
Բուլղարիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով (արձանագրությունների մոտ 78%-ի հաշվարկից հետո) առաջատարը նախկին նախագահ Ռումեն Ռադևի առաջնորդած «Առաջադեմ Բուլղարիա» դաշինքն է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալներով՝ ժամը 8:00-ի դրությամբ այն հավաքել էր ձայների 44.4%-ը։
Երկրորդ տեղում է «Շարունակում ենք փոփոխությունները» և «Դեմոկրատական Բուլղարիա» կուսակցությունների դաշինքը՝ 13.6%-ով, իսկ նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի «Քաղաքացիները՝ Բուլղարիայի եվրոպական զարգացման համար» (GERB) կուսակցությունը երրորդն է՝ 13.1%-ով։
Սա վերջին հինգ տարվա ընթացքում արդեն ութերորդ ընտրությունն է երկրում, ինչը վկայում է շարունակվող քաղաքական ճգնաժամի մասին:
Ընտրությունները հայտարարվել են 2025 թվականի դեկտեմբերի 11-ին Ռոսեն Ժելյազկովի կառավարության հրաժարականից հետո:
Ռումեն Ռադևը Բուլղարիայի նախագահն է եղել 2017 թվականի հունվարից մինչև 2026 թվականի հունվարը: Այս տարվա սկզբին նա հրաժարական էր տվել՝ ընտրություններին մասնակցելու համար: Նա քննադատել էր բուլղարական քաղաքական վերնախավին՝ «քաղաքացիների շահերը դավաճանելու» համար։
Այս ընտրությունների արդյունքից է կախված, թե արդյոք Բուլղարիան կկարողանա վերջապես ձևավորել կայուն կառավարություն, իրականացնել անհրաժեշտ տնտեսական բարեփոխումներ:




