Դիանա Վարդանյանը ծնվել է 1993 թվականին Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղում։ 1986 թվականին նույն գյուղում է ծնվել նաև ամուսինը՝ Էռնեստ Վարդանյանը։ Երբ ծանոթացան, Դիանան դեռ դպրոցական էր, իսկ Էռնեստն արդեն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու աշխատանքի անցել 7-րդ պաշտպանականի «Եղնիկներ» կոչվող զորամասում։ Ամուսնացան 2012-ին, ունեցան երկու զավակ՝ Վահանն ու Նատալին։ 2013-ին Էռնեստ Վարդանյանը տեղափոխվեց Հադրութի զորամաս՝ որպես տեխնիկական մասի պատասխանատուի օգնական։
2015-ին Դիանան ավարտեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը։ Մասնագիտությամբ գյուղատնտես է։ 2020-ի սեպտեմբերին, երբ պայթեց 44-օրյա պատերազմը, Էռնեստ Վարդանյանը Հադրութի զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալն էր։ Կռվել է հիմնականում Հադրութում, Ջրականում, Մարտունիում։ Դիանան երեխաների հետ Հայաստան է տեղափոխվել 2020-ի սեպտեմբերի 29-ին։ Հայաստանում էլ լսեց չարաբաստիկ լուրը՝ Էռնեստը չկա։ Զոհվել էր նոյեմբերի 8-ին Շուշիի Քարին տակ կոչվող հատվածում։
«Զգում եմ, որ ուսերիս այսօր մեծ պատասխանատվություն է դրված, դա պատասխանատվությունն է երեխաներիս առաջ, թուլանալու իրավունք չունեմ։ Հենց մի պահ ուզում եմ թուլանալ, հիշում եմ ամուսնուս խոսքերը՝ դու ուժեղ ես, ես գիտեմ, դու կարող ես»,-ասում է Դիանան։




