
Մի խումբ արցախցիներ այսօր դիմում– բողոք են փոխանցել ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակին, պահանջելով ապահովել միջազգային ատյանների որոշումների իրագործումը։ Արցախից բռնի տեղահանվածները հիշեցնում են՝ դեռ 44-օրյա պատերազմի առաջին օրերից սկսած ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանը տարաբնույթ որոշումներ է ընդունել, որոնք, սակայն, Ադրբեջանը չի կատարել։ Արցախցիները չեն բացառում նաև իրենց ետվերադարձը, եթե միջազգային կառույցները հետևողական լինեն ու անվտանգային երաշխիքներ ապահովեն։
«Վերադառնանք մեր տները, մեր հողը՝ ուրիշ ոչ մի բան չենք պահանջում, ո՞վ է ասել, որ մենք մեր տուն վերադառալու իրավունք չունենք»։
Արցախցիների կոչն ու բողոքը միջազգային կառույցներին՝ մասնավորապես ՄԱԿ–ին է ուղղված։ Նրանք հավաքվել են հայաստանյան գրասենյակի մոտ՝ պահանջելու, որ միջազգային կառույցը հետևողական լինի ընդունած որոշումներին ու դրանք թղթի վրա չթողնի։ Նախաձեռնության անդամ Արմինե Ավագիմյանն ասում է՝ մի անգամ չէ, որ բարձրագույն դատական ու միջազգային ամբիոններից Ադրբեջանին ուղղված կոչեր ու որոշումներ են հնչել, բայց դրանք անտեսվում են։
«Գիտենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023թ նոյեմբերի 17-ին որոշում ու վճիռ ունի առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել սեպտեմբերի 19-ի իրադարձությունների հետ կապված ստիպված իրենց տները լքած արցախցիների ազատ ելումուտը, ինչպես նաև չոչնչացնի արցախցիների շարժական ու անշարժ գույքը»,– ասում է Ավագիմյանը։

Ոչ միայն այս, այլ նույն դատարանի մեկ այլ՝ 2021թ դեկտեմբերի 7-ի որոշումը ևս Ադրբեջանը փաստացի չի կատարում։ 44-օրյա պատերազմի ավարտից 1 տարի ու 1 ամիս անց ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը ընդդեմ ռասայական խտրականության միջնորդություն էր կիրառել Ադրբեջանի դեմ։ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները պնդում են՝ իրենք ստիպված, ցեղասպանության վտանգի առաջ կանգնած են դուրս եկել հայրենի հողից ու հիմա արդեն պատրաստ են պայքարել իրենց ոտնահարված իրավունքների, մինչև անգամ Արցախ վերադարձի համար։
«Հստակ անվտանգային և իրավական կարգավորումների ու միջազգային ներկայության պարագայում հնարավոր է արցախցիների հավաքական վերադարձը։ Մենք նկատում ենք որ Արցախի ու արցախցիների վերադարձի հացը փորձ է արվում հանել օրակարգից, իսկ մենք նորից կրկնում ենք՝ եթե մենք գոյաբանական, ֆիզիկական անվտանգությունից ելնելով լքել ենք, դուրս ենք եկել մեր հարյուրամյա հայրենիքից, դա չի նշանակում, որ հանդուրժելու ու հարմարվելու ենք»։
Ադրբեջանը նաև հետևողականորեն ոչնչացնում է Արցախում հայկական հետքը, մշակութային արժեքները։ ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց հավաքված քաղաքացները պնդում են՝ քանի դեռ միջազգային կառուցները գործուն քայլեր չեն ձեռնարկում, Ադրբեջանը հիմնահատակ ավիրում է արցախյան պատմական ժառանգությունը։ Ակցիայի մասնակից Արմինե Հայրապետյանն ընդգծում է՝ Արցախում 6000-ից ավելի հուշարձան է մնացել, որոնք ոչնչացման ու իսմալացման վտանգի տակ են։

«Հիմա արդեն, երբ հասել է նրան, որ էթնիկ զտման է ենթարկել Արցախի տարածքը, այժմ էլ հայկական հետքի վերացման խնդիրն է լուծում։ Ադրբեջանը ամենուրեք վերացնում է հայկական հոգևոր շինությունները, արդեն ունենք 3 եկեղեցի հիմնահատակ ավերված․ առաջինը Ջրականի սուրբ Աստվածածին Զորավոր եկեղեցին է, Բերձորի եկեղեցին և Շուշիի Կանաչ ժամը»,– ասում է Արմինե Հայրապետյանը։
Բացի այդ Բաքուն նաև հայկական գերեզմաններ, հայկական բնակավայրեր է ոչնչացնում, այլ կերպ ասած՝ Արցախը ազատում է հայկական շնչից՝ նկատում է Հայրապետյանը։
«Մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ–ը կհարգի իր կամ իր դատարանի որոշումները և կկարողանա ճնշում գործադրել, այլապես այդ կառույցի գործունեությունը կասկածելի է դառնում»։

Քաղաքացիները պնդում են՝ չեն լռելու, հիմա արդեն տեղահանության շոկից դուրս են եկել ու կարող են պայքարել ու նմանատիպ ակցիաներով ստիպել միջազգային կառույցներին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։
«Ադրբեջանը շատ լավ գիտի, թե ինչ է անում, այսինքն՝ իրենք ոչնչացնում են մեր այնտեղ ապրելու ու մեր հայրենիքը լինելու հետքերը, որ մենք ընդհանրապես չխոսենք վերադարձի մասին։ Երբ քո տունն այնտեղ չկա, դեռ կարող ես կասկածել՝ գնալ թե չգնալ, իսկ երբ գիտես, որ քո տունն այնտեղ է, ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես,որ դուրս ես եկել, պարզ է, որ այդ վերադարձի հույսը պահելու ես, հենց այդ հույսն է ցանկանում կոտրել Ադրբեջանը»,– ասում է «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։
Հայաստանի, հասարակության ու միջազգային կառույցների լռությունը հօգուտ Ադրբեջանի է՝ ընդգծում են ակցիայի մասնակիցները։ Պաստառների ու կոչերի հետ նաև կառույցի ղեկավարությանն ուղղված դիմում- նամակ են բերել, հանձնում են ՄԱԿ-ի հայաստանյան կառույցի ներկայացուցչին։
Ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները կսպասեն մի քանի օր, հետո հույս ունեն նաև հանդիպելու միջազգային կառույցի նեկայացուցիչների հետ, նամակի բովանդակությունն ավելի առարկայական ներկայացնելու համար։




