ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Համարիր, որ երկուսով երրորդ երեխայիդ ենք պահում․ Ալլա Ստեփանյան․ «Կյանքին ասել այո՛»

Ալլա Ստեփանյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ Ամուսնացել է 2001 թվականին։ Տասնութ տարեկան էր, երբ 2002-ին ծնվեց առաջնեկը՝ Սամվելը, 2003-ին ծնվեց  Արսենը։ Արսենը շատ աշխույժ էր, մի քիչ կռվարար, Սամվելը բնավորությամբ եղբոր  հակապատկերն էր։ Դպրոցից հետո Սամվելն ընդունվեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի  «Էներգետիկա» բաժինը, 2020-ի հուլիսի 27-ին զորակոչվեց բանակ։ 44-օրյա պատերազմում Սամվելը հրաշքով էր փրկվել մահից ու տուն վերադարձել։ Արսենը զորակոչվեց 2022-ի հունվարի 24-ին։ Երբ սկսվեցին 2023-ի ռազմական գործողությունները նա ժամկետային էր, իսկ Սամվելը՝ պայմանագրային զինծառայող 5-րդ պաշտպանականի  «Եղնիկներ» կոչվող զորամասում։

Սեպտեմբերի 19-ին և 20-ին, կարելի է ասել  մեկ օրվա ընթացքում, Ալլան կորցրեց երկու զավակներին։ Երկուսն էլ զոհվեցին իրենց վստահված դիրքում՝ Սամվելը՝ «Եղնիկների», Արսենը՝ Ճանկաթաղ գյուղի։ Զոհվեցին՝ պաշտպանելով Ալլայի երրորդ «զավակին»։

«Ես միշտ իրենց ասում էի՝ Արցախը իմ երրորդ երեխան է։ Երբ վերջին անգամ Սամվելի հետ խոսեցի, սկսեցի լաց լինել։ Հարցրեց՝ ինչի՞ ես լացում, համարիր, որ երկուսով երրորդ երեխայիդ  ենք պահում»,-պատմում է Ալլան։ Հակարին անցնելիս նա հետևում թողեց ամբողջ մի կյանք, որը, կարծեք, չէր էլ եղել։ Այժմ միայնակ ապրում է Երևանում, Արցախի պաշտպանության բանակում երկար տարիներ ծառայած նախկին զինվորականն աշխատանքի մասին չի էլ մտածում, աշխարհի հետ շփումը բարդացել է։ Տանը որդիների հետ է՝ աչքը դեպի նրանց տանող ճանապարհին։

Կարդացեք նաև

Back to top button