ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Լրտեսական ցանցի բացահայտում՝ Մոսկվայից պոկվելու համար․ ռուս-ադրբեջանական լարվածությունը՝ ըստ փորձագետների

Հաղորդում ռուսական լրտեսական ցանցի գործունեության մասին, ռուս պատգամավորի մուտքի արգելք Ադրբեջան ու հակառուսական քարոզ։ Ադրբեջանական լրատվամիջոցները, հղումով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հայտնում են, որ Բաքուն արգելել է ռուս պատգամավոր Նիկոլայ Վալուևի մուտքը երկիր։ Նշվում է, որ պատգամավորի հակաադրբեջանական դիրքորոշման պատճառով է նրա անունը ներառվել այն անձանց ցանկում, որոնց մուտքն Ադրբեջան արգելված է։ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեությունը Ադրբեջանում դադարեցնելուց հետո Վալուևն ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին անվանել էր «ամբոխ» և իշխանություններին կոչ էր արել «ստիպել նրանց օրենքի մաղով անցնել»։ Ռուս-ադրբեջանական լարվածությունը սկիզբ առավ ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո։ Փորձագետները, սակայն, այս լարվածության ներքո այլ զարգացումներ են ենթադրում։

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները երբեք էլ բարեկամական չեն եղել, պարզապես Բաքուն ճիշտ էր հարաբերվում Մոսկվայի հետ, ասում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, վերլուծելով երկու երկրների միջև առաջացած լարվածությունը, ինչը դրսևորվեց ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո։

«Ադրբեջանը միշտ աշխարհաքաղաքականության մեջ խաղում էր այդպես, որ մնում էր ընկալելի Ռուսաստանի համար։ Ինքնաթիռը անշուշտ միայն առիթ է, բայց էմոցիոնալ, որը, որպես կանոն, օգտագործում է, որպեսզի ինչ-որ խնդիրներ բարձրաձայնվեն։ Այլ պարագայում նման դեպքերը անտեսվում են կամ կարող են տեխնիկական լուծում ստանալ, ինչը և ռուսական կողմից առաջարկվել է, բայց Ալիևը որոշեց դա հրապարակային սկանդալի վերածել»։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացրած խումբ բացահայտելու մասին, որում ներգրավված են եղել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ։ Մասնավորապես շեշտվում է նախկին արտգործնախարար Մամեդյարովի անունը, որին նախարարի պաշտոնից Ալիևը ազատեց 2020 թ․ հուլիսի 16-ին: Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում հիշեցնում է, որ պաշտոնանկությունը տեղի ունեցավ Տավուշում հուլիսյան հայտնի մարտերից հետո, երբ Ադրբեջանը, ըստ Բադալյանի, ունեցավ փաստացի լոկալ պարտություն ու կորուստներ:

«Հուլիսյան մարտերը փաստորեն եղան առի՞թ Մամեդյարովին հեռացնելու համար, Ալիևը դա՞ էր փնտրում, թե՞ պատճառ, որ դարձյալ գուցե փնտրում էր: Բարդ է ասել, բայց, երբ նա պաշտոնանկ արեց Մամեդյարովին և նշանակեց Բայրամովին՝ ըստ էության դիվանագիտության, արտաքին քաղաքականության հետ կապ չունեցող, ես այդ ժամանակ հոդված եմ գրել, եզրակացնելով, որ Ալիևին փաստորեն մոտ ապագայում առանձնապես պետք չի գալու ԱԳՆ-ն՝ որպես դիվանագիտական գործիք»:

Հակոբ Բադալյանը նաև հիշեցնում է, որ Մամեդյարովի դեմ գործողությունները Ալիևը սկսել էր շատ ավելի վաղ, հուլիսյան մարտերից շատ առաջ, երբ ԱԳՆ-ում ստուգումներ էր նախաձեռնել, ինչին նաև հաջորդեցին Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պաշտոնյաների ձերբակալությունները:

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կատարվածին իր բացատրությունն է տալիս․

«Նախ, եթե Ալիևի կողքին 17 տարի Ռուսաստանի գործակալ է եղել, ապա հարցեր են ծագում Ալիևի նկատմամբ, և այն մարդիկ, ովքեր դա չեն հասկանում, իրենք խնդիր ունեն։ Իսկ ով է իրեն նշանակել և պահել այդքան տարիներ։ Երկրորդը՝ ակնհայտորեն, երբ որ Մամեդյարովը արդեն հասկացել է, որ պատերազմի է գնում Ալիևը, որոշել է գնալ, և Բայրամովը, որպես պատերազմին դիվանագիտական նախարար, այսինքն, պատերազի արտգործնախարար նշանակվել է 2020 թվականին»։

Լրտեսական ցանցի բացահայտման մասին հայտարարվում է այն ժամանակ, երբ հստակ նպատակ կա այդ երկրից, պատկերավոր ասած, պոկվելու, հստակեցնում է փորձագետը։ Բայց նա նման քայլերի համար նախադրյալներ է մատնանշում։ Միքայելյանը կատարվածը պայմանավորում է ՌԴ-Թուրքիա դանդաղ սրվող հարաբերություններով, ինչն ակնհայտ դարձավ հատկապես Սիրիայում ՌԴ դիրքերի թուլացումից և Թուրքիայի դիրքերի ամրապնդումից հետո։

«Փորձ է արվելու Թուրքիայի կողմից ողջ Հարավային Կովկասը օտարել Ռուսաստանից, հատկապես, որ Վրաստանում հիմա կարծես անորոշ իրավիճակ է այս առումով, և որպեսզի իրավիճակը չփոխվի և Ռուսաստանը չկարողանա վերականգնել իր ազդեցությունը, հենց այս ֆոնին Ադրբեջանն է գործում։ Անշուշտ, հնարավոր չէ դա միայն ինքնաթիռի հետ կապել»։

Ռուսաստանի կողմից լրտեսական ցանց ստեղծելու մասին հրապարակումները հետաքրքրություն են առաջացրել Ադրբեջանի հասարակության մոտ, հատկապես երբ նշվում է, որ ցանցում ընդգրկված են բարձրաստիճան արդեն նախկին պաշտոնյաներ ու դիվանագետներ, ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ռուսական լրտեսական ցանց հայտնաբերելու մասին հայտարարություններին զուգահեռ դադարеցվեց նաև Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը։

Կարդացեք նաև

Back to top button