
Արտակ Բարսեղյան
«Ռադինոլուր»
Արդեն 3 տարի է, ինչ գործում է «ՏաԹեւեր» ճոպանուղին, որը աշխարհում հայտնի է որպես ամենաերկար (5752 մետր) հետադարձելի երկխցիկ ճոպանուղի: Այն գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում ոչ միայն երկարության, այլ նաև կառուցման կարճ ժամանակահատվածի համար, որը կազմել է 10 ամիս: Ճոպանուղին միայն մի մասն է «Տաթեւի վերածնունդ» լայնածավալ ծրագրի, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց RVVZ եւ IDeA հիմնադրամների գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը։
Ծրագրի նվիրատուներ են հանդիսացել ավելի քան 140 հոգի 18 երկրներից: Ճոպանուղին Որոտանի կիրճի վրայով միացնում է Հալիձոր և Տաթևի համայնքները: Վերջինում գտնվում է հայ ճարտարապետության գոհարներից մեկը՝ Տաթևի վանական համալիրը: Անցած երեք տարվա ընթացքում վանք է այցելել 250 հազար մարդ, որից 210 հազարը օգտվել է ճոպանուղուց՝ ավելի քան 66 հազարը միայն այս տարի: Այս ցուցանիշները վկայում են, որ զբոեսաշրջիկների հոսքը ճոպանուղու շնորհիվ ավելացել է 10 անգամ: Ընդհանուր առմամբ՝ Արտակ Մելքոնյանը գոհ է մոտ 21 մլն ԱՄՆ դոլար ներդրումներից ստացված արդյունքներից: Այն նպաստել է զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացմանը տարածաշրջանում։
Իր հերթին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը նշեց, որ ծրագիրն իրականություն դարձավ մասնավոր և պետական հատվածի փոխգործակցության շնորհիվ։ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ափիկյանը հավելեց, որ մինչեւ 2017 թվականը նախատեսվում է ավարտին հասցնել Տաթեւի վանական համալիրի վերանորոգումը: Ըստ նրա՝ ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքները, կատարվում են ինժեներային հետազոտություններ, վանքի պատերի մակերեսների լազերային չափագրում։ Արեն Ափիկյանը նշեց, որ վանքը գտնվում է շատ վատ վիճակում՝ բազմաթիվ երկրաշարժերի և նախորդ դարի 80-րին իրականացված թերի վերականգման պատճառով։




