Գրող և թարգմանիչ Սերգեյ Մկրտչյանը հայտնի է ֆրանսերենից թարգմանություններով, որոնց թվում են այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Կամյուն, Ալեն Ռոբ-Գրիեն, Մորուան, Ուելբեքը և Պրուստը։ Բացի թարգմանական աշխատանքից, նա նաև գրում է մտորումներ ու ասույթներ՝ անդրադառնալով փիլիսոփայական և գոյաբանական հարցերի, որոնք վերաբերում են մարդուն, նրա ներաշխարհին, վարքուբարքին և մեր ժամանակներին։ Ներկայումս Սերգեյ Մկրտչյանը թարգմանում է Մարսել Պրուստի երկրորդ վեպը։
Մի դարաշրջանում, որտեղ գերզարգացած տեխնոլոգիաները զուգորդվում են հումանիտար ճգնաժամով, միտքն ու տեքստը պակաս դերակատարում ունեն, ինչպես վարվել։ Սերգեյ Մկրտչյանը կարծում է, թեև տեխնոլոգիաներն արագ զարգանում են, մարդու հոգուն և բարոյականությանը վերաբերող հատկանիշները չեն զարգանում նույն տեմպերով։ Այդ հարցերը, ըստ նրա, հաճախ քննարկվում են միայն ֆորմալ մակարդակով՝ գրքերում և ուսումնասիրություններում, բայց իրական կյանքում դրանք հազվադեպ են կիրառվում։ Մարդու ասածի և արածի միջև անհամապատասխանությունը շարունակվում է հազարամյակներ։
Սերգեյ Մկրտչյանն ընդգծում է, որ մարդու մեջ «ես»-ը այնքան հզոր է, որ խոչընդոտում է իսկականության գիտակցմանը։ Նա կարծում է, որ մարդկությանը կփրկի միայն իսկականությունը. «Երբ ինքդ քեզ հայելու մեջ նայես, տեսնես, որ դու դու ես և չես խաղացել օրվա մեջ»։
Մկրտչյանը համոզված է, որ մարդը պետք է անդադար աշխատի իր վրա՝ առանց ուրիշներին մատնացույց անելու։ «Դրանից բոլշևիզմի հոտ է գալիս։ Կուրծք ծեծելու մոլուցքը էդտեղից է գալիս, որը մարդկությանը ոչ մի տեղ չի տանում»։ Ի վերջո, նա կարևորում է մարդու ներքին հարցերը՝ հոգու, բարոյականության, աշխարհայացքի։




