ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ԵՄ-ն լուծումներ է առաջարկում Հայաստանին՝ ի պատասխան ռուսական սահմանափակումների

Հայաստանյան նախընտրական զարգացումներին անդրադարձել են Վաշինգտոնում, Մոսկվայում և Բրյուսելում։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ամերիկյան կողմը շահագրգռված է երկկողմ  հարաբերությունների խորացմամբ և տպավորություն ունի, որ սա Մոսկվային այնքան էլ դուր չի գալիս։ Մոսկվայից դարձյալ մտահոգություններ են հնչել, իսկ Բրյուսելն ակնարկել է հնարավոր աջակցության մասին՝ ի պատասխան հայ տնտեսվարողների նկատմամբ ռուսական սահմանափակումների։

Միացյալ Նահանգների Կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Հայաստանի ընտրական գործընթացին և դրանով պայմանավորված իրավիճակին։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Ռուսաստանը այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ Միացյալ Նահանգների փոխգործակցությունից։ Պետքարտուղար Ռուբիոն նշել է, որ ամերիկյան կողմը որևէ կերպ չի միջամտում Հայաստանի ներքին գործերին և այլ երկրների հետ հարաբերություններին, բայց հետաքրքրված է երկկող  հարաբերությունների խորացմամբ:

«Մենք ուզում ենք, որ մեր հարաբերությունները կառուցվեն ոչ միայն խաղաղության հիմքի վրա։ Խաղաղությունը կարևոր է, բայց դա միայն սկիզբն է. այն բացում է տնտեսական հնարավորություններ։ Կարծում եմ՝ կան ապացույցներ, որ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է, որ ՀՀ գործող վարչապետը պարտվի ընտրություններում ԱՄՆ-ի հետ խորացող հարաբերությունների պատճառով»։

Ռուբիոն Կոնգրեսում անդրադարձել է նաև TRIPP նախագծին՝ ընդգծելով, որ այն կարող է փոխել Հայաստանի ռազմավարական դիրքը և դարձնել տարածաշրջանային կենտրոնական հանգույց։

«Մենք ստորագրեցինք TRIPP համաձայնագիրը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև: Գիտեմ, որ այն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի խարիսխն է, և դա կարևոր է, բայց դա շատ ավելին է, քան պարզապես խաղաղության համաձայնագրի խարիսխ լինելը: Այն լուծում է հասանելիության հարցը, որը մտահոգում էր Ադրբեջանին և գրգռում հարաբերությունները, բայց սա շատ ավելին է, քան դա: Այն ունի հնարավորություն վերափոխելու Հայաստանի տնտեսությունը շատ հզոր ձևով»։

Օրերս Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարը խոստովանել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները տևական ժամանակ լճացած էին․ դրանք կարելի էր անգամ գոյություն չունեցող անվանել: Ռուբիոն հույս է հայտնել, որ TRIPP նախագիծը թույլ կտա խթանել մասնավոր ներդրումներն այդ երթուղում՝ ի շահ ամերիկյան ընկերությունների, բայց նաև ի շահ Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանային այլ երկրների:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ միայն այն փաստը, որ TRIPP ծրագրի հեռանկարները ներկայացվել են ԱՄՆ կոնգրեսում, արդեն փաստում է լուրջ մտադրությունների մասին։

«Անչափ կարևոր է դա։ Մարկո Ռուբիոն ցույց տվեց, որ ինքն է՛լ, Միացյալ Նահանգներն է՛լ շատ ուշադիր հետևում են այն զարգացումներին, որոնք գնում են ՀայաստանումՌուսաստանի կողմից հայտարարություններ, ճնշում, մեր ապրանքների առջև ռուսական շուկայի փակում և այլն։ Իրենք էլ մտահոգված են։ Այո՛, Դոնալդ Թրամփ՝ TRIPP ծրագիրը վճռական պետք է իրականացվի ու վճռականությունը պահպանվում է և’ հայկական կողմի մոտ, և’ Միացյալ Նահանգների մոտ: Բայց մենք գիտենք` աշխարհը ալեկոծվող է, ուշադրությունը Ամերիկայի մեկ-մեկ շեղվում է, բայց այն, որ Մարկո Ռուբիոն եկավ Հայաստան, դա էլ ցուցանիշ է, որ ուշադիր են։ Լուրջ զարգացումներ, լուրջ պրոցեսներ են գնում»։  

Քաղաքագետը նկատի ունի նաև ԵՄ արձագանքը Հայաստանի տնտեսվարողների նկատմամբ ռուսական սահմանափակումներին։ Եվրոպական Միությունը գործնական քայլեր է նախատեսում այս ուղղությամբ։ Այդ հարցերը նախ քննարկվել են ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցի ընթացքում։ Պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ կողմերը քննարկել են ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմների շրջանակը։ Երկրորդ հեռախոսազանգով նույն հարցերն ավելի առարկայորեն  են  քննարկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ արտահոսած տեղեկությունների՝ Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել Երևանին։ Բացի դրանից՝ Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար սահմանել արտոնյալ պայմաններ առևտրի ոլորտում։ Խոսքը ATM՝ Առևտրի ինքնավար միջոցառումների մասին է, որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի և քվոտաների։

Այսպիսի գործիքակազմ և օժանդակություն Եվրամիությունը սովորաբար կիրառում է, երբ անհրաժեշտ է աջակցել գործընկերներին՝ ճգնաժամային իրավիճակներում տնտեսությունը կայունացնելու և եվրոպական շուկային ինտեգրումը խորացնելու համար։ Առևտրի ինքնավար միջոցառումներից Մոլդովան օգտվում է 2008 թվականից, իսկ Ուկրաինայի համար նման ռեժիմ սահմանվեց 2022 թվականին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ամիսներ անց։ Եթե Եվրամիությունը վերջնականապես հաստատի Հայաստանի համար Առևտրի ինքնավար միջոցառումների կիրառումը, դա հայ արտադրողներին հնարավորություն կտա մտնել շուրջ 450 միլիոն սպառող ունեցող եվրոպական շուկա, պայմանով, որ արտահանվող արտադրանքը համապատասխանի եվրոպական չափանիշներին ու որակին։

Մոսկվան  անարձագանք չի թողնում այս զարգացումը ևս։ Մասնավորապես, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Հայաստանը կկորցնի սեփական ինքնությունը, եթե անդամակցի Եվրամիությանը, ինչպես արդեն կորցրել է իր բրենդին կոնյակ անվանելու իրավունքը։ Վոլոդինը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի և Ուկրաինայի միջև՝ նշելով, որ ԵՄ-ում Հայաստանին տնտեսական աճ են խոստանում, ինչպես ժամանակին խոստանում էին Ուկրաինային։

Հայաստանի վերլուծական դաշտում պարբերաբար նշում են, որ «սանկցիոն պատերազմում» խաղաքարտեր ունի ոչ միայն Ռուսաստանը, այլև՝ Հայաստանը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյան․

REUTERS

«Սրանք գործողություններ են` ուղղված Հայաստանում դժգոհությունների գեներացիային և Հայաստանի ընտրություններին միջամտությանը։ Ներողություն, Հայաստանով Ռուսաստան այնքան կարևոր բաներ են մտնում իրենց տնտեսության համար։ Կարևոր տեխնոլոգիական բաները, որ Հայաստանով մտնում է Ռուսաստան Եվրոպայից հիմնականում, ինչ սկսելու են մոլորակի կեսը պտտվել Ղրղզստանով մտցնե՞ն։ Ես կարծում եմ, որ սա երկար չի տևի, որովհետև Ռուսաստան էլ, մեծ հաշվով սա պետք չէ։ Մենք էլ Ռուսաստանին ցավեցնելու մեխանիզմներ ունենք։ Օրինակ` սկսենք բլոկել ԵԱՏՄ-ի բոլոր որոշումները։ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսովսկսենք բլոկել ոչ մի որոշում չկարողանան կայացնել։ Դուրս գանք ՀԱՊԿ-ից,  վռնդենք ռազմաբազան։ Այնքան ձևեր ունենք Ռուսաստան ցավացնելու։ Մեզ էլ դա ձեռք չի տալիս»։

Իոանիսյանը, ամեն դեպքում, խորհուրդ է տալիս հասկանալ ԵԱՏՄ կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքները։ Ասվածը նա հիմնավորում է մի քանի օրինակով։  

«Վրաստանում մեքենաների մաքսազերծման գները տեսե՞լ եք ինչքան է, մի զրոյով պակաս, քան Հայաստանում։ Ինչո՞ւ պետք է ես Հայաստանում մեքենա ունենալու համար Ռուսաստանին հարկ տամ։ Իմ մեքենայի մաքսազերծման համար վճարած գումարի 1,13 %–ն է գնացել Հայաստանի բյուջե, մնացածը գնացել է ԵԱՏՄ անդամ մյուս երկրների բյուջե։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ պետք է վրացին մեքենան մաքսազերծելիս 10 անգամ քիչ գումար վճարի, քան հայաստանցին։ Դեղորայքը թանկացավ երբ մենք մտանք ԵԱՏՄ։ Միջինում մոտ 12% ավելացավ դեղորայքի տոկոսադրույքը, սերմացուն, պարարտանյութը, բեռնատարները, մոտավորապես 10%–ով դրույքաչափերը թանկացան։ Ներմուծվող սննդամթերքի մի զգալի մասի մաքսատուրքերը թանկացան ԵԱՏՄ մտնելուց։ Հայկական ավիափոխադրողները ինքնաթիռները գրանցում են ոչ Հայաստանում, այդ թվում այն պատճառով, որ եթե ինքնաթիռը գրանցեն Հայաստանում, պետք է ԵԱՏՄ-ին մաքսատուրք տան։ Կներեք, մենք իրո՞ք ուզում ենք ԵԱՏՄ-ում մնանք»։

Ուշագրավ էր նաև նախօրեին Երևանից արված հեռախոսազանգներից մեկը։ Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցի թեմաները մի քանիսն են եղել։ Էրդողանի նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է՝ ուղիղ առևտրի միտված քայլերի միջոցով։ Այս ընթացքում Կարս քաղաքում տեղի է ունեցել նաև Թուրքիայի և Հայաստանի գործարար շրջանակների հանդիպումը՝ համագործակցության հեռանկարները քննարկելու համար:

Մեկ այլ հեռախոսազանգով էլ ծրագրվել է, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանի վարչապետը անձամբ է հաստատել տեղեկությունը։

Կարդացեք նաև

Back to top button