
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանությունը, գրում է Times of Israel-ը։
Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքասթում՝ ի պատասխան հարցին, թե ինչու Իսրայելը մինչ այժմ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Նեթանյահուն ասել է․ «Կարծում եմ՝ ճանաչել ենք։ Կարծում եմ՝ Քնեսեթը դրա վերաբերյալ բանաձև է ընդունել», թեև նման օրենք մինչ օրս չկա։ «Ես հենց նոր ճանաչեցի։ Ահա»,-հավելել է նա։
Բեթ-Դեյվիդը ծագումով Իրանից ասորի քրիստոնյա ընտանիքից է։
BREAKING!
— Patrick Bet-David (@patrickbetdavid) August 26, 2025
Prime Minister @Netanyahu OFFICIALLY recognizes the Armenian, Assyrian & Greek genocide committed by the Ottoman Empire. pic.twitter.com/fLtsr41YRy
Տարածած հայտարարությամբ նա կարծես ազդարարում է Իսրայելի դիրքորոշման հնարավոր փոփոխությունը, քանի որ Թուրքիայի հետ հարաբերությունները շարունակում են սրվել, գրում է կայքը՝ հիշեցնելով, որ հայերը տասնամյակներ շարունակ ձգտում են ցեղասպանության միջազգային ճանաչման՝ ընդգծելով, որ Օսմանյան կայսրության կողմից իրականացված զանգվածային սպանությունները, տեղահանումներն ու բանտարկությունները, որոնք խլել են մոտ 1,5 միլիոն մարդու կյանք, ցեղասպանություն են։
Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, շարունակում է կտրականապես մերժել այդ որակումը։ Կայքը նշել է նաև, որ առաջին երկիրը, որը 1965 թվականի ապրիլի 20-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Ուրուգվայն է։




