
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Երեկ Աղավնաձորում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ «Կալիֆորնիան կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն անդրադառնալով սիրիահայության խնդիրներին՝ կառավարության ղեկավարին առաջարկել է Հայաստան համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնը նվիրել սիրիահայությանը: Տիգրան Սարգսյանն այդ կապակցությամբ նշել է. «Այդպիսի հանձնարարական Հայաստանի Նախագահն արդեն տվել է: Այժմ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ քննարկում ենք հարցը: Տարբեր ձևաչափեր և ձևակերպումներ կան հեռուստամարաթոնն անցկացնելու վերաբերյալ, հնարավոր է այն միաժամանակ նվիրվի և սիրիահայությանը, և Լեռնային Ղարաբաղին»:
Մոտ մեկ ամիս առաջ Հալեպից Երևան ժամանած սիրիահայ Անի Զեյթունցյանը «Ռադիոլուր»-ին պատմել է, որ օր օրի վիճակն ավելի է վատանում: Սիրիայում բնակվող հայերն օգնության կարիք ունեն: Օր օրի Հալեպում իրավիճակը վատանում է, շատերն են ցանկանում, բայց քչերին է հաջողվում Հայաստան վերադառնալ:
«Հայերու շատ քիչ տոկոսն է, որ կա Հայաստանում, որովհետև կապված է նյութական պայմաններուն հետ: Տոմսը ահավոր թանկ է, տեղ ալ չկա, միայն սուրիական օդանավն է, որ այսօր գա Երևան, ան էլ շաբաթը մեկ անգամ միայն: Երանի կարենայինք ձեռք մեկնել ու ամբողջ հայությունը ազատել, փրկել, բերել Հայաստան»,- ասում է Անին:
«Օգնիր, եղբորդ». այսպես է կոչվում նախաձեռնությունը, որն իր շուրջն է համախմբել Հայաստանի, Արցախի ու ընդհանրապես ողջ հայությանը: Նախաձեռնության հեղանիկաներից Լիլիթ Գալստյանն ուրախ է, որ սիրիահայերին աջակցության ձեռք են մեկնում բոլորը՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Նախաձեռնության անդամները հանդես են եկել հերթական կոչով՝ հիմնակնում դիմելով խորհրդարանականներին՝ «Քո մեկ օրվա աշխատավարձը «Օգնիր, եղբորդ» հիմնադրամին»:
«ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն,ՕԵԿ-ը , Ժառանգությունը, մեկ օրվա աշխատավարձի փոխանցումներ արդեն կատարել են, երեկ ԲՀԿ-ի գրասենյակից դարձյալ լավ զանգ ստացանք, և կարծում եմ, ավելին կլինի, քան մեկ օրվա աշխատավարձը: Դիմել ենք գործարար շրջանակներին և քաղաքցիներին, կարծում եմ այդ մեկ օրվա աշխատավարձը մեծ ճնշում չի լինի որևէ մեկի ուսերին, և այդ կոչը արձագանք ու տարածում ստանում է»,- ասում է Լիլիթ Գալստյանը:
Շուրջ 40 տոննա պարենային մթերք ու առաջին անհրաժշետության դեղամիջոց արդեն հավաքագրվել է, մեծ մասը արդեն փաթեթավորված է, յուրաքանչյուր արկղը պարունակում է տասը կգ բեռ: Պարենամթերքը հիմնականում հավաքագրվել է սպառողներին հայտնի գրեթե բոլոր ընկերությունների արձագանքի շնորհիվ՝ «Ալեքս Գրիգ«,«Գրանդ Հոլդինգ» , «Աշտարակ կաթ», «Մարիաննա»», ցանկը համալրվում է դրամային տեսքով, վերջին ամենամեծ նվիրատվությունը կատարել է Վիվասել ընկերությունը՝ հինգ միլիոն դրամ: Vivacell MTS բաժանորդները նաև հաղորդագրությունների միջոցով կարող են մասնակցություն ունենալ նվիրատվությանը: «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը բանկային հաշվեհամար է բացել ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿՈՒՄ (23800 AMD 01157620300, 23800 USD 01157620401)։
Նախաձեռնության հեղինակները հույս ունեն, որ հաջորդ շաբաթ արդեն կավարտվեն բեռնափոխադրող ընկերության հետ բանակցությունները և հաջրոդ շաբաթ արդեն առաջին բեռնատար ինքնաթիռը պատերզմական գոտի կհասնի:




