
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ 3 տարեկան է, սակայն կարճ ժամանակում այն առնվազն հավասարվել է իրավապահ այն կառուցներին, որոնք մի քանի տասնամյակ է՝ գործում են․ այս համոզմանն է կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը։ Անցած երեք տարվա ամենակարևոր ձեռբերումը Բաբայանն օպերատիվ հետախուզական ստորաբաժանման ստեղծումն է համարում․
«Հատկապես, մենք կարևորում ենք այն արդյունքները, որ ունեցել ենք օպերատիվ հետախուզական մարմինների ստեղծման և դրանց գործունեության կազմակերպման առումով։ Մեր օպերատիվ գործունեությունն իրականացնող ստորաբաժանումն, ըստ էության, արդեն հավասարի պես աշխատում է Հայաստանի իրականության մյուս ՝ մեկ դարից ավելի պատմություն ունեցող ավանդական հատուկ ստորաբաժանումների շարքում»։
Հակակոռուպցիոն կոմիտեի թիմն արդեն ծանոթ է «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի զեկույցի բովանդակությանը՝ ասում է կոմիտեի փոխնախագահն ու վստահեցնում, որ առաջարկություններն ու դիտողություններն ի գիտություն են ընդունել և արդեն աշխատում են թերությունները շտկելու ուղղությամբ․
«Այս առումով ասեմ, որ բոլոր այն առաջարկները կամ դիտողությունները, որոնք զեկույցում կնկատեք, բնավ ցավագին չենք ընդունել, և չենք ընդունում, դրանք բոլորը մեզ համար, ըստ էության, փոխվելու կամ մեկ անգամ ևս դրա մասին մտածելու առիթներ են տվել»։
Դիտողությունները շատ չեն, բայց մտահոգիչ են՝ ասում է զեկույցի հեղինակ, հետազոտող Անուշ Հարությունյանը։ Ըստ նրա՝ թեև կոմիտեի անկախությունն ու կարգավիճակը գնահատվել է միջինից բարձր, արտաքին ազդեցությունների ռիսկը դեռ մտահոգիչ է․
«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության առավել խոցելի դրույթը օրենքով սահմանված նույն անձի՝ երկու անգամ անընդմեջ պաշտոնում նշանակվելու հնարավորությունն է։ Այն կարող է որոշակի ակնկալիքներ ստեղծել և՛ թեկնածուի, և՛ նշանակող կառուցի, այն է՝ վարչապետի կամ կառավարության մոտ, ինչի արդյունքում հնարավոր է հարցականի տակ դնել կոմիտեի անկախությունը և նրա գործառույթների պատշաճ և անկողմանակալ իրականացման ապահովումը»։

Զեկույցի հիմքում ոչ միայն հայ, այլև միջազգային փորձագետների հետ զրույցներն են։ Անուշ Հարությունյանն ասում է, որ կոմիտեի քաղաքական չեզոքության վերաբերյալ փորձագետները որոշ կասկածներ ունեն․
«Չնայած պաշտոնապես չկան ապացուցված դեպքեր քաղաքական չեզոքության վերաբերյալ, փորձագետների շրջանում տարածված են կոմիտեի՝ քաղաքական նպատակներով օգտագործման կասկածներ, ինչը մասամբ հետևանք է կոմիտեի վարույթում գտնվող գործերի վերաբերյալ անբավարար հրապարակային պաշտոնական տեղեկատվության»։
Չնայած այդ հանգամանքին, գնահատման ամենաբարձր միավորները ստացած գործիքներն են կոմիտեի անկախությունը և կարգավիճակը, համագործակցությունը և արտաքին հարաբերությունները, ինչպես նաև ֆինանսական և մարդկային ռեսուրսներով ապահովվածությունը։ Կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելումը, մինչդեռ, ամենացածր միավորներն է ստացել․
«Առավել ցածր գնահատական է ստացել կոմիտեի հետապնդման մակարդակը, այն 2021 թվականի համար ընդամենը 24 տոկոս է կազմել, քանի որ տարվա ընթացքում կարճված գործերի թիվը հասել է 76 տոկոսի։ 2022-ին հետապնդման մակարդակը կազմել է 39 տոկոս, իսկ կարճված գործերի քանակը՝ 61 տոկոս, իսկ 2023 թվականի համար կարճված գործերի քանակը հասել է 65 տոկոսի, ինչը նույնպես խնդրահարույց է» ։
Հակակոռուպցիոն կոմիտեն առաձին վիճակագրություն չի վարում, թե ո՞ր հանցագործությունների ետևից է գնացել սեփական նախաձեռնությամբ, և որոնց՝ ըստ մամուլի հրապարակումների։
Անուշ Հարությունյան․ «Վերլուծությունը ցույց է տվել, որ չնայած հաղորդումների թիվը տարեցտարի աճում է, հետագայում նախաձեռնված քրեական վարույթների զգալի մասը կարճվում է արդարացման հիմքերով, ինչը չի վկայում կոմիտեի կոռուպպցիոն հանցագործությունների հայտաբերման և քննության արդյունավետության մասին»։
Ըստ զեկույցի՝ ո՛չ իրավական դաշտում, ո՛չ էլ գործնականում կոմիտեն օժտված չէ տվյալների հասանելիության բավարար մեխանիզմներով։ Պետական բազմաթիվ մարմինների բազաներին էլեկտրոնային հասանելություն չունի, մինչդեռ դրանք խիստ կարևոր են կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման համար՝ ասում է զեկույցի հեղինակն ու հավելում՝ հակառակ այս պատկերի՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման միջին տևողությունը հետազոտողները բարձր են գնահատել․
«Արդյունավետության միջին ժամկետը 2023 թվականի համար կազնել է 4 ամիս , իսկ Քրեական դատավարության օրենսսգրքով սահմանված է, որ կոռուպցիոն հանցագործությունները հիմնականում միջին ծանրության են և դրանց քննման համար սահմանել է 5 ամիս ժամկետ»։
Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի վիճակագրությունը փաստում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն չի մտնում ամենապահանջված պետական կառույցների տասնյակի մեջ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ հանրության հետ կապը կոմիտեն ապահովում է հիմնականում թեժ գծի, սոցիալական հարթակների միջոցով։ Մասնագետները կարևորել են հատկապես այն, որ կոմիտեի հետադարձ կապն ու հանցագործությունների մասին հաղորդագրություններին արձագանքը 93 տոկոսից բարձր է։




