
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ վերջին չորս տարիների ընթացքում Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց է արձանագրվել։ Նա այդ մասին ասել է Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է նույն հունով և Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։ Վերջին չորս տարիների ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել։ Մեր կարծիքով՝ Հարավային Կովկասի համար հիմնական հնարավորությունն ու նպատակը հետևյալն է․ խաղաղության հիմքերի ամրապնդմանը զուգընթաց տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նախագծերը ավելի նշանակալի արդյունքներ կտան։ Տրանսպորտային ենթակառուցվածքների ամրապնդմանը զուգընթաց, իր հերթին, կամրապնդվի նաև խաղաղության սոցիալ-տնտեսական հիմքը»,- հայտարարել է Ֆիդանը։
Նա նշել է, որ «այդ հայեցակարգի ամենահուսադրող հաստատումը տեսանելի է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում»։
«Կողմերի կամքը մեր տարածաշրջանի համար բացել է կոնկրետ հնարավորություն։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և հույս ունենք, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի առանց հապաղման։ Մենք նաև հույս ունենք, որ Ադրբեջանի օրինական մտահոգությունները հաշվի կառնվեն, և խաղաղության համաձայնագիրը կստորագրվի առանց ուշացման»,- ասել է նա։
Նա նաև հավելել է, որ նիստի ընթացքում «այսօր երեք երկրները վերահաստատել են կովկասյան տարածաշրջանի ապագայի վերաբերյալ իրենց ընդհանուր կամքը»։
«Վերահաստատել են փոխադարձ վստահությունն ու ընդհանուր տեսլականը։ Որքան ամուր լինի համագործակցությունը մեր երկրների միջև, այնքան ավելի անվտանգ և կայուն կդառնա Հարավային Կովկասը»,- ասել է նա։
Ֆիդանի խոսքով՝ երեք երկրները «տարածաշրջանն ավելի դիմակայուն են դարձրել էներգետիկ ոլորտում գլոբալ մարտահրավերների նկատմամբ»։
«Մեր հաջորդ նպատակը էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների համատեքստում ավելի ինտեգրված տարածաշրջան կառուցելն է։ Այս ինտեգրումը նաև ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի և Ասիայի միջև ավելի անվտանգ, արագ և կանխատեսելի լոգիստիկայի ապահովման համար»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։




