
Պրովոկատիվ հայտարարություններ Ադրբեջանից, միջանցք բառի շահարկում, սահմանադրության փոփոխությունը Բաքվի հետ բանակցային հարց չդիտարկել՝ սրանք Հայաստանի գլխավոր դիվանագետի առանցքային շեշտադրումներն էին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին։ Արարատ Միրզոյանը նաև տարբեր հարթակներում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև գործակցության հնարավորության մասին է խոսել, նկատել պատմության ընդհանրությունները և եզրահանգել, որ երեք երկրներն էլ կարող են գործակցել, ունենալ ընդհանուր պատկերացումներ ու շահեր։ Հարևան Իրանի մասին խոսելիս արտգործնախարարը մեծապես կարևորել է բարեկամությունը և ընդգծել իր վստահությունը՝ ոչինչ չի խաթարի այն։ Շեշտվել է՝ Թեհրանից կամ Մոսկվայից մտահոգություն չի հնչել TRIPP ծրագրի առնչությամբ, քանզի այդ ճանապարհի ինքնիշխանության հարցը լուծված է։
Սևանա լիճը Ալիևի կողմից Գյոյչա անվանելը չի տեղավորվում խաղաղության օրակարգում՝ գնահատում է արտգործնախարար Միրզոյանը, բայց և խորհուրդ տալիս կենտրոնանալ խաղաղության երաշխիքների վրա՝ TRIPP ծրագիրն ու հաջորդող քայլերը։
«Չեմ էլ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որովհետև շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել, և հայկական տեղանուններ տեսնենք մի քիչ ավելի լայն տարածքի վրա։ Մյուս կողմից եկեք նայենք` իրականում ի՞նչ կա։ Կա ստորագրություն Ալմա-Աթայի հռչակագրով սահմանների և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ։ Իմ համար, որպես կառավարության անդամի, սրա կշիռն անհամեմատ մեծ է։ Կա Հայաստան ուղևորվող բեռների անցում Ադրբեջանով՝ ադրբեջանական երկաթուղով։ Ինձ համար սա անհամեմատ ավելի ծանր կշիռ ունեցող երևույթ է և քայլ։ Այն մյուս հայտարարություններն էլ կան, ես չեմ ժխտում և ոչ ոք չի կարող ժխտել։ Լա՞վն են՝ չէի ասի։ Բայց դե երևի կամաց-կամաց առաջ կգնանք, էլի»։
Առաջ գնալու համար նախարարը մեկ այլ խորհուրդ էլ է տալիս, հատկապես՝ Հայաստանում գտնվող ադրբեջանցի և թուրք փորձագետներին ու լրագրողներին խնդրելով չօգտագործել «միջանցք» ձևակերպումը։ Ասածը հիմնավորելու համար նախարարը հիշեցնում է, որ տարբեր երկրներ բանակցությունների տարբեր փուլերում ձգտել են անվտանգային կամ ռազմական ներկայություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարկվելիք երկաթուղու երկայնքով կամ անգամ վերահսկել այն։ Նախարար Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի համար անընդունելի այդ մոտեցումը բանակցությունների ընթացքում և վաշինգտոնյան համաձայնություններով արդեն չեզոքացվել է, բայց բացասական տպավորությունը դեռ մնացել է։
«Մենք հիշում ենք դեռ այդ բանակցությունների ընթացքը, և եթե որևէ մեկը սենյակում ասում է` միջանցք, մեզ մոտ մեխանիկորեն արթնանում է այդ մտահոգությունը, որ ինչ-որ մի թաքնված այլ մտադրություն կա այստեղ, որը կարող է վնասել ՀՀ ինքնիշխանությանը։ Հետևաբար՝ կա այդ ենթակառուցվածքի պաշտոնական համաձայնեցված անուն, որի տակ կա վարչապետ Փաշինյանի ստորագրությունը, նախագահ Ալիևի ստորագրությունը, նախագահ Թրամփի ստորագրությունը, և ես կարող եմ վկայակոչել բազմաթիվ երկրների ղեկավարներ և միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, որոնք ողջունել են հենց այդ անվամբ ենթակառուցվածքի ստեղծումը, այդ պայմաններով ապաշրջափակումը և այդ անունն է TRIPP: Ես հասկանում եմ, որ հիմա բոլորը, ովքեր ասում են միջանցք, նկատի ունեն այն տնտեսական միջանցքները, լոգիստիկ ուղիները, որոնցով հետաքրքրված են աշխարհի բոլոր երկրները, բոլորը հիմա փորձում են ինչ-որ նոր միջանցքներ գտնել։ Հարցը այն է, թե ով ինչ է հասկանում այդ միջանցք ասելով»։
Փաստաթղթերով արդեն հաստատված է, որ TRIPP ծրագրում երրորդ կողմի մասնակցություն այլ երկրի տեսքով նախատեսված չէ։ Հայաստանի արտգործնախարարը բացատրում է մեխանիզմը, թե ինչպես է կյանքի կոչվելու TRIPP-ը։
«Երրորդ կողմ ասելով այս կոնտեքստում նկատի չունենք երկիր, կառավարություն։ Մենք նկատի ունենք, որ հայ-ամերիկյան՝ Հայաստան, Միացյալ Նահանգներ կառավարությունները կհիմնեն ընկերություն, որը կունենա այդ կառուցապատման իրավունքը և երևի, դա էլ հաստատ չի, փաստ չի, երևի շինարարությունը կարտապատվիրակվի ինչ-որ շինարարական ընկերության։ Չգիտեմ, գուցե գնացքի սպասարկումն իրականացնի նույն ընկերությունը, կլինի այլ ընկերություն, կլինեն տենդերներ։ Չգիտեմ՝ բնական- տնտեսական ինչ-որ սելեկցիայի պրոցես կլինի՞ տնտեսական շարժառիթներով»։
Արտգործնախարարը համարում է, որ տարածաշրջանի ապաշրջափակման առաջին բաղադրիչն արդեն կա։ Նա նկատի ունի Ադրբեջանի տարածքով տարանցված բեռների առաջին խմբաքանակը, որն առաջիկայում արդեն կմտնի Հայաստան։
«Հետո կլինի Հայաստան-Ադրբեջան ուղիղ կապող ենթակառուցվածք։ Ինտենսիվ քննարկումներ ընթանում, ես չեմ կարող ասել` երբ կդրվի առաջի ռելսը և առավել ևս չեմ կարող ասել` երբ կգնա առաջի վագոնը, բայց ես կարող եմ ասել, որ մենք, որպես կառավարություն և որպես պետություն, շահագրգռված ենք, որ դա լինի օր առաջ»։
Թեև խաղաղության պայմանագիրը դեռ վերջնականապես ստորագրված չէ, բայց նախաստորագրմամբ արդեն հասել ենք ցանկալի նպատակին՝ կարծում է նախարարը։ Երկարատև խաղաղության երաշխիքը նա համարում է ոչ թե ստորագրություններն ու զանազան խաղաղապահ առաքելությունները։ Միրզոյանն ավելի պարզ բանաձև ունի։
«Այն, ինչի շուրջ հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել պայմանավորվածություն, այն, ինչ համաձայնեցվել է և դեռ կհամաձայնացվի, շահավետ է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ տարածաշրջանի մյուս երկրներին։ Այս փոխշահավետությունն է, որը, կարծում եմ, հարատևություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին։ Ոչ մի շահագրգռություն չի ունենալու Հայաստանը խախտել այդ պայմանագիրը կամ պայմանավորությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու, իմ պատկերացմամբ, Ադրբեջանը խախտել այդ պայմանավորությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու Թուրքիան է խաթարել այդ գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև և մնացած բոլոր երկրները՝ ևս»։
Խաղաղությամբ կամրանա նաև սեփական ինքնիշխանությունը: «Ցանկացած կոնֆլիկտ պարարտ հող է ստեղծում երրորդ երկրների համար՝ շահեր հետապնդել այդ հակամարտության մեջ, ուժեղացնել իրենց լծակները հակամարտող կողմերի վրա՝ հիմնավորում է Միրզոյանը: Այս փուլում կարևոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների շփումների ակտիվացումը։ Ըստ նախարարի՝ խաղաղություն սպառողը հենց հասարակություններն են։ Այս առումով Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա շփումներում էական տարբերություն կա։
«Թուրքիայի հետ մեր երկխոսությունը այս առումով հայելային հակապատկերն են Ադրբեջանի հետ եղած իրավիճակին։ Ադրբեջանի հետ մենք ունենք կառավարությունների միջև հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ, գործընթաց, որը պետք է շարունակվի առանձին հարցերի շուրջ։ Պետք է ջանք գործադրվի նաև հասարակությունների միջև, մարդկանց միջև այդ հաշտեցման ուղղությամբ։ Թուրքիայի պարագայում ես կասեի` ճիշտ հակառակն է։ Տարիներով, տասնամյակներով փակ սահմանների պայմաններում մարդիկ գնացել են, այցելել են իրար, առևտուր է եղել և կա՝ շատ շոշափելի։ Խնդիրն այն է, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել, թռիչքներ են եղել և այսօր էլ կան։ Պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները դեպի Երևան և, ի միջի այլոց, դեպի Գյումրի»։
Հայ-թուրքական հարցերում էլ Հայաստանի արտգործնախարարը շոշափելի արդյունք է ակնկալում։ Ադրբեջանի դեպքում դեռ կա հնչող նախապայման՝ փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Միրզոյանը, սակայն, Մայր օրենքում չի տեսնում որևէ դրույթ, որը կարող է սպառնալիք դիտվել Ադրբեջանի համար։ Հետևաբար, Հայաստանն այս հարցը չի դիտարկում որպես բանակցային գործընթացի մաս։ Այլ հարց է, որ դեռ 2018-ին հեղափոխությունից հետո մշտապես խոսել են սահմանադրության խնդիրների և փոփոխության անհրաժեշտության մասին։ Բայց դա, ասաց Միրզոյանը, ներհայաստանյան հարց է։




