
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի աշխատանքային երկրորդ օրը ուշագրավ է հատկապես տարբեր պատվիրակությունների երկկողմ հանդիպումներով։
Իրենց առանձին հաստատված հանդիպումները վեհաժողովին զուգահեռ անցկացնում են նաև ՀՀ վարչապետն ու արտգործնախարարը։ Թեև Արարատ Միրզոյանի հանդիպումներն ավելի ինտենսիվ են, որոնց ընթացքում նա ներկայացնում է խաղաղության օրակարգը և «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, առանցքայինը, թերևս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն է։
Վերլուծաբանների համար այս հանդիպմանն առնչվող նրբություններ կան, որոնք շատ կարևոր են համարվում։
Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության հաստատման օրակարգ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում «Ապագայի գագաթնաժողովում» ունեցած ելույթում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը` հստակեցնելով, որ այդ առաջարկը հիմնված է Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա:
Սա այն դեպքում, երբ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են օկուպացիայի տակ պահել ինքնիշխան Հայաստանի 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք, իսկ Ադրբեջանի նախագահը Բաքվում, Նյու Յորքում հնչող հայտարարություններին զուգահեռ, հիմնավորում է ռազմական ներուժը ուժեղացնելու անհրաժեշտությունը և պնդում, որ «Խաղաղության պայմանագրի» նախագծից հանվել են Հայաստանի շահերից բխող կետերը։ Եվ սա այն դեպքում, երբ Բաքուն մերժել է Երևանի առաջարկը՝ ստորագրել «Խաղաղության պայմանագրի» հաստատված կետերը, իսկ մնացածի շուրջ շարունակել բանակցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարի վերանայեց ՄԱԿ-ի ամբիոնից իր ունեցած ելույթները։ 2024-ի իր խոսքը նա կառուցեց այն հիմքով, որ այսօրվա ամենակարևոր գործը ապագան նախագծելն է։ Դրա համար կարևոր է համարում, ինչպես ինքն է ձևակերպել՝ «պոզիտիվ խոսույթներ ձևավորելը»։
Փաշինյանն սկսեց հենց իրենից․ «Ի տարբերություն նախորդ երեք անգամների, ես Գլխավոր ասամբլեայի իմ այս տարվա ելույթում ավելի շատ կկենտրոնանամ հնարավորությունների վրա, քան հարևան երկրներին մեղադրելու։ Եվ դա դրական մտածելու և հնարավորությունների մասին խոսելու հնարավորություն կտա»։
Այն, որ ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի վարչապետը չխոսեց պատերազմից 4 տարի անց Բաքվում պահվող գերիների, Հայաստանի օկուպացրած տարածքների և Ադրբեջանի նորանոր պահանջների մասին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահե Ղալումյանին չի մտահոգում․

«Երևի այդ հարցերին անդրադարձ չի եղել, հնարավոր է, որ այդ հարթակը այն հարթակը չէ, որ դրանց անդրադառնար, բայց Հայաստանը իր իրավական հիմք ունեցող պահանջներից երբեք չի հրաժարվել»։
«Պոզիտիվ խոսույթի» համատեքստում,տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպումը, որը ծրագրված է անցկացնել «Թուրքիայի տանը»։ Ենթադրյալ հանդիպման մասին առայժմ գրում է միայն թուրքական մամուլը։ Նախքան հնարավոր հանդիպումը Էրդողանն արդեն խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից։
ԱՄՆ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում մշտական խաղաղության ու կայունության հասնելու կարևոր հնարավորություն են ստացել։
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը համոզված է, որ Փաշինյան-Էրդողան հնարավոր հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը, բայց վերլուծաբանը նաև վստահ է, որ վերջին մեկ տարում Թուրքիայի և Ադրբեջանի միջև առաջացել է որոշակի տարաձայնություն․
«Շատ հետաքրքիր է, թե այս հանդիպումից հետո ինչպիսի հայտարարություններով հանդես կգան կողմերը՝ Հայաստանը և Թուրքիան։ Այստեղ, իմ կարծիքով, ավելի հստակ կդառնան այն ուղենիշները, որոնցում Թուրքիայի և Ադրբեջանի շահերը չեն համընկնում։ Այն դիրքավորումը, որը Ադրբեջանը կընտրի, այն արձագանքը, որը մենք կստանանք Բաքվից, ակնհայտորեն ցույց կտա, թե Ռուսաստանը որքանո՞վ է մտահոգված Հայաստան-Թուրքիա ուղիղ շփումներով։ Այստեղ հարցը այն մասին է, որ այս պահին որոշակի շահեր կան, որտեղ Հայաստանը և Թուրքիան կարող են այդ շահերը համատեղ իրացնել և այդ շահերը ակնհայտորեն հակասում են Ռուսաստան-Ադրբեջան շահերին»։
Այս ամենի ֆոնին ուշագրավ է նյույորքյան հարթակում Ադրբեջանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարների հանդիպումը։ Իսկ Բաքվում հանդիպել են Ռուսաստանի փոխարտգործնախարար, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն, նրանք քննարկել են «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցեր»։
Վերլուծաբանները շատ են խոսում այն մասին, որ հակասությունը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ է։ Նրանք համարում են, որ Թուրքիային պարզապես ճանապարհ է հարկավոր, և Անկարայի համար էական չէ, թե ում վերահսկողության տակ կլինի այն։
Փոխարենը՝ այս հարցում սկզբունքային է Իրանը։ Այդ երկրի ղեկավարությունը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը սահմանների անքակտելիության մասին։ Իսկ ՄԱԿ-ի ամբիոնից Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հստակեցրեց․ «Իրանի համար առաջնահերթությունը հարևաններն են»։
«Միջազգային հարաբերություններում մեր առաջնահերթությունը հարևաններն են, որոնց հետ մենք կհասնենք փոխըմբռնման՝ սահմանների, տարածքների ու անվտանգության պահպանմամբ, մենք կկանխենք ցանկացած գործողություն, որ սպառնում է մեզանից ցանկացածի ներքին անվտանգությանը»։
Ի դեպ, նյույորքյան հարթակը կօգտագործվի նաև Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման համար, որը նախապես ծրագրված էր։
Հայաստանի համար կարևոր ուղղությունները կարելի է հասկանալ նաև Նյու Յորքում պաշտոնական հանդիպումների պատկերից։ Նյույորքյան հարթակում արդեն հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Նարենդրա Մոդին։ Կողմերը հանդիպման մասին մանրամասներ չեն հայտնել, փոխարենը՝ «հաճելի հանդիպման» մասին X-ում գրել էր Հնդկաստանի վարչապետը։




