
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է ՀՀ կառավարության պատկերացումը տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունության և խաղաղություն հաստատելու քայլերի մասին, ինչպես նաև ընդգծել է միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատելու ՀՀ պատրաստակամությունը։
ՀՀ համար ընդունելի է սադրիչ գործողություններից և հայտարարություններից զերծ մնալու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը, հայտարարեց ՀՀ վարչապետը:
«Ակնհայտ է, որ այս պայմանի կատարումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ և միջավայր ձևավորելու համար: Եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշապես բանավեճերի տեղիք է տալիս: Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումն էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման:
«Հուլիսի 29-ի ելույթում այս հարցին նույնպես անդրադարձել եմ՝ ասելով, որ կարծում եմ՝ դա պիտի լինի ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների»,- նշեց Փաշինյանը
Ըստ նրա՝ ՀՀ, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է պատասխանատվություն՝ առավելագույնն անել լուծումների գնալու համար։
Ամենաառաջնային լուծումը, ըստ Փաշինյանի, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն ու ապաշրջափակումն է։
Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումը անփոփոխ է, հավելեց վարչաապետը։
Նրա խոսքով՝ թշնամական մթնոլորտի խորացումը անթույլատրելի է մեր տարածաշրջանի և միջազգային անվտանգության համար։




