
29 օր է հատկացվելու կուսակցություններին ԱԺ առաջիկա ընտրությունների քարոզարշավն անցկացնելու և ընտրողների մտադրությունները ձևավորելու համար։ Նախընտրական քարոզարշավի մեկնարկը մայիսի 8-ին է, գործող կառավարության առանցքային կուսակցական գործիչներն այդ ընթացքում արձակուրդ կվերցնեն, որպեսզի քարոզարշավի հավասար պայմաններ լինեն։
Քարոզարշավից մեկ օր առաջ հեռակա բուռն բանավեճ է ծավալվել երկու մրցակիցների միջև, որի ընթացքում երկու կողմից էլ խոսք է գնացել դատական հայց ներկայացնելու մասին։
ՀՀ վարչապետը Մայիսի 9-ի հ մոսկովյան շքերթին մասնակցել չի կարողանա։ ՌԴ նախագահի հրավերին Փաշինյանն արձագանքել էր դեռ ապրիլին։
«Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ այցի ընթացքում ապրիլին Ռուսաստանի նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին, և արդեն հայտարարել ենք, որ քարոզարշավի ենք»։
Որ քարոզարշավը թեժ պահեր է խոստանում, արդեն պարզ է դեռ մրցավազքը չսկսված։ Չսպասելով քարոզարշավի մեկնարկին՝ մրցակից ուժերն արդեն թիրախավորել են միմյանց։ ռուսամետ դիրքորոշմամբ հայտնի և Ռուսաստանի աջակցությունը վայելող ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը վարչապետ Փաշինյանի՝ կառավարության նիստին հաջորդող ավանդական ճեպազրույցի նույն ժամին ճեպազրույց էր հրավիրել՝ հանդես գալով ապագա վարչապետի դիրքից։ Այս համատեքստում Փաշինյանը հիշեցնում է Հայաստանի սահմանադրության և օրենքների արգելքը երկքաղաքացիների համար։
«Այսինքն՝ ֆեյք նյուզից պրծանք, հիմա էլ ֆեյք թեկնածուների ձեռքն ենք ընկնելո՞ւ։ Այս մարդը ֆեյք է, հիբրիդային ֆեյք թեկնածու է։ Աշխարհը կեսից կիսվի, նշած անձը խորհրդարանական ընտրություններից հետո առաջին նիստի օրվա դրությամբ պետք է նշանակված լինի վարչապետ։ Նշված մարդը ընդհանրապես ոչ պատգամավորի թեկնածու է, ոչ վարչապետի թեկնածու։ Ինքը չի կարող լինել թեկնածու»։
Հեռակա բանավեճում հիբրիդային սպառնալիքներին անդրադարձել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր և առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Հիբրիդային պատերազմ Հայաստանում վարում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր ղեկավարի հետ, որովհետև ես չեմ տեսնում, որ ոչ հյուսիսից, ոչ հարավից այսօր լուրջ ազդեցություն ունեն քաղաքական անցուդարձի վրա։ Իսկ իրենք, դուք տեսնում եք, ամեն օր մեզ հետ վարում են հիբրիդային պատերազմ»։
Հայաստանի վարչապետը առանձնացրել է երեք քաղաքական ուժի և նրանց մեկ ընդհանուր անուն տվել՝ իր թիմի համար ձևակերպելով առաջնային անելիքը քարոզարշավում։ Քարոզարշավից մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանն անկեղծացավ․
«Ազգային ժողովում խնդիր եմ ձևակերպել և այդ խնդրով մենք քաղաքացիների հետ աշխատելու ենք, որ «պատերազմի եռագլուխ» կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը։ Մեր ծրագիրը դա է։ Կոնկրետ խոսում եմ «Հայաստան» դաշինքի մասին, խոսում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին և խոսում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին։ Այսինքն` այդ կուսակցությունները լավ պիտի մտածեն խորհրդարան անցնելու մասին։ Որ ասում են` հաղթելու ենք, սա ենք անելու, ծիծաղելի է ուղղակի։ Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ մարդիկ Հայաստանում քաղաքական գործընթացի հետ ու ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն, որևէ կապ չունեն։ Իրենց ինֆորմացիայի և ներշնչանքի աղբյուրները Հայաստանի Հանրապետությունում չեն։ Դա 100 տոկոսով»։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռ չի պատրաստվում ներկայացնել, թե որոնք են լինելու իրենց հետագա քայլերը պարտության սցենարի դեպքում։ Պայքարի մեջ են մտնում խորհրդարանում մեծամասնություն և կառավարություն ձևավորելու տրամադրությամբ։ Բայց «հետո»-ի ծրագրեր, այնուամենայնիվ, բացահայտում է Սամվել Կարապետյանը։
«Մենք գնում ենք մեր օրակարգով՝ բացարձակ հաղթանակի, և մենք վստահ ենք` ստանալու ենք հաղթողի մանդատը և ձևավորելու ենք կառավարություն։ Հիմա այսօր մենք քննարկենք, թե ի՞նչ է լինելու ընտրությունից հետո, դրանից մեկ ամիս հետո, դրանից հինգ ամիս հետո։ Մենք նախապատրաստվում ենք և գնում ենք ընտրությունների։ Մենք հիմա դրա մասին պետք է մտածենք։ Հաստատ դուք իմացեք` մենք պատրաստ ենք և պատրաստում ենք ցանկացած քայլերի։ Դրանից ավելին ես չեմ ասելու ձեզ»։
Վարչապետ Փաշինյանը կասկածում է, թե Սամվել Կարապետյանի բարերարությունը Տավուշում կառավարության ներդրումների 10 տոկոսի չափ կլինի։

«Հայաստանում անձեր կան՝ «բդեշխային» տրամաբանությամբ ինչ-որ տարածքներ փորձում են կապել իրենց հետ։ Դուրս եկեք այդ տրամաբանությունից։ Ես թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ։ Այդ մարդիկ, ում բարեգործներ եք անվանում, ներառյալ «պատերազմի եռագլուխ» կուսակցության առաջնորդներին, այդ բարեգործությունը ծխածածկույթ է եղել ՀՀ-ից գողանալու համար։ Ապօրինի գույքի բռնագանձման պրոցեսով արդեն «պատերազմի եռագլուխ» կուսակցության անդամներից մեկի ընտանիքի անդամի առանձնատունը այլևս պետական սեփականություն է և առաջիկայում կդառնա կա՛մ ծերերի խնամքի կենտրոն, կա՛մ որևէ այլ բան»։
Զուգահեռ ասուլիսներից ու հեռակա բանավեճից հետո երկու կողմն էլ խոսեց դատական հայցի մտադրության մասին, ընդ որում՝ թեման ամենևին էլ ընտրական չէ ու սկսվեց Սամվել Կարապետյանի մեղադրանքից՝ ուղղված Փաշինյանին։ Վերջինիս արձագանքը չուշացավ։
Սամվել Կարապետյան․ Անցյալ տարի, երբ գնացել էր Չինաստան, կան հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ հալյուցինացիա են առաջացնում։ Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր, և, իմ տեղեկություններով, մոտավորապես 1 տոննա հետը առել, բերել է Հայաստան։ Ինքը երբ Ազգային ժողովում բարձրանում է ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերը։
Նիկոլ Փաշինյան․ Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը։ Բնականաբար, դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին։ Կներեք կոշտ բառապաշարիս համար, բայց ի վերջո, ամեն ինչ չափ ու սահման ունի։
Իսկ մինչև այդ՝ կառավարության նիստի ժամանակ, Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ առաջիկայում ամենամեծ առաջնահերթությունը կլինի ընտրությունը միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնելը՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և բացառելու ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցությունները։




