
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո երեկ ուշ երեկոյան Էջմիածնում կարանտին հայտարավեց, քաղաքի ելքի բոլոր ճանապարհները փակվեցին, իսկ 3-ի վրա ոստիկանության ու բուժաշխատողների միջոցով սահմանվեց հսկողություն: Էջմիածնից դուրս եկող բոլոր քաղաքացիները ջերմաչափվում են: Հսկողությունը սահմանվել է Էջմիածին-Երևան, Էջմիածի-Աշտարակ՝ Շահումյան գյուղի սկզբնամասում և Էջմիածին-Մասիս ճանապարհներին: Էջմիածին մտնողների մուտքն ազատ է:
Երեկ երեկոյան կորոնավիրուսով վարակված 28 դեպք է գրանցվել, որից 18-ը փոխկապակցված են Էջմիածնում տեղի ունեցած նշանադրության խնջույքի հետ: Թվով 300 մարդ մեկուսացվել է, այդ թվում նաև Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները՝ ծնողների հետ միասին: Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը տեղեկացրեց, որ այդ դասարանից մեկ աշակետի մոտ է հաստատվել covid-19 վիրուսը, որի ծնողները մասնակցել են արդեն հայտնի նշանադրությանը:
«35 աշակերտ է սովորում այդ դասարանում, 2-ը նախապես էին մեկուսացվել, մեկը վիրուսակիրն է, մյուսն իր կողքի աշակերտը, որին ջերմության պատճառով էին մեկուսացրել և, փառք Աստծո, որ իր մոտ հերքվել է և չկա այդ ախտանշանը: 2 աշակերտ ջրծաղիկով հիվանդ էր, այսինքն՝ ընդհանրապես չեն շփվել այդ աշակերտի հետ, 31 աշակերտի ծնողներից 4-ը հրաժարվեցին երեխաներին մեկուսացնելուց, 27-ը՝ մարտի 15-ին մեկուսացվել են»:
Ծնողներն իրենց հետ տարել են նաև մանկահասակ երեխաներին, մեկուսացվել են նաև դասվարն ու դասավանդող 5 ուսուցիչ, ընդհանուր թվով միայն դպրոցից՝ 65 մարդ: Ըստ տնօրենի՝ դպրոցում ամեն օր ախտահանում են իրականացրել:

Շաբաթ օրվանից Էջմիածնի քաղաքապետարանն ախտահանման աշխատանքներ է սկսել գլխավոր փողոցներում և մարդաշատ վայրերում, այսօր կսկսեն նաև երկրորդային փողոցներում ու բակերում: Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանն ապահովված է ախտահանիչ նյութերով, որոնք կտրամադրվեն նաև տնտեսվարողներին՝ տարածքը ախտահանելու համար.
«Երեկ վաղ առավոտից արդեն մեկնարկել էին երկրորդային փողոցների, մայթերի, մարդաշատ վայրերի ախտահանման աշխատանքները, ինչպես նաև մեկնարկել են հանրային վայրերում տեղադրված նստարանների և կանգառների ախտահանումը՝ քլորաջրով և ախտահանիչ հատուկ նյութերով, որոնք մանրէասպան են: Քաղաքապետարանը պատրաստ է պահեստավորված քլորից տրամադրել բոլոր տնտեսվարողներին, և կհետևեն, որ ախտահանման աշխատանքները պատշաճ կատարվեն»:
Մարիամ Պողոսյանը տեղեկացրեց նաև, որ ախտահանվում են Էջմիածնի ուղևորատար տրանսպորտային միջոցները: Քաղաքապետ Դիանա Գասպարյանն առաջարկել է հանդիսությունների սրահներում, սրճարաններում և հանրային սննդի կետերում չեղարկել հանրային միջոցառումները: Քաղաքում հիմա խուճապ չկա, որն առաջացել էր 3 օր առաջ՝ կապված շտապօգնության մեքենաների շարժի հետ, հիմա քաղաքացիներն ավելի զգուշավոր են դարձել:

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ դիմակների պահանջարկը մեծացավ: Էջմիածնեցի 3-րդ կարգի զինհաշմանդամ Արմեն Աբրահամյանը նախաձեռնեց իր միջոցներով և հարևանների օգնությամբ կարել դիմակներ ու անվճար բաժանել համաքաղաքացիներին: Աջակցություն ստանալու նպատակով նա ֆեքսբուքի ուղիղ եթերով կեսգիշերն անց դիրմել էր հայրենակիցներին, արձագանքը չէր ուշացել, հատկացրել են ախտահանիչ 2 սարք և 3 կարի մեքենա, բայց դիմակ կարողների կարիք ունեն.
«Ես ստանում եմ 49000 դրամ թոշակ և պատրաստվում էի մեքենաս վաճառել էս գործի համար, չէի պատկերացնում, որ այսքան կաջակցեն մեզ: Հիմա ավելի մեծ թափով ենք սկսել արտադրությունը, մեզ միացել է Զվարթնոցից 2 հոգի, մեկը տարիքով կին է, ասաց օրական 30 դիմակ կկարի, մյուսը՝ ամուսիններ են: Ինձ զանգում են թոշակառու մարդիկ և առաջարկում 1000 -2000 դրամ: Բոլորին ասում եմ փող պետք չի, մատերիալ առեք: Կարծում էի մեծահարուստները կարձագանքեն»:

Արմեն Աբրահամյանը կարված դիմակներն առաջին հերթին հատկացրել էր խանութների աշխատողներին, տաքսի ծառայություններին, սակրավորներին, այսօր կտրամադրի նաև Էջմիածնի հիվանդանոցին:
«Հիվանդանոցի տնօրենն էր զանգել, ասեց, որ աշխատողները 300 հոգի են, ես ասեցի, որ պարտավորովում եմ օրական 300 հատ դիմակ տրամադրել բուժաշխատողներին, որոնց ես համարում են առաջնագծում աշխատողներ, ովքեր անմիջապես շփվում են հիվանդների հետ»:
Էջմիածնի քաղաքապետարանն այսօրվանից ոստիկանության հետ համատեղ պայքարելու է փողոցային բացօթյա առևտրի դեմ: Քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ այսօրվանից քաղաքապետարանում կգործի արագ արձագանքման շտաբ, որը կունենան թեժ գիծ: Քաղաքապետարանում սահմանվել է նաև աշխատանքային հերթապահություն՝ նվազագույնի հասցնելով շփումները: Փակ են համայնքապատկան մշակութային ու կրթական հաստատությունները: Հորդորվում է ատելության խոսք չուղղել վիրուսով վարակված քաղքացուն, լինել հանդուրժող և համբերատար:




