ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Մարդկությունը թևակոխում է նոր շրջափուլ, որը հիշվելու է ռազմական տարբեր գործողություններով․ Արմեն Մանվելյան

Աշխարհը գնում է ռազմականացման ճանապարհով, գրեթե նույն իրավիճակն է նախորդել առաջին և երկրորդ աշխարհամարտերին, ինչը հանգեցրել է գլոբալ բախման։ Այս համատեքստում ինչ-որ պահի նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է փոքր հակամարտություն թվալ` ասում է միջազգայնագետ, անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։  

«Ռադիոլուր»-ի զրուցակցի կարծիքով` անվտանգային նախկին համակարգերը, որոնք հնարավորինս հավասարակշռում էին իրավիճակը, փլուզվել են։ «Երբ  զսպման համակարգերը դադարում են գործել, հաջորդում են պատերազմական գործողությունները, ինչն էլ հանգեցնում է ռազմական ծախսերի էական մեծացման։ Սա նշանակում է, որ մարդկությունը թևակոխում է զարգացման մի նոր փուլ, որը հիշվելու է ռազմական տարբեր գործողություններով»,- ասում է Արմեն Մանվելյանը։         

ԵՄ երկրներից ռազմական ծախսերը հիմնականում ավելացրել են Լեհաստանը, Էստոնիան, Ֆինլանդիան, Լիտվան։ Այս երկրները հատկապես մտահոգված են Ռուսաստանի ռազմական ագրեսիայով, ուստի զգալիորեն ավելացրել են իրենց պաշտպանական բյուջեները:

Ռազմական ծախսերը ռեկորդային չափով ավելացրել է նաև Մոսկվան։

2025 թվականին դրանք կկազմեն 13,5 տրիլիոն ռուբլի (145 միլիարդ դոլար)՝ երկրի ընդհանուր ծախսերի մոտավորապես 41 տոկոսը։ Սա ավելին է, քան առողջապահության, կրթության, սոցիալական քաղաքականության և ազգային տնտեսության խոստացված ֆինանսավորումը միասին վերցրած։

Նման չափով պաշտպանական ծախսեր երկիրը չի ունեցել Սառը պատերազմի ժամանակներից ի վեր:

Կարդացեք նաև

Back to top button