Լյովան այն զինծառայողների թվում էր, որոնք սեպտեմբերյան դեպքերից հետո համարվում էին անհետ կորած։ Նրա ողջ լինելու հավանականությանը քչերն էին հավատում, բայց …
Ծնվել է 2003 թվականի ապրիլի 15-ին Սևան քաղաքում։ Սովորել է տեղի Բազմագործառութային քոլեջում։ Զորակոչվել է 2021-ի հուլիսի 29-ին, ծառայում էր Գորիսի զորամասում, իսկ 2022-ի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ մարտական հերթապահություն էր իրականացնում Իշխանասարում։ Սեպտեմբերի 13-ին երկու անգամ վիրավորվել է՝ թևից և ոտքից։ Ծնկից ներքև ոտքն ամբողջությամբ փշրվել էր։ Մարմնում բազմաթիվ բեկորներ էին հայտնվել։
«Սեպտեմբերի 13-ի առավոտից մինչև 14-ի գիշերը հասնում եմ Սև լիճ։ Տեսնում եմ, որ թուրքերը առաջ են եկել ու ինձ են հասնում։ Գիտակցությունս կորցնում եմ․․․15-ին աչքերս բացում ու նորից առաջ եմ գնում։ Երեք օր սողալով իջել եմ․․․ Տնեցիները լուր չունեին, ասել էին՝ զոհվել եմ»,-պատմում է Լյովան։
Երկու վիրահատություն է տարել, ոտքին տեղադրվել է Հոֆմանի արտաօջախային սարք։ Նոր վիրահատություններ ու վերականգնողական երկար ճանապարհ ունի անցնելու, բայց հրաշքը արդեն կատարվել է՝ ողջ է։