
Եվրամիության ընդլայման հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավարության դիրքորոշման պատճառով Եվրոպական Միությունը դադարեցնում է Ասոցացման համաձայնագիրը ստորագրման նախապատրաստելու աշխատանքները:
«Ուկրաինայի նախագահի և կառավարության խոսքերի ու գործողությունների միջև տարբերությունը գնալով ավելի է մեծանում: Նրանց փաստարկները որևէ կապ չունեն իրականության հետ»,- գրել է «Թվիթերում» Ֆյուլեն: «Ուկրաինայի փոխվարչապետ Արբուզովին Բրյուսելում ասել եմ, որ հետագա բանակցությունները կախված են համաձայնագիրը ստորագրելու ցանկության հստակությունից: Աշխատանքները դադարեցված են և պատասխան դեռ չենք ստացել»,-հավելել է նա:
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի մամուլի քարտուղար Վիտակի Լուկյանենկոնն էլ ասել է, որ Կիևը մտադիր է շարունակել բանակցությունները Եվրամիության հետ, նշելով, որ իրենք կքննարկեն բանակցությունների գործընթացի վերաբերյալ միայն Եվրամիության կողմից արված պաշտոնական հայտարարությունները:
Իր հերթին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը վստահեցրել է, որ փաստաթղթերը, որոնք դեկտեմբերի 17-ին Մոսկվայում Ուկրաինան պատրասվում է ստորագրել, ուղղված են երկրի տնտեսական անվտանգությանը: Մաքսային միություն մտնելու վերաբերյալ փաստաթղթեր, ըստ նրա, չեն ստորագրվի: Դեկտեմբերի 17-ին Մոսկվայում նախատեսված է անցկացնել ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողով: Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ Ուկրաինայի ապրանքաշրջանառությունը այս տարի կրճատվել է 25 տոկոսով: Կիևը ցանկանում է վերականգնել նախկին ծավալները:




