
Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայից Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է մեդալներով՝ 2 արծաթով և 1 բրոնզով։
Այս հեղինակավոր գիտական մրցույթում, որը միավորում է տասնյակ երկրների լավագույն դպրոցական տաղանդներին, մեր թիմը հանդես է եկել արժանապատվորեն՝ ցույց տալով խոր գիտելիքներ, վերլուծական մտածողություն և մեծ նվիրում։
Հայաստանի թիմը ներկայացրել են Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 մասնակիցներ՝ 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանը, Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը, Վահե Մկրտչյանը և 11-րդ դասարանի աշակերտ Նատալի Մարգարյանը: Օլիմպիադայում յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։ Օլիմպիադային 60 երկրի 288 աշակերտ է մասնակցել:

Հայաստանի թիմից արծաթե մեդալների են արժանացել ԷմիլՄուշեղյանն ու Գոռ Հասրաթյանը, բրոնզե մեդալի՝ Նարեկ Գալստյանը, իսկ Վահե Մկրտչյանն ու Նատալի Մարգարյանը՝ գովասանագրերի։ Հայաստանի թիմը ղեկավարել են Հրանտ Թոփչյանը և Արտաշես Մկրտչյանը։




