
ՀԱՊԿ քարտուղարությունը տեղեկացնում է Հայաստանին կայացվող որոշումների մասին, իսկ Երևանը չի խոչընդոտում դրանց, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։ Մենք տեղեկացնում ենք նրան քարտուղարության մակարդակով քննարկվող և ընդունվող բոլոր նյութերի և փաստաթղթերի մասին։ Նրանք չեն մասնակցում քննարկումներին, բայց չեն խոչընդոտում սահմանափակ ձևաչափով այդ փաստաթղթերի ընդունմանը, ինչպես այսօր տեղի ունեցավ Հավաքական անվտանգության խորհրդում. այս բոլոր փաստաթղթերը ուղարկվել են Հայաստան, նրանք տեղեկացված են, և մենք նրանցից ստացել ենք փաստաթուղթ, որում նշվում է, որ նրանք դեմ չեն սահմանափակ ձևաչափով այդ փաստաթղթերի ընդունմանը », — ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո ասել է նա լրագրողներին ։
«Հուսանք, որ որոշակի ժամանակ անց քաղաքական ղեկավարությունը կկայացնի հավասարակշռված որոշում, և մենք միասին կշարժվենք առաջ», — հավելել է Տասմագամբետովը։
Նոյեմբերի 26-ին ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողներին ասել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը ներկայումս չի քննարկվում։
Նոյեմբերի 27-ին Բիշքեկում Ղրղզստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ՀՆԽ), Պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) և Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի (ԱԽՔԿ) համատեղ նիստը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստը։ Հայաստանը չի մասնակցել միջոցառումներին։ Հաջորդ նիստը կկայանա 2026 թվականի նոյեմբերին Մոսկվայում։
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումները 2022 թվականի վերջից։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։




