ԿարևորՀասարակություն

Բոլորի եկամուտները կհայտարարագրվեն․ գործադիրը նախագիծն անհետաձգելի է համարել

2023-ից Հայաստանում կներդրվի  ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտը։ Նախագիծն  այսօր հավանության է արժանացել կառավարության նիստում և որպես անհետաձգելի ուղարկվել խորհրդարան։  Եկամուտների համատարած հայտարարագրումը վերաբերելու է Հայաստանի բոլոր չափահաս քաղաքացիներին։ Համակարգը ներդրվելու է փուլային եղանակով։ Առաջին հայտարարագրերը ֆիզիկական անձինք ներկայացնելու են  2024 թվականին՝ մինչև ապրիլ 20–ը։ Առաջին փուլում իրենց եկամուտները ներկայացնելու են հանրային ու համայնքային ծառայողները։  

Հայաստանում ռեզիդենտ բոլոր քաղաքացիներն իրեն եկամուտները կհայտարարագրվեն։ Համակարգի ներդրումը կսկսվի 2023 թվականից, կշարունակվի երեք տարի, կիրականացվի փուլային տարբերակով։ Հայտարարագիրը կնախալրացվի հարկային մարմնի կողմից՝  ինքնաշխատ եղանակով՝ տեղեկացնում է ֆինանսների նախարարը։

«Հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից: Նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հարկային գործակալի կողմից, գործատուի կողմից հաշվարկված եկամուտների և դրանցից բյուջե վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը կամ երրորդ անձանցից հարկային մարմնի ունեցած այլ տեղեկությունները, և այդ հայտարարագիրը նախնական տեսքով էլեկտրոնային եղանակով պատրաստել հայտարարատուի ծանոթացման համար»։

Հայտարարագրերի համակարգում յուրաքանչյուր հայտարարատու կունենա նույնականացված հաշիվ: Հարկային մարմնի տրամադրած  տվյալներով մուտք գործելով էլեկտրոնային համակարգ՝ հայտարարատուն այնտեղ կգտնի իր նախալրացված հայտարարագիրը, կստուգի տվյալների ճշտությունը, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու հնարավորություն  կունենա։

Հայտարարագիրը հայտարարատուի կողմից պետք է հաստատվի մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող ապրիլի 20-ը։ Առաջարկվում է համակարգին զուգահեռ ներդնել նաև խթանող միջոցառումներ՝ սոցիալական կրեդիտների համակարգի միջոցով։

«Հայտարարագիր ներկայացնող անձինք հնարավորություն են ստանալու իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների համար կատարված ու հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված՝ առողջապահությանը, կրթությանը և բնակարանային ապահովությանը վերաբերող ծախսերին համարժեք որոշակի գումարներ»։

ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ –ում ստացվող եկամուտները հարկվում են 30 տոկոսի չափով։ Հայաստանում եկամտի այդ տեսակի համար սահմանված է  20 տոկոս դրույքաչափ։ Եկամուտը հայտարարագրելիս, որպեսզի այն նաև Հայաստանում չհարկվի, պետք է ՌԴ հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկանք ներկայացվի։ Հինգ տարվա համար Հայաստանում կբավարարվեն  միայն եկամտի աղբյուրը մատնանշելով։

«Ոչ թե կպահանջենք, այդ տեղեկանքը կենթադրենք ինքնաբերաբար, որ տրված է  այն։ Այսինքն` եթե այնտեղ այդ սահմանված հարկի դրույքաչափը բարձր է, քան մեզ մոտ, մենք ասում ենք ,որ առաջիկա հինգ տարում այդ հարցը չենք տալու»։

Համակարգի ներդրման առաջին փուլում՝ 2023 թվականին,  հայտարարատու կհամարվեն այն քաղաքացիները, որոնք «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ: Հայտարարագիր կներկայացնեն նաև 2022 թվականի արդյունքներով եկամտի 1 միլիարդ դրամի շեմը գերազանցած ընկերությունների բաժնետերերը: 2023 թվականից հայտարարատու կհամարվեն նաև այն քաղաքացիները, որոնք 2022 թվականի ընթացքում ստացած կլինեն 20 միլիոն դրամ և ավելի վարկեր ու փոխառություններ:

«Մյուս խմբում այն քաղաքացիներն են, որոնք 2023 թվականի դրությամբ հանդիսանում են հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսների գծով եկամտային հարկի փոխհատուցումներ ստացող քաղաքացիներ: Վերջին խմբում էլ այն մարդիկ են, ովքեր եկամուտներ են ստանում արտերկրից: 2024 թվականից հայտարարագրի համակարգին կմիանան այն քաղաքացիները, ովքեր վարձու աշխատողներ են կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են աշխատանքների կատարման դիմաց եկամուտներ: 2025 թվականին հայտարարագրող կլինեն այն քաղաքացիները, որոնք առաջին երկու խմբերում չեն»:

Վարչապետը կարևորում է   ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրումը։

«Նման քայլերի տրամաբանությունը, թերևս, բխում է  մեր գաղափարական այն արձանագրումից, որ պետությունը և ՀՀ –ն  կարող է հարատևել միայն նրա  քաղաքացիների պետություն ունենալու կամքի առկայության վրա։ Սա մի ինստիտուտ է, որը կամքի արձանագրումն է, որ քաղաքացին այս ու մի շարք այլ ինստիտուտներով արձանագրում է  պետություն ունենալու իր կամքը»։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խոսքով՝  համակարգի մշակման շուրջ համագործակցում են  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ։ Տվյալները ամբողջությամբ գաղտնի են լինելու և  չեն հրապարակվելու՝ խոստանում է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։  

Կարդացեք նաև

Back to top button