ԿարևորՔաղաքական

Փաշինյանը, Ֆոն դեր Լայենն ու Բլինքենը կքննարկեն Հայաստանի զարգացմանը միտված եռակողմ համագործակցության ուղիները

Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

«Սույն թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել նախագահ Ֆոն դեր Լայեն-վարչապետ Փաշինյան-պետքարտուղար Բլինքեն համատեղ հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: Միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը: Մոտակա շրջանում միջոցառման մասին ավելի մանրամասն խոսելու հնարավորություն կլինի»,- ասել է նա:

2023 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրանադայում հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել էր Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։

Կարդացեք նաև

Back to top button