությունները»։
Նկատվել են նաև ֆիշինգային հարձակման փորձեր սոցցանցերում՝ նշեցին միջազգային դիտորդները։ Նրանք Հայաստանի իշխանություններին հորորեցին բացահայտելու արտաքին ու անդրսահմանային միջամտությունը ընտրական գործընթացներին, ինչպես նաև բացահայտելու արձանագրված ընտրախախտումները։
Ընտրություններից գոհ էին նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ (ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի) դիտորդներն ու ԵԽԽՎ պատվիարակները։ Եվրոպական տասնյակ երկրներից բազմաթիվ դիտորդները նշեցին, որ ընտրողները ոգևորված էին այցելում ընտրատեղամասեր՝ կատարելու իրենց ընտրությունը։ Նրանք նաև հայտնեցին, որ արտաքին միջամտության փորձեր են արձանագրել։
ԵԽԽՎ ընտրական դիտորդական խմբի անունից ներկայացավ Նատալի Լուազոն․
«Մենք տեսանք որ վնասակար և չարակամ միջազգային միջամտության փորձեր։ Նրանք փորձում էին շեղել դեմոկրատական գործընթացների առաջընթացը տարբեր գործիքների կիրառությամբ, այդ թվում ՝ կիբերահարձակումների և ապատեղեկատվության արշավների միջոցով, և մենք իհարկե դատապարտում ենք այս բացահայտ միջամտությունը Հայաստանի Հանրապետության ներքին հարցերին»։
ԵԱՀԿ հատուկ կոորդինատոր Ֆարահ Քարիմին հայտարարեց, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, սակայն քարոզարշավը խիստ բևեռացված էր և աչքի էր ընկնում սադրիչ հռետորաբանությամբ, այդ թվում՝ պատերազմի թեմային առնչվող ուղերձներով։
ԵԱՀԿ հատուկ կոորդինատորն ասաց, որ քարոզարշավը ընթացել է ընտրակաշառքի ու այլ ընտրական խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, ինչը հանգեցրել է ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական գործերի հարուցման։ Դրա պատճառով ընդդիմության բազմաթիվ կողմնակիցներ չեն կարողացել ակտիվ մասնակցել քարոզարշավին ։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչն էլ նշեց, որ արտաքին միջամտության փորձերի վերաբերյալ տարբեր դիտարկումներ ունի․
«Մի կողմից դիտարկել ենք արտաքին ճնշում և արտաքին միջամտություն․ սրանք երկու տարբեր բաներ են։ Ինչ վերաբերում է արտաքին ճնշմանը, կարող եմ ասել, որ մենք նկատել ենք առևտրի սահմանափակման քայլեր հատկապես ՌԴ կողմից։ Նախքան քարոզարշավի մեկնարկը, բավականին ահագնացող կերպով, սա պետք է անպայման շեշտել, և սա ուղեկցվել է տարբեր պաշտոնյաների կողմից, ռուսական պաշտոնների կողմից ելույթներով, որոնք վտանգի տակ են դնում և սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը ինչ-որ կոնկրետ արդյունքներ չապահովելու պարագայում, մյուս կողմից մենք գրանցել ենք նաև բարձր մակարդակի այցեր և ներգրավում ինչպես ԵՄ պաշտոնյաների, այնպես էլ Միացյալ Նահանգների տարբեր պաշտոնյաների կողմից»։
Միջազգային դիտորդները դեռ կմնան Հայաստանում՝ դիտարկելու նաև հետընտրական գործընթացները և մի քանի ամիս անց նաև վերջնական զեկույց կհրապարակեն։




