Վերնատուն

Մեր ամենամեծ ձեռքբերումը խաղաղությունն է. Հակոբ Մովսես․ «Վերնատուն»

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված պատմական համաձայնագիրը նպատակ ունի վերջ դնել երեք տասնամյակից ավելի տևած պատերազմին։ Սակայն, հայ հասարակության մի զգալի մասի համար խաղաղությունը դիտարկվում է որպես միակողմանի զիջում, որը կարող է վտանգել ազգային շահերն ու անվտանգությունը։

Բանաստեղծ և թարգմանիչ Հակոբ Մովսեսը անդրադառնում է խաղաղության գաղափարին՝ փորձելով պատասխանել մի քանի կարևոր հարցերի․ ի՞նչ է խաղաղությունը հայ հասարակության պատկերացմամբ, արդյո՞ք այն սահմանափակվում է միայն ռազմական գործողությունների բացակայությամբ, ինչպե՞ս հաղթահարել պատերազմական տրավմաները և հասնել կայուն խաղաղության։

Հակոբ Մովսեսը կարծում է, որ Վաշինգտոնի համաձայնագիրը մեր ժամանակակից պատմության կարևորագույն էջերից մեկն է։ Նա հույս է հայտնում, որ այն շուտով իր պտուղները կտա։ Նրա խոսքով՝ պատմությունը ոչ միայն տարերային, այլև բանական կողմ ունի, իսկ ժամանակակից աշխարհը պահանջում է, որ ժողովուրդները իրենց պատմական կրքերն ու զգացմունքները ենթարկեն քաղաքականության և միջազգային իրավունքի օրենքներին։

«Ով չի ենթարկվում դրան, չարաչար պատժվում է, ճիշտ այնպես, ինչպես մենք պատժվեցինք Արցախի հարցում»,- նշում է նա։

Հակոբ Մովսեսը կարծում է, որ անցյալի ողբերգությունները պետք չէ մոռանալ, այլ պետք է գտնել դրանց լուծման և դրանցից դուրս գալու ճանապարհները։

«Բոլոր հարցերը կլուծվեն, եթե մենք ճիշտ երկիր կառուցենք»,-ասում է բանաստեղծը։ Նա նաև ավելացնում է, որ մարդկանց մոտ առկա տագնապներն ու խուճապներն արհեստական են՝ նշելով, որ այսօր աշխարհը շատ բարդ է, և Եվրոպայում էլ չկա մի պետություն, որն իրեն ամբողջությամբ ապահով կզգա։

Հակոբ Մովսեսը շեշտում է. «Վերջին տարիների մեր ամենամեծ ձեռքբերումը խաղաղությունն է»։ Նա դա համարում է քաղաքական մի կատեգորիա, որի առկայության դեպքում հնարավոր է կառուցել տնտեսություն, բանակ, հասարակություն, բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Ըստ նրա՝ հենց դա է այսօր մեզ անհրաժեշտ։

Կարդացեք նաև

Back to top button