
Ակնկալվում է, որ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Վաշինգտոնում կստորագրի օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը։
Ըստ Reuters-ի Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է, որ «լսել է» Զելենսկու՝ ԱՄՆ այցելելու ծրագրերի մասին: «Եվ ես, իհարկե, առարկություն չունեմ, եթե նա ցանկանում է դա անել», — հավելել է նա:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Վաշինգտոնը փաստաթղթից հանել է որոշ դրույթներ, որոնց հետ Կիևը համաձայն չէ։
Մասնավորապես, համաձայնագրի նոր տարբերակը չի ներառում ստեղծվող ներդրումային հիմնադրամին 500 միլիարդ դոլար ուղղելու Կիևի պարտավորությունը։ Կողմերը պայմանավորվել են նաև հիմնադրամի համատեղ կառավարման մասին (մինչդեռ նախկինում քննարկվում էր, որ այն պատկանելու է միայն ԱՄՆ-ին)։
Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը շահագրգռված է Ուկրաինայից հազվագյուտ հողային մետաղներ ստանալու հարցում։ Փետրվարի 12-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին է հանձնել օգտակար հանածոների մասին համաձայնագրի տեքստը։
Զելենսկին, որն ավելի վաղ հայտնել էր գործարք կնքելու իր պատրաստակամության մասին, այն չէր ստորագրել ո՛չ Բեսենթի հետ կայացած հանդիպման ժամանակ, ո՛չ էլ ավելի ուշ Մյունխենում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ժամանակ։




