Եթե ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքներում վերահաշվարկից հետո էական փոփոխություններ չլինեն, ապա արդեն հիմա կարելի է պատկերացնել նոր խորհրդարանի մոտավոր կազմը։ Իհարկե, խորհրդարանական պաշտոնների բաշխումը հետագայում ուղիղ ընտրությունների և Դոնթի բանաձևի կիրառմամբ է կազմակերպվելու։ Ընտրությունների նախնական արդյունքներով՝ կառավարող ուժը նոր խորհրդարանում պահպանելու է մեծամասնությունը, բայց մի քանի մանդատ պակաս է ունենալու, քան գործող խորհրդարանում։ Սա որոշակի սահմանափակումներ է առաջ բերում մեծամասնության աշխատանքում։ Նշենք, որ ստացված պատկերը խիստ նախնական է, քանի որ ձայների վերահաշվարկ դեռ չի կատարվել։
Ընտրությունների նախնական արդյունքի և օրենսդրական բարդ բանաձևերի կիրառման հիմքով հաշվարկը հետևյալ պատկերն է տալիս․ նոր խորհրդարանը բաղկացած կլինի 105 պատգամավորից և երեք խմբակցությունից։ Նախնական արդյունքներով՝ մեկ կուսակցություն և երկու դաշինք են հաղթահարել խորհրդարանում ներկայացված լինելու անհրաժեշտ շեմը՝ «Քաղաքացիական պայմանագիր»- ը, «Ուժեղ Հայաստան»- ը և «Հայաստան»- ը։ Այս պատկերը դեռ կարող է փոխվել, քանի որ քաղաքական ուժերին ժամանակ է տրվում մինչև հունիսի 9–ը վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար։ Եթե այդպիսիք լինեն, հունիսի 9–ի կեսօրից կսկսվի վերահաշվարկը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ներկայացմամբ՝ վերահաշվարկի գործոնը դեռ կարող է փոփոխություն մտցնել նախնական պատկերի մեջ։
«Մանդատի հաշվարկը ասեմ․շեմը հաղթահարած քաղաքական ուժերի կողմ ձայները բազմապատկվում են 101-ով և ստացված թիվը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող քաղաքական ուժերի «կողմ» ձայների հանրագումարի վրա։ Հիմա, երբ մենք այս ճշգրիտ թվերը չունենք, ավելին՝ մենք չունենք պատկերը․ ի վերջո չո՞րս քաղաքական ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե՞ երեք։ Այստեղ ընդհանուր «կողմ» ձայների պատկերը այս հանգամանքով կարող է փոխվել»,- ասում է նա։
ԿԸՀ նախագահը ասածը հիմնավորում է նրանով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մոտ է անհրաժեշտ 4 % շեմի հաղթահարմանը։ Վահագն Հովակիմյանը, սակայն, վերահաշվարկից հետո էական փոփոխություններ չի կանխատեսում։
«Որ ասեմ ընտրախախտում, որը արդյունքների վրա կազդի, նման խախտում չի եղել»,- շեշտում է Վահագն Հովակիմյանը։
Եթե վերահաշվարկից հետո ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքները չփոխվեն, ապա ԱԺ մանդատները տեսականորեն կբաշվխեն հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։
Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կարող է ձևավել կառավարություն և ընտրել վարչապետ։ Միաժամանակ, այդ արդյունքն ապահովում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 3/5- ի մեծամասնությունը, ինչը հնարավորություն է տալիս ընդունելու սահմանադրական օրենքներ և ընտրելու մի շարք կարևոր պաշտոնատար անձանց, օրինակ՝ Սահամանադրական և Վճռաբեկ դատարանի դատավորների, Գլխավոր դատախազի, ՄԻՊ- ի և այլ անկախ հանձնաժողովների պաշտոնյաների։
Սակայն այն չի ապահովում պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի աջակցությունը, հետևաբար չունի Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը։ Այսինքն՝ ՔՊ-ն չի ստանում այնքան մանդատ, որպեսզի կարողանա պաշտոնանակ անել հանրապետության նախագահին կամ հանրաքվեի դնել Սահմանադրության փոփոխությունը։
Այս շեմն ունենալու համար խորհրդարանական մեծամասնությանը պակասում է 6 ձայն։
Ըստ վերլուծաբանների՝ հենց այստեղ է, որ խորհրդարան անցած ընդդիմադիր քաղաքական ուժերը լուրջ փորձություն են անցնելու, և ստուգվելու է ընդդիմադիր թիմերի ու կուսակցականների ամրությունը։
Իրավունքի և քաղաքական համակարգի մասնագետները հիշեցնում են տարբեր օրինակներ, երբ կառավարող ուժը աջակցություն է ստացել ոչ թե ընդդիմադիր թիմից, այլ անհատներից։ Այլ կերպ ասած՝ խնդիրն այն է, թե հետագայում այդ նույն մանդատներն ու քվեները որքանով են պահպանելու իրենց քաղաքական պատկանելությունն ու դիրքորոշումը։
Ահա այս խառը հաշվարկային մեխանիզմի պատճառով է, որ շարքային ընտրողները լավ չեն պատկերացնում թվերի տատանումները, և առաջ է գալիս ձայների «փոշիացման» խոսույթը։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը վստահեցնում է, որ ոչ մի ընտրողի ձայն չի փոշիացվում, առավել ևս՝ խորհրդարան անցնելու շեմը չհաղթահարած ուժերին տրված ձայները չեն բաշխվում շեմը հաղթահարած ուժերի միջև։
«Չկա նման բան, և այդ «փոշիացվում է» տերմինը պետք է ուղղակի դուրս հանենք մեր մտածողությունից։ Արգելապատնեշը չհաղթահարած կուսակցությունների ոչ մի ձայն չի տրվում մեկ ուրիշին»,- ասում է ԿԸՀ քարտուղարը։
Ի դեպ, շատերը չգիտեն, որ կուսակցությունները պայքարում են ոչ միայն խորհրդարանում տեղեր զբաղեցնելու համար։ Ընտրողների ձայների քանակից է կախված նաև նրանց պետական ֆինանսավորումն ու ընտրագրավի վերադարձը։ ԿԸՀ քարտուղարի բնութագրմամբ՝ կուսակցությունները նաև «կշռվում» են իրենց ձայների քանակով։
«Եթե կուսակցությունը հաղթահարում է 2 %-ը, և դաշինքը՝ 4 %-ը, պետությունը նրանց վերադարձնում է իրենց ընտրագրավը։ Ավելին՝ այդ կուսակցությունները ստանում են ֆինանսավորում պետությունից առաջիկա հինգ տարիների համար՝ մինչև հաջորդ ԱԺ ընտրությունները։ Եթե, օրինակ, ԱԺ ընտրությունների ժամանակ ինչ-որ կուսակցություններ ուզում են միավորվել, նրանք առաջինը նայում են, թե նախորդ ընտրություններին ինչ ձայն է ստացել այդ կուսակցությունը, ինչ կշիռ ունի, ինչ ընտրազանգված ունի։ Ավելին՝ ԿԸՀ կայքում զետեղված են Ազգային ժողովի բոլոր ընտրությունների արդյունքները՝ սկսած 2007 թվականից, և ամեն կուսակցության ստացած ձայները։ Երևում է և միշտ մնալու է ԿԸՀ կայքում, և դրանք ունեն քաղաքական ազդեցություն։ Բոլոր ձայները որոշիչ են»։
Ընտրական համակարգերի փորձագետ Տիգրան Մուղնեցյանը նախորդ՝ 2021-ի խորհրդարանական ընտրությունների օրինակով է ներկայացնում, թե ինչ պատկեր էր ստեղծվել այդ ժամանակ՝ բացատրելով, թե ինչու որոշ դեպքերում կուսակցությունները, գիտակցելով, որ չեն հաղթահարի անցողիկ շեմը, միևնույն է, մասնակցում են ընտրություններին․
«Եթե 2 %-ը դիտարկենք 20 հզր ձայն, դա տարեկան 20 մլն է։ Այսինքն՝ 5 տարվա համար 100 մլն գումար է անում, ինչը ահռելի գումար է։ 50 միլիոնից մինչև մոտ 250 մլն՝ տարվա համար։ Դա զգալի գումար է։ Օրենքի հիմնավորումը հետևյալն է, որ դա թուլացնում է կախվածությունը մասնավոր շահերից, բիզնես շահերից, և պետության, հանրության աջակցությունն է (սա հանրային միջոցներ են, հարկատուների միջոցներ են) կուսակցական համակարգի կայացմանը»։
Վերադառնալով խորհրդարանի ձևավորման կարգին՝ նշենք, որ օրենսդրական կարգավորումներով ԱԺ- ն պետք է բաղկացած լինի նվազագույնը երեք քաղաքական միավորից։ Եթե վերահաշվարկը չի փոխում նախնական արդյունքները, ապա այս խորհրդարանը կապահովի բազմազանության նվազագույն պահանջը։
Այս ընտրությունների հետ կապված առաջնային հարցերից մեկն էլ հետևյալն է․ ի՞նչ է լինելու, եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից։ Հղում անելով օրենքներին՝ մասնագետները պատասխանում են՝ ոչինչ չի լինի, ԱԺ- ն նույնիսկ այդ դեպքում ձևավորվում է: Ոչ մի այլ ուժի չեն փոխանցվում չվերցրած մանդատները:
ԿԸՀ- ն մանդատների բաշխման որոշում է տալիս, հետո եթե ցուցակներ ընդգրկված բոլոր թեկնածուները հրաժարվում են մանդատից, տեղերը մնում են դատարկ: Բայց ԱԺ- ն չի լուծարվում։




