
ԱՄՆ-Իրան գործարքի գնալու հավանականությունը տարբեր կերպ է գնահատվում փորձագիտական շրջանակներում։ Թեհրանից հնչող հայտարարությունները վկայում են, որ Իրանը չի ուզում գնալ գործարքի և այն համարում է նոր դավեր՝ Իրանի դեմ։ ԱՄՆ նախագահ Թրամփը, սակայն, խոսում է բանակցությունների և գործարքի պատրաստվելու մասին։ Այլ է Իրանի նկատմամբ Իսրայելի տրամադրվածությունը, կարծում են իրանագետները։ Նրանք չեն բացառում, որ փորձ կարվի ԱՄՆ ներքաշել ռազմական գործողությունների մեջ, թեև քիչ հավանական է, որ Վաշինգտոնը նման քայլի գնա։
Արդյո՞ք ԱՄՆ ուզում է բարելավել հարաբերությունները Իրանի հետ, թե՞ այն, ինչ հայտարարվում է, հռետորաբանություն է։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը գրեթե համոզված է, որ ԱՄՆ-Իրան ոչ պաշտոնական բանակցություններն արդեն սկսված են, և փոխադարձ արձագանքները հենց դրա մասին են վկայում, և հարցն այն է, թե կողմերը որքանո՞վ կգնան գործարքի, ինչի մասին հայտարարում է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը նշում է, որ նախընտրում է գործարք կնքել Իրանի հետ, քան ներքաշվել ռազմական հակամարտության մեջ:
«Իմ վարկածը հետևյալն է՝ ԱՄՆ ուզում է հարաբերությունները լավացնել Իրանի հետ և լարվածությունը նվազեցնել, իսկ Իրանը ուզում է, որպեսզի այդ գործարքը դիվանագիտորեն իր համար ձեռնտու լինի, այսինքն, ընկալելի լինի ։ Եվ, ըստ այդմ, փորձելու է բանակցել՝ ինչքան հնարավոր է լավ գործարք կնքել, ինչպես դա արվել էր 8 տարի առաջ»։
Fox News–ին տված հարցազրույցում Դոնալդ Թրափը նշում է, թե բոլորը կարծում են, որ Իսրայելը Միացյալ Նահանգների օգնությամբ կամ հավանությամբ կռմբակոծի Իրանի տարածքը, սակայն ինքը նախընտրում է, որ նման բան տեղի չունենա և դրա համար ցանկանում է Իրանի հետ այնպիսի գործարք կնքել, որը հնարավորություն կտա մոնիտորինգ իրականացնել Իրանում։ Թրամփը, թերևս, նկատի ունի միջուկային օբյեկտները։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, սակայն, հստակեցնում է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած արտաքին սպառնալիքի, և որ զինված ուժերն ավելի լավ վիճակում են, քան երբևէ։
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին՝ ԱՄՆ հետ Իրանի բանակցությունների մասին նշում է, որ նման կառավարության հետ չպետք է բանակցել, և որ դա խելամիտ ու պատվաբեր չէ:
Իրանագետ Արմեն Վարդանյանը գրեթե համոզված է, որ ԱՄՆ-Իրան գործարք տեղի չի ունենա, այն կձախողվի, ինչպես դա եղավ մի քանի տարի առաջ․
«Չեմ կարող վստահ ասել, որ գործարք կլինի՞, թե՞ ոչ, հաշվի առնելով նախորդ տխուր պատմությունը։ Իրականում այն, որ երկու կողմերը ձգտում են գործարքի, սա ակնհայտ է, բայց Իրանում մտահոգություններ կան, հաշվի առնելով նախորդ գործարքի տխուր պատմությունը, որովհետև 2015 թվականին, երբ Օբամայի վարչակազմի օրոք կնքվեց հայտնի միջուկային գործարքը, Թրամփը 2018 թվականին, երբ որ նախագահ դարձավ, միակողմանիորեն դուրս եկավ այդ գործարքից։ Դրա համար Իրանում այժմ տարակուսած են, մտահոգված են և մտավախություն ունեն, որ եթե նոր համաձայնագիր ստորագրեն, չկա որևէ երաշխիք, որ Թրամփը դուրս չի գա կամ մեկ այլ հաջորդ նախագահը դուրս չի գա այդ համաձայնագրից»։
Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն արդեն հայտնել է ԱՄՆ նոր նախագահի գլխավորած վարչակազմի հետ բանակցելու անհնարինության մասին, քանի որ Վաշինգտոնը չի կատարել նախկին պայմանավորվածությունները։ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին էլ հայտարարում է, որ Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել ճնշման տակ։
Իրանագետը կարծում է, որ Թեհրանը իրականում ակնկալում է բանակցություններ, ինչի արդյունքում կազատվի պատժամիջոցներից ու կկարողանա այսպես ասած՝ շնչել։
Իսկ Թեհրանը գործարքի կգնա միայն երաշխիքներ ունենալու դեպքում, որ օրինակ, ԱՄՆ միակողմանի դուրս չի գա համաձայնությունից։
Արմեն Վարդանյանը, սակայն, չի բացառում, որ Իսրայելը փորձի ինքնուրույն քայլեր ձեռնարկել։
«Չի բացառվում, որ ռազմական գործողություններով Իսրայելը փորձի հարցը լուծել։ Իհարկե, Իսրայելը ուզում է ռազմական գործողությունների դիմել և դրանով ներքաշել նաև ԱՄՆ-ին, բայց տեսնում ենք, որ ԱՄՆ չի ուզում պատերազմ»։
Քաղաքագետի կարծիքով՝ Իրանի դիրքերը բավականին թուլացել են վերջին զարգացումներից հետո, մասնավորապես, Սիրիայում տեղի ունացած իրադարձություններից հետո, երբ Իրանը կորցրեց իր ներկայությունն այդ երկրում․
«Իրանի ներսում Իրանի ռեսուրսները շարունակում են մնալ նույնը, բայց կա գիտակցում, որ Իրանը չպետք է հիմա բոլոր ուժերը ծախսի այդ պայքարի վրա։ Հենց դրանով է պայմանավորված Թեհրանի վերջին ժամանակներում զգալիորեն և կոմպրոմիսային ֆիգուրի Փեզեշքիանի ընտրությունը։ Այսպիսով, Իրանը այնքան չի թուլացել, որքան ուղղակի փորձում է հավաքել ուժերը հետագա թե՛ բանակցություններից, թե՛ գործողություններից առաջ»։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն էլ գտնում է, որ առաջիկա երեք ամսում պարզ կլինի, թե ինչպես կզարգանան Իսրայել-Իրան հարաբերությունները։




