
Անցնող 2024 տնտեսական տարին տվյալների ամփոփ ու ամբողջական վերլուծությունը վիճակագիրները մոտ մեկ ամսից, բայց մասնագիտական ու փորձագիտական դաշտում, մասնագիտական կառույցները ամփոփումներ կատարել են։
2024-ը աշխարհաքաղաքական ու տնտեսական համատեքստում բարդ տարի էր։ Ուստի Հայաստանում տեղի ունեցող տնտեսական զարգացումները համահունչ էին համաշխարհային տնտեսական զարգացումներն՝ փաստում են տնտեսագետները։ Փորձագիտական դաշտում փաստում են՝ ռուս-ուկրաինական ու ոչ միայն հակամարտությունները Հայաստանի տնտեսության վրա ավելի շատ դրական են ազդել, քան բացասական։ Հայաստանի տնտեսական զարգացումներում վերջին տարիներին առանցքային դեր ունեին առևտուրն ու ծառայությունները, զբոսաշրջությունը, նաև՝ դրամական փոխանցումները։
Տնտեսագետ Համլետ Մկտչյանն ընդգծում է․ «2022-2024 թվականներին մարդկանց իրական եկամուտներն աճել են։ Միջին տնտեսական աճը մոտավորապես 10 տոկոսի շրջանակներում է։ Սա կարևոր ցուցանիշ է»։
2024-ի Հայաստանի արտահանման կառուցվածքում առանցքային է դարձել վերաարտահանումը՝ ընդգծում է Աքսես վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը․ «Հունվար-հոկտեմբերի կտրվածքով մեր արտահանման 42 տոկոսն է բաժին հասել, որը արհեստական ցուցանիշ է, հիմնականում ոսկու վերաարտահնմամբ է պայմանավորվել։ ՌԴ մասնաբաժինը մոտ 22 տոկոսի շրջակայքում է, բայց սա էլ է արհեստական։ Մեր խնդիրն այն է, որ վիճակագրությունն աղճատված է»։

Եթե վերաարտահանման գործոնը դուրս գա, Հայաստանի արտահանման կառուցվածքը կարող է փոխվել՝ արձանագրում է տնտեսագետը։ Նշում է՝ նախկինում նույնպես վերաարատահանում կար, իհարկե ոչ այսքան․ «Իսպանիայից բերում էին արքայանարինջ ու տանում էին։ Իրանից Կիվի էին բերում ու արտահանում ՌԴ։ Վերաարատհանում կար, բայց ոչ այսքան»։
Հայաստանի տնտեսական զարգացումների համար հետաքրքիր մեկ արձանագրում ևս․ վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում փոխվեց գնաճի թիրախային ցուցանիշը՝ 4 տոկոսից դառնալով 3 տոկոս։ Սա, ինչպես գլխավոր դրամատանն են պարզաբանում, գների ու ֆինանսական կայունության պահպանման համար։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ընդգծում է․ «Քայլը նախ և առաջ նպատակաուղղված է մեր հասարակության համար գների կայունության նպատակին ավելի համահունչ նպատակակետ սահմանելուն։ Քանի որ երկրում գների կայունությունը մենք ենք ապահովում, ապա տարիներ շարունակ մեր բոլոր հետազոտությունները վկայում են, որ 3 տոկոսն ավելի համահունչ է»։
Տարվա ընթացքում ԿԲ-ն նաև պարբերաբար նվազեցրեց վերաֆինասավորման տոկոսադրույքը։ Ակնկալվում է, որ վարկերի տոկոսադրույքները ևս կնվազեն։
Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ գներով 2024-ի երրորդ եռամսյակում կազմել է 2 տրիլիոն 738 մլրդ դրամ ՝ 2023-ի համեմատ մոտ 5 տոկոսով ավելացել է համախառն ներքին արդյունքը։ Հայաստանում նոյեմբերից սկսեց դրամի արժևորում։ Փորձագետները բացատրեցին՝ սա նույնպես տնտեսական իրողություններով է պայմանավորված․
«Վերջին շաբաթներում ռուբլու նկատմամբ որոշակի արժևորում է նկատվում։ Սա պայմանավորված է հիմնականում ՌԴ-ում մեծ պահանջարկի ու գնճի սպասումներով ու ռուբլու արժեզրկմամբ»։

Հայաստանի տնտեսական կյանքում կարևոր է նաև զբոսաշրջիկների ծախսերը՝ որքան գումար են նրանք ծախսում, որքան են մնում Հայաստանում։ Վիճակագրական կոմիտեն նման տվյալ չի հրապարակում՝ ասում է տնտեսագետ Համլետ Մկրտչյանը՝ նշելով՝ իրենք հաշվարկներ արել են․
«2022-ին այցելուների կողմից Հայաստանում արվող ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 12․5 տոկոսը։ 2023-ին՝ ՀՆԱ-ի 16․31 տոկոսն է կազմել։ Սա վերջին տասը տարիների առավելագույն ցուցանիշն է։ Զբոսաշրջությունն արդեն դարձել է ու ՀՀ տնտեսության համար միջնաժամկետ հատվածում կարող է շարունակել մնալ տնտեսական աճի ապահովման կարևոր գործոն»։
Մասնագիտական դաշտում տնտեսության ճյուղերի ու արտահանման ապրանքախմբերի, ինչպես նաև երկրների դիվերսիֆիկացիան են կարևորում։ Հայաստանի տնտեսությունն այստեղ մեծ անելիք ունի։ Թե՛ երկրների, թե՛ ապրանքների մասով կախվածությունը մեծ է ՌԴ-ի տնտեսությունից, հանքահումքային ապրանքներից։ Փորձագիտական դաշտում 2025-ի տնտեսական կանխատեսումներից խուսափում են։
Բացատրում են՝ աշխարհաքաղաքական կյանքն այնքան արագ է զարգանում, որ դժվար է ասել, թե երբ, որտեղ ու ինչ զարգացումներ կլինեն։ Մեծ հաշվով հենց այդ զարգացումներն են ազդում տնտեսական աճի վրա՝ թե դրական, և թե բացասական առումով։




