
Հայաստանը տեխնոլոգիական և ինժեներական նոր հարթակում։ Երևանում առաջին անգամ անցկացվող Rise Powered by Silicon Mountains 2026 ցուցահանդեսն ու ֆորումը մեկ հարկի տակ է համախմբել տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի ներկայացուցիչների։
Մասնակիցները ներկայացրել են ոչ միայն արդեն կիրառվող, այլև մշակվող նորարարական համակարգեր, որոնք միտված են ուժեղացնելու Հայաստանի տեխնոլոգիական և պաշտպանական ներուժը։
Տարբեր տրամաչափի ժամանակակից զենք ու զինամթերք, անօդաչու սարքեր, «Կամիկաձե» դրոններ, արհեստական բանականության վրա հիմնված համակարգեր և բազմաթիվ այլ ռազմական ու տեխնոլոգիական նորարարություններ։ Այս բոլորը ներկայացված են մեկ հարկի տակ։
Ներկայացված զինատեսակներով՝ այս տաղավարն աչքի ընկնողներից էր։ 60, 82, 120 մմ-անոց ականանետներ՝ իրենց ականներով, ինչպես նաև ավելի մեծ տրամաչափի` 122, 152 և 155 մմ-անոց հրետանային արկեր։ Ռազմարդյունաբերական ընկերություններից մեկի ֆինանսական տնօրեն Սուրեն Գալստյանն ասում է, որ իրենց ընկերությունն արդեն 9 տարի նորարարական լուծումներով ձգտում է նպաստելու Հայաստանի պաշտպանական արդյունաբերության կարողությունների ընդլայնմանը։

«Մեր ընկերության կարևոր առավելություններից մեկն այն է, որ մենք գործում ենք փակ արտադրական ցիկլով։ Սա նշանակում է, որ հումքի ներմուծումից կամ ձեռքբերումից մինչև վերջնական արտադրանքի ստացում ամբողջ գործընթացն իրականացվում է մեր սեփական արտադրական հարթակներում։ Մենք արտադրում ենք վերջնական արտադրանքի բոլոր հիմնական բաղկացուցիչ մասերը, ինչը բացառիկ երևույթ է ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային փորձի շրջանակներում»։ «Արդեն բավական մեծ տեսականի ի վիճակի ենք արտադրել և լրջագույն քանակներով»։
Ցուցադրված բոլոր զենքերն ու զինամթերքը փորձարկել են Պաշտպանության նախարարության մասնագետները։ Որոշ զինատեսակներ ցուցադրվել են նաև Մայիսի 28-ի զորահանդեսին։
«Սա 120 մմ-անոց ականի համար նախատեսված ականանետ է։ Ականանետները ևս արտադրում է ընկերությունը։ Թե՛ ականը, թե՛ ականանետը, ընդ որում նաև դուք ստեղ տեսնում եք նշանոց, որը նույնպես արտադրվում է մեր ընկերության կողմից, ինչը նույնպես բացառիկ երևույթ է թե՛տարածաշրջանում, թե՛ ընդհանրապես աշխարհում, որ նույն ընկերությունը արտադրի համ ականը, համ ականանետը, համ նշանոցը և բազմաթիվ այլ անհրաժեշտ մասեր»։
Այս ականանետը կարող է կրակ վարել մինչև 7000 մ հեռավորության վրա, իսկ 155 միլիմետրանոց արկերը կարող են թիրախներ խոցել մինչև 30 կիլոմետր հեռավորության վրա։
«Մենք արտադրում ենք աշխարհում լայնորեն կիրառվող տեսակի ականանետեր, որոնք բազմիցս ապացուցել են իրենց արդյունավետությունն ու որակը։ Դրանք մրցունակ են ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկայի համար»։
Ռազմարդյունաբերական ցուցահանդեսին իր արտադրանքն էր ներկայացրել նաև Հայաստանում հրթիռներ արտադրող եզակի կազմակերպություններից մեկը։ Ընկերությունը ցուցադրել էր «ԲՄ-21» համազարկային հրթիռային համակարգի համար նախատեսված բեկորաֆուգասային հրթիռի մոդելը, որն արդեն անցել է գործարանային փորձարկումները և ստացել դրական գնահատականներ։

Ռազմարդյունաբերական ընկերության տնօրեն Գրիգոր Մանուկյան․ «Այս հրթիռը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի և թեթև զրահապատ տեխնիկայի ոչնչացման կամ ճնշման համար։ Դրա գործողության հեռավորությունը 20 կիլոմետր է։ Միաժամանակ ծրագրեր ունենք նախագծելու և արտադրելու ավելի հեռահար հրթիռներ՝ ամբողջությամբ տեղայնացնելով արտադրությունը Հայաստանում»։
Ցուցահանդեսում առանձնահատուկ հետաքրքրություն էին առաջացնում արհեստական բանականությամբ գործող անօդաչու սարքերը, որոնք նախատեսված են տարբեր առաջադրանքների ինքնավար կատարման համար։ Դրանց արտադրությունը ժամանակակից ռազմարդյունաբերության արագ զարգացող ուղղություններից մեկն է։
Այդ սարքերն արտադրող ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը վստահեցնում է, որ դրանցով կարելի է 2 կմ հեռավորությունից գրեթե 100 տոկոս ճշգրտությամբ թիրախներ խոցել։
«Օրինակ՝ այստեղ ներկայացված զինատեսակը հագեցած է արհեստական բանականությամբ։ Այն չի աշխատում պարզապես թիրախի լուսանկարը հիշելու սկզբունքով։ Երբ համակարգին տրվում է թիրախը, այն ստեղծում է դրա մաթեմատիկական մոդելը և հետագայում հետևում հենց այդ մոդելին։ Սա կարևոր է, քանի որ մեծ հեռավորությունից թիրախը կարող է երևալ ընդամենը որպես փոքր կետ, սակայն մոտենալու ընթացքում դրա տեսքը փոխվում է։ Արհեստական բանականությունը յուրաքանչյուր նոր կադրի հետ վերլուծում է ստացված տվյալները, վերագնահատում թիրախի դիրքը և անհրաժեշտության դեպքում վերաշարադրում թռիչքի ուղեգիծը, որպեսզի շարունակի շարժվել դեպի նպատակը»։
Այս համակարգով դրոնը գործում է «կրակիր և մոռացիր» սկզբունքով։ Այսինքն՝ օպերատորը նախապես ընտրում է թիրախը, արձակում սարքը, և դրանից հետո այն ինքնուրույն է կատարում առաջադրանքը։ Թռիչքի ընթացքում արտաքին կառավարման կամ կապի անհրաժեշտություն չկա, հետևաբար այն հնարավոր չէ հեռակա ձևով կանգնեցնել կամ վերահսկել։
Հայաստանը ռազմարդյունաբերության ոլորտում հստակ քայլերով առաջ է գնում՝ վստահեցնում է ցուցահանդեսին ներկա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ըստ նախարարի՝ ռազմական արդյունաբերությունն այսօր շուրջ 70 միլիարդ դրամի շրջանառություն է ձևավորել տնտեսության մեջ, և այն արդեն դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության սահմաններից։
«Արդեն 3 ռազմարդյունաբերական ընկերություններ 2 տարբեր ուղղություններով 2 տարբեր մայրցամաքների ռազմական արտադրանք է վաճառել»։
Նախարարն ընդգծում է, որ սա երկար ճանապարհի սկիզբն է։ Առաջին եռամյա ծրագրի շրջանակում պետությունը պատվերների միջոցով ոլորտում ներդրել է 172 միլիարդ դրամ։ Բացի այդ, կառավարությունը որոշել է շարունակել երկարաժամկետ պայմանագրերի քաղաքականությունը՝ արդեն իսկ ամրագրելով շուրջ 190 միլիարդ դրամի նոր պատվերներ, որոնք առաջիկա տարիներին լրացուցիչ ներդրումներ կապահովեն տնտեսության և ռազմական արդյունաբերության զարգացման համար։




