Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելուն, որը մտցնելու մտադրության մասին երեքշաբթի ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրի նախագահ Յուն Սոկ Յոլը։ Նա այս միջոցն անհրաժեշտ է համարել սահմանադրական կարգը «կոմունիստական ուժերից» և ԿԺԴՀ-ից բխող սպառնալիքներից պաշտպանելու համար:
Նախագահի խոսքով՝ սպառնալիքը գալիս է ինչպես Հյուսիսային Կորեայից, այնպես էլ տեղական «հակապետական տարրերից», որոնք պետք է արմատախիլ արվեն։ Նա չի հստակեցրել, թե ինչպիսի սպառնալիքներ են գալիս հյուսիսից։
YTN հեռուստաալիքի կայքը հրապարակել է ուղերձի տեքստը, որում Յուն Սոկ Յոլը ընդդիմությանը մեղադրում է պետության աշխատանքը կաթվածահար անելու մեջ՝ փորձելով իմպիչմենտի ենթարկել կառավարության հիմնական գործիչներին և պաշտոնյաներին։ Նրա խոսքով, այն պահից, երբ նոր կառավարությունը սկսել է իր աշխատանքը (ընտրություններն անցկացվել են այս գարնանը), Ազգային ժողովը սպառնացել է իմպիչմենտի ենթարկել 22 պետական պաշտոնյայի, այդ թվում՝ մի քանի դատախազի, ՆԳ նախարարին և պաշտպանության նախարարին։
«Սա ակնհայտ հակապետական գործողություն է, որը խախտում է ազատ Կորեայի սահմանադրական կարգը և ոչնչացնում է Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված օրինական պետական ինստիտուտները՝ փորձելով քաղաքացիական պատերազմ հրահրել», — ասել է Յուն Սոկ Յոլը:
«Մեր Ազգային ժողովը դարձել է հանցավոր խմբավորումների որջ և օրենսդրական դիկտատուրայի միջոցով փորձում է կաթվածահար անել երկրի դատական-վարչական համակարգը և տապալել լիբերալ ժողովրդավարության համակարգը»,- ասել է նա։
Ե՛վ իշխող կուսակցությունը, և՛ ընդդիմությունը դեմ են եղել ռազմական դրություն մտցնելուն։ Խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հարավային Կորեայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լի Չժե Մյունը այն անվանել է հակասահմանադրական, իսկ նախագահի «Ժողովրդական ուժ» կուսակցության ղեկավար Հան Դոնգ Հունը՝ անօրինական և խոստացել է արգելափակել։
Վերջին անգամ Հարավային Կորեայում ռազմական դրություն մտցվել է 1979 թվականին՝ այն ժամանակվա բռնապետ Պակ Չունգ Հիի սպանությունից հետո։
Reuters-ը հայտնել է, որ 300 օրենսդիրներից 190-ը կողմ են քվեարկել նախագահ Յուն Սոկ Յոլի կողմից հայտարարված ռազմական դրությունը չեղարկելուն։
Հաղորդվում է նաև, որ խորհրդարանի շենքի գլխավոր մուտքի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել:
Հարավային Կորեայի Սահմանադրության համաձայն՝ ռազմական դրությունը խորհրդարանական մեծամասնության պահանջով կարող է չեղարկվել։
Զինվորականները հայտարարել են, որ կկատարեն հրամանը, քանի դեռ երկրի նախագահը չի չեղարկել այն:




