
Մի քանի ամիս տևած քննարկումներից հետո Թուրքիայի խորհրդարանը նախօրեին հաստատել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը։ 287 կողմ, 55 դեմ ձայնով Մեջլիսը համաձայնել է, որ Շվեդիան մտնի Հյուսիսատլանտյան դաշինք։ Փաստաթուղթն այժմ ստորագրման համար կփոխանցվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ակնկալվում է, որ Էրդողանը մոտ օրերս կստորագրի վավերացման փաստաթուղթը։ Փորձագետները նկատում են, որ գործընթացն այս կետին է հասել հենց Էրդողանի ցանկությամբ․ երկար քննարկումներով Անկարան թեժացրել է կրակը՝ իր բաժին շագանակները ստանալով։
Թուրքիան ամիսներ շարունակ ձգձգում էր Շվեդիայի հայտի հաստատումը ՝ այդ երկրին մեղադրելով անջատողական խմբավորումներին, այդ թվում ՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցներին աջակցելու մեջ և պահանջում էր հստակ քայլեր իրականացնել: Ի պատասխան այս մեղադրանքների՝ Շվեդիան խստացրեց ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրությունը և մեղմեց Թուրքիա զենք արտահանելու սահմանափակումները: Այդ քայլերից հետո, անցած տարեվերջին Թուրքիայի Մեջլիսի արտաքին հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ Էրդողանն իր օգուտ ստանալու տեղը տեսավ, առևտուրն արեց, բայց շատ լավ գիտի կարմիր գծերը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
«Հասավ ինչ-որ արդյունքի. Շվեդիան տեղի տվեց։ Թուրքիան էլ արդեն դրանով բավարարվեց և ավելի առաջ չգնաց։ Էրդողանը գիտի իր կարմիր գծերը և գնաց մինչև «կարմիր գծերը», բայց չանցավ, իհարկե, այդ կարմիր գիծը։ Այդ պատճառով, երկուսն էլ գոհ լինելով, այս առուծախը ավարտեցին»։
Փորձագետները նկատում են, որ Թուրքերի առևտուրը միայն Շվեդիայի հետ չէր։ ԱՄՆ Կոնգրեսը սպառնում էր Անկարային, որ F-16-երի գործարքը չի կայանա, քանի դեռ Թուրքիան խանգարում է Շվեդիային։ Այժմ մնաց Էրդողանի ստորագրությունը. անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի քվեարկությանը՝ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը նկատում է.
«Խորհրդարանի վավերացման վրա թուրքերը փորձեցին առեւտուր անել ԱՄՆ-ի հետ: Ըստ ամենայնի, այժմ կսպասեն F16-ներին՝ մինչեւ Էրդողանի ստորագրությունը։ Թեեւ, գուցե, պայմանավորվածությունն այն է, որ օդանավերը կլինեն ստորագրությունից հետո։ Այդուհանդերձ Թուրքիայում նաև կան կարծիքներ, որ Միացյալ նահանգները, բոլոր դեպքերում, չի կատարի իր պարտավորությունը կամ խոստումը F-16-երի մասով, բայց, կարծում եմ, դա կնշանակի, որ թուրքերն էլ որոշակիրեն կարգելակեն հենց նախագահի ստորագրությունը՝ համենայնդեպս ապահովագրելով իրենց այդպիսի իրավիճակից»։
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, սակայն, նկատում է, որ գործը հենց Էրդողանի ցանկությամբ է հասել խորհրդարան ու վավերացվել, հետևաբար՝ դժվար է պատկերացնել, որ Էրդողանը այն կարող է չստորագրել։
«Կարող է ինչ-որ վերջին պահին փորձել ևս ինչ-որ մի բան կորզել, բայց դա արդեն «չափն անցկացնել» կլինի։ Հետևաբար, ես կարծում եմ, որ չի անի, եթե, իhարկե, քաղաքականության մեջ, կամ՝ հակառակ կողմերից մի ազդակ չլինի ու «մի բան չպատահի»։
Փորձագետների դիտարկմամբ՝ Թուրքիայի համար օդանավերը եւ դրանց տեխսպասարկման համար անհրաժեշտ դետալները չափազանց կարեւոր են, թուրքական օդուժն ունի արդիականացման կարիք՝ ի տարբերություն այլ զորատեսակների:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքին էլ Շվեդիայի անդամակցությունն է պետք.
«ՆԱՏՕ համար Շվեդիայի անդամությունը կարևոր է նրանով, որ, օրինակ այդ դեպքում, Բալթիկ ծով «մուտքը» փաստացի անցնում է ամբողջապես ՆԱՏՕ-ի անդամ երկրների վերահսկողության «ներքո»՝ մի կողմից Դանիա, մյուս կողմից Շվեդիա և սա ռազմավարական սպառնալիք է ստեղծում արդեն Ռուսաստանի համար, առնվազն՝ դեպի Կալինինգրադ ծովային մուտքի իմաստով։ Եվ հասկանալի է, որ Ռուսաստանի համար այդ հանգամանքն ունի էական նշանակություն»։
Հատկանշական է, որ տեւական դադարից հետո հենց Թուրքիայի խորհրդարանում վավերացումից առաջ տեղի ունեցավ Լավրով-Ֆիդան հանդիպումը՝ նկատում է Բադալյանը: Վերլուծաբանի ձևակերպմամբ՝ ռուսներն իհարկե «պահեստում ունեն» հունգարական գործոնը․ այս երկիրն արդեն դաշինքի միակ անդամն է, որը չի վավերացրել Շվեդիայի անդամությունը:
«Մեկ այլ ուշագրավ հանգամանք է թերեւս այն, որ այսօր էլ տեղի է ունենում Իրանի նախագահի այցը Թուրքիա, որը պետք է լիներ դեռեւս նախորդ տարի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, սակայն, ըստ լրատվամիջոցների, չեղարկվել էր Էրդողանի նախաձեռնությամբ: Ըստ ամենայնի, դրա պատճառն այն էր, որ հենց այդ շրջանում նա սկսեց Շվեդիայի անդամության շուրջ ԱՄՆ հետ սակարկության նոր փուլ եւ ըստ ամենայնի Ռայիսիի հետ հանդիպումը հետաձգեց մինչ այդ սակարկության «ավարտ»: Միաժամանակ, հարկ է նկատել նաև, որ այսօր, կարծես թե, Իրանի նախագահի այցը տեղի է ունենում Իրան-Թուրքիա փոխհարաբերության որոշակիորեն խնդրահարույց միջավայրում»։
Տիրան Լոքմագյոզյանի խոսքով, սակայն, խնդիրն ավելի շատ Ռուսաստանինն է, քան Իրանինը։ Ըստ փորձագետի, կա գլոբալ սպառնալիք, քանի որ Թուրքիան, այսպիսով, նոր քար է ավելացնում աշխարհի ապակայունացման վրա՝ իր դիրքերն ամրացնելով։
«Եվ Արևմուտքի ծրագրերին համահունչ է այս ամեն ինչը, այդ պատճառով էլ ձայն չեն հանում նրանք»։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը խոչընդոտում էին միայն Թուրքիան և Հունգարիան։ Այժմ որոշում կայացնելու հերթը Հունգարիայինն է՝ գրել է Bloomberg-ը։ Ի դեպ, հայտնի է, որ այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը Շվեդիայի վարչապետին հրավիրել է Բուդապեշտ՝ այդ հարցի շուրջ բանակցություններ վարելու։




