
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ստորագրել է օրինագիծ, որը կարգադրում է հրապարակել բոլոր ֆայլերը, որոնք կապված են մանկապղծության մեջ մեղադրված եւ բանտում ինքնասպան եղած ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ, գրում է BBC-ին։
Օրինագիծը պահանջում է, որ արդարադատության նախարարությունը 30 օրվա ընթացքում հրապարակի Էփշտեյնի հետաքննության բոլոր տեղեկությունները։
Նախկինում Թրամփը դեմ էր արտահայտվել գաղտնի փաստաթղթերի հրապարակմանը, սակայն Էփշտեյնի «զոհերի» և Հանրապետական կուսակցության անդամների կողմից դիմադրության հանդիպելուց հետո փոխել է իր դիրքորոշումը։
Օրենսդրությունը երեքշաբթի օրը մեծամասնությամբ հաստատվել է Կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից։
Չորեքշաբթի օրը Truth Social-ում գրառման մեջ նախագահը մեղադրել է դեմոկրատներին այս հարցը պաշտպանելու մեջ՝ իր վարչակազմի նվաճումներից ուշադրությունը շեղելու համար։
«Հնարավոր է՝ այդ դեմոկրատների և Ջեֆրի Էփշտեյնի հետ նրանց կապերի մասին ճշմարտությունը շուտով բացահայտվի, քանի որ ԵՍ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՄ ԷՓՇՏԵՅՆԻ ՖԱՅԼԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՕՐԻՆԱԳԻԾԸ», — գրել է նա։
Օրենսդրության համաձայն՝ հրապարակման ենթակա Էփշտեյնի ֆայլերը ֆինանսիստի դեմ քրեական հետաքննությունների փաստաթղթեր են, այդ թվում՝ զոհերի և վկաների հետ հարցազրույցների արձանագրությունները, ինչպես նաև նրա սեփականության խուզարկությունների ժամանակ առգրավված իրերը:
Ֆայլերը տարբերվում են Էփշտեյնի ժառանգության ավելի քան 20,000 էջանոց փաստաթղթերից, որոնք Կոնգրեսը հրապարակել է անցյալ շաբաթ, այդ թվում՝ որոշներում, որոնք ուղղակիորեն հիշատակում են Թրամփին։
Դրանց թվում են Էփշտեյնի 2018 թվականի հաղորդագրությունները, որոնցում նա Թրամփի մասին ասել է. «Ես եմ այն մեկը, ով կարող է նրան տապալել» և «Ես գիտեմ, թե որքան կեղտոտ է Դոնալդը»։
Թրամփը տարիներ շարունակ եղել է Էփշտեյնի ընկերը, բայց նախագահը հայտարարել է, որ նրանք վիճել են 2000-ականների սկզբին՝ Էփշտեյնի առաջին ձերբակալությունից երկու տարի առաջ։ Թրամփը մշտապես հերքել է Էփշտեյնի հետ կապված որևէ հանցանք։
Երկուշաբթի երեկոյան լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ հանրապետականները «ոչ մի կապ չունեն Էփշտեյնի հետ»։
Էփշտեյնը մահացած է հայտնաբերվել 2019 թվականին Նյու Յորքի իր բանտախցում։ Դատաբժշկական փորձագետը դա համարել է ինքնասպանություն։ Նա կալանավորվել է սեռական շահագործման մեղադրանքով։




