Վերնատուն

«Պարտության պատմությունը»՝ վերամտածելու հնարավորություն․ «Վերնատուն»

Գրող, «Բուն» հեռուստատեսության հիմնադիր, տնօրեն Գեմաֆին Գասպարյանի «Պարտության պատմություն» գիրքը, որը լույս է տեսել անցյալ տարի, հեղինակի թվով երկրորդ գիրքն է։

Այն մտահղացել է 44-օրյա պատերազմից հետո, երբ սկսել է մտածել պարտության պատճառների, պարտությունը որպես իրողություն չընդունելու, նրա պատասխանատվության բեռն ուրիշի վրա թողնելու մասին։

Իր առաջին՝ «Չկա չկա» վերնագրով գիրքը, որը լույս է տեսել 2017 թվականին, հեղինակի մեկնաբանությամբ՝ պոստմոդեռնիստական է, երկրորդը՝ կոնցեպտուլ։ Ասում է՝ յոթը տարվա ընթացքում մի մեծ էպոխա է անցել, կարծում է, որ ժամանակն է նոր լեզու ձևավորելու, որը նոր մոդեռնիզմ կձևավորի։

Հեղինակն ասում է՝ գիրքը պարտության մասին է, որը եղել է մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և շարունակվում է մինչև այսօր, քանի որ մենք ինքներս չենք կարողանում հաղթահարել անցյալի մտածողության ձևերը, որոնք տարիների, նույնիսկ դարերի արդյունք են։ 

Նա ուզում է յուրաքանչյուր ընթերցողի մասնակից դարձնել պարտության պատմությանը։ Պատասխանատվությունը պիտի ստանձնի յուրաքանչյուրը և այդպիսով փորձի ինչ-որ բան փոխել։

«Իմ կարծիքով պատերազմից հետո առաջնային և կարևոր գործը, որ պիտի անենք դա պարտությունը ճանաչելն է։ Պարտության աչքերի մեջ ուղիղ նայելը», – ասում է հեղինակը։

«Մենք փորձում ենք խուսափել ինքներս մեզ բարդ հարցեր տալ։ Բարդ հարցերը՝ բարդ լուծումներ ունեն, որը ջանք է պահանջում, հետևողական աշխատանք, հատկապես մտքի աշխատանք։ Ես ուզում եմ, որ այս գիրքը լինի վերամտածման հնարավորություն։ Պարտություններ լինում են խնդիրն այն է, թե ինչպես ես արձագանքում պարտությանը։ Այս գիրքը իներցիայի դեմ է ու շարունակվող իներցիան հաղթահարելու մասին է», –ասում է հեղինակը։

Կարդացեք նաև

Back to top button