ԿարևորՔաղաքական

«Հրաժեշտի» արտահերթ աշխատանք․ ԱԺ ընդդիմադիրներն արդեն հեռացել են

Այսօր գումարվել է գործող խորհրդարանի վերջին արտահերթ նստաշրջանը, դրանից հետո պատգամավորների մի մասը հրաժեշտ կտա պատգամավորական տեղերին և աշխատասենյակներին։ Մի մասը, սակայն, արդեն հակված չէ խորհրդարան գնալ։ 132 պատգամավորից այսօր գրանցվել է  ընդամենը 74-ը։ Բացակայողները հիմնականում խորհրդարանը լքող խմբակցությունների «Բարգավաճ Հայաստան»–ի և «Լուսավոր Հայաստան»-ի անդամներն էին։

Կիսատ մնացած նախագծերը ստիպեցին գործող կազմով խորհրդարանին՝ իրենց տեղերին հրաժեշտ տալուց առաջ ևս մեկ անգամ հավաքվել արտահերթ նստաշրջանի։ Հստակորեն կարելի է ասել, որ «ճամպրուկային» տրամադրությամբ խորհրդարան էր գնացել Մխիթար Հայրապետյանը։ 2018–ի հեղափոխության «շարժիչ ուժերից» մեկը, քայլարշավի գաղափարի հեղինակը անցած ընտրություններում իշխող թիմի նախընտրական ցուցակի վերջին՝ 157–րդ համարն էր զբաղեցրել։ Սա բացատրվում է նրա անձնական ցանկությամբ։ Տեղեկություններ կան, որ նա իր հետագա աշխատանքը պատկերացնում է գործադիր մարմնում․ ստացվելիք հնարավոր պաշտոնը պարզ կդառնա կառավարության ձևավորման ժամանակ։ Կարծում է՝ որպես ճյուղային հանձնաժողովի նախագահ խոստումների մեծ մասը կատարել է՝ եկողներին թողնելով կիասատ մնացած մեկ կարևոր նախաձեռնություն։

 «Այս ամբիոնից հանդես եկա հայտարարությամբ, որ մեր հանձնաժողովը առաջիկա 5 տարվա համար նախանշում է 3 մայր օրենքների ընդունում՝ տեսալսողական մեդիայի մասին օրենք, կինեմատոգրաֆիայի մասին օրենք և հայրենադարձության մասին օրենք։ Երկու օրենքները ընդունվում են, ինչ վերաբերում է Հայրենադարձության մասին օրենքին, եթե ԱԺ 7–րդ գումարումը ունենար 5 տարվա կյանք, ապա վստահաբար այն ևս արդեն ընդունված կլիներ։ Նախագիծը հիմնականում պատրաստ է, հորդորում եմ արդեն 8-րդ գումարման համար չմոռանալ  այդ փաստաթղթի մասին»։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, իշխանական թիմից  Արտակ Մանուկյանը նույնպես պատգամավորական իր տեղին հրաժեշտ տվողներից է։ Արտահերթ ընտրություններում նրա անունն ընդհանրապես չկար «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում։ Համոզված է, որ իր աշխատանքը խորհրդարանում արդյունավետ էր և շոշափելի շարքային քաղաքացու ու գործարարի համար։ Անգամ «հրաժեշտի» պահին փորձում են օրենսդրությունը բարելավել։

«Հարգելի անհատ ձեռնարկատերեր, ուզում եմ ասել, որ այս օրենքով (Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին-խմբ․ ) միանշանակ ձեզ համար բարենպաստ միջավայր ենք ստեղծում։ Այն վճարները, որ միջինում պետք է վճարեիք հունվարի 1-ին ձեզ ունեցած շրջանառության համար մոտ 2 անգամ, էապես նվազեցնում ենք։ Իսկ եկամտային հարկի վճարողների մասով արդեն 8-րդ գումարման պատգամավորները իերցն մոտեցումները հնարավորություն կունենան արձանագրել։ Այս պահի դրությամբ, տենդենց այն է, որ ավելի շատ է լինելու, առնվազն 33 125 ԱՁ-ի կյանքում մենք դրական փոփոխություն ենք իրականացնում այս օրինագծով»։

Խորհրդարանին հրաժեշտ տվողների անավարտ գործերն էին թերևս ԱԺ–ի արտահերթ նստաշրջան գումարելու հիմնական պատճառը։ Օրակարգում ընդգրկված 18 հարցից 16–ը անհետաձգելի էին։ Հրատապությունը և արտահերթ նիստի հավաքվելու պատգամավորների առաջարկը հիմնավորում է իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից Գևորգ Պապոյանը․

«Օրենքների մի մասն արդեն իսկ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունել է, և մենք պետք է արտահերթ ռեժիմով դրանց ընթերցումը կազմակերպենք, հակառակ պարագայում դրանք պարզապես 7–րդ գումարման Աժ–ն հնարավորություն չի ունենա ընդունել, քանի որ այլևս այս ԱԺ–ն հերթական նիստեր գումարելու հնարավորություն չունի։ Բացի այդ, կան օրենքի նախագծեր, որոնց հեղինակներն են կամ համահեղինակները, կամ հիմնական զեկուցողները ԱԺ պատգամավորներ, որոնք 8-րդ գումարման ԱԺ–ում չեն լինելու և պնդելու են, որպեսզի իրենց գաղափարները, իրենց նախագծերը մինչև վերջ հասցնեն»։

132–ից 74 պատգամավոր էր այսօր գնացել աշխատանքի։ Գրանցման պահին հիմնականում բացակայում էին խորհրդարանը լքող «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։

Մոտ ապագայում նրանց խորհրդարանում կփոխարինեն արդեն նոր ընդդիմադիրները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Ընդդիմադիրներն րար կփոխանցեն նաեւ իրենց աշխատասենյակները՝ մանդատները ստանալուց հետո վիճակահանությամբ կորոշվի՝ ում որ սենայկաը բաժին կհասնի։ Այստեղ արդեն նախասիրությունները եւ ճաշակները հաշվի չեն առնվում։ Բայց պատգամավորական սենյակները դեռ «կրում են»  գործող պատգամավորների անունները։  

Ենթադրվում է, որ ընդդիմադիր ամենամեծ նոր խմբակցությունը կզբաղեցնի նախորդ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության տեղը։ Ըստ այդմ՝ խորհրդարանի շենքում ԲՀԿ–ին հատկացված աշխատասենյակները կարող են բաժին հասնել «Հայաստան» դաշինքին, իսկ ԼՀԿ–ի սենյակները՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորներին։  

Ընդդիմադիրների խորհրդարան գնալ-չգնալը, սակայն, դեռ շատ հարցականներ ունի՝ կախված ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու ընթացակարգից։ Օրենքի պահանջով  կուսակցությունները կամ դաշինքները ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 5-րդ օրը, մինչև ժամը 18։00-ը,  կարող են դիմել դատարան։ Քննությունն ընթանում է բանավոր, բաց է հանրության համար։ Պատասխանող կողմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։ Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանի  փոխանցմամբ՝ ՍԴ-ն կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը։

«Տարբերակ առաջին՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ, տարբերակ երկրորդ՝ անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և ա․ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, բ․ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը, գ․ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»։

Ընտրական վեճերին առնչվող հարցերի շուրջ  «ՍԴ-ի մասին» օրենքը նախատեսում է քննության 15-օրյա ժամկետ։ Այս ընթացակարգից ելնելով ենթադրելի է, որ նոր խորհրդարանի առաջին նիստը կարող է գումարվել հուլիսի կեսերին։

Եթե արդյունքներն անփոփոխ մնան՝ 8–րդ գումարման ԱԺ-ն լինելու է ավելի փոքր՝ 132 պատգամավորի փոխարեն ունենալու է 107 պատգամավոր․ սրանով պետք է որ կրճատվեն  խորհրդարանի ծախսերը։

Կարդացեք նաև

Back to top button