
Հունիսի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։ Նվիրական օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է հանդիսավոր Սուրբ և Անմահ Պատարագ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ։

Օրվա պատարագիչն էր Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը։ Սրբազան արարողությանը ներկա են եղել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ ուխտավորներ:
Տ․ Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանն իր քարոզում ընդգծել է Սուրբ Էջմիածնի բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում՝ նշելով, որ դարերի հոլովույթում Մայր Տաճարը քարեղեն շինությունից վերածվել է առաքելության, աննկուն ոգու և ազգային միասնության խորհրդանիշի:

«Ս․ Էջմիածնի տոնը պարզապես պատմական մի դեպքի հիշատակություն չէ, այլ համազգային և անձնական կոչ՝ վերանորոգելու մեր կյանքը, հավատը, ինքնաճանաչվելու, ամուր կառչելու մեր ինքնությանը, որպեսզի չկորչենք փոփոխական և մարտահրավերներով լի այս աշխարհում»,- նշել է նա։
Սուրբ Պատարագի ավարտին Մայր Տաճարի Սուրբ Իջման Խորանի առջև, Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ, կատարվել է Հայրապետական մաղթանք։ Ներկա հոգևորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդը միասնական աղոթք են բարձրացրել առ Աստված՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, շենության և հավետ պայծառության համար։




