Միջազգային

Իսրայելն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել Իրանի միջուկային սպառնալիքի վերացման շուրջ. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն լիակատար համաձայնության են եկել Իրանի միջուկային սպառնալիքի չեզոքացման հարցում։

Ըստ նրա՝ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է ներառի ուրանի հարստացման օբյեկտների ապամոնտաժումը և հարստացված նյութերի դուրսբերումը երկրի տարածքից։ Նեթանյահուն վերահաստատել է երկու երկրների հանձնառությունը՝ թույլ չտալու, որ Իրանը միջուկային զենք ստեղծի։

«Նախագահ Դոնալդ Թրամփը և ես համաձայնության ենք եկել, որ Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է վերացնի միջուկային վտանգը։ Սա նշանակում է Իրանի ուրանի հարստացման օբյեկտների ապամոնտաժում և հարստացված միջուկային նյութի դուրսբերում Իրանի տարածքից», — գրել է Նեթանյահուն սոցիալական ցանցերում։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Իրանի հետ խաղաղության հուշագրի շուրջ բանակցությունների ավարտական փուլի մասին, որի մանրամասները շուտով կհրապարակվեն։ Այս հարցը և տարածաշրջանային խնդիրները ԱՄՆ նախագահն արդեն քննարկել է Մերձավոր Արևելքի մի շարք առաջնորդների (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Կատար, Պակիստան, Թուրքիա, Եգիպտոս, Հորդանան, Բահրեյն) հետ։

Տես նաև՝ Թրամփի և Իրանի հակասական հայտարարությունները նոր համաձայնագրի և Հորմուզի նեղուցի շուրջ

Կարդացեք նաև

Back to top button