
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Վրաստանի ազգային փոխադրող Georgian airways ընկերությունը ռուս-վրացական ուղիղ ավիահաղորդակցության արգելքի պայմաններում հայկական կողմի հետ սկսած համագործակցությունից գոհ է՝ «Ալիք Մեդիա»-ին ասել է ընկերության գործադիր տնօրեն Ռոման Բոկերիան։ Նա նշել է, որ հայկական կողմի հետ Երևանով դեպի Ռուսաստան և Վրաստան արդեն մի քանի օր է կազմակերպվում են հարմարավետ և անվտանգ թռիչքներ։
Հուլիսի 8-ից, երբ ուժի մեջ մտավ Կրեմլի որոշումը դեպի Վրաստան ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը, վրացական հիմնական փոխադրողը որպես այլընտրանքային ուղի սկսեց օգտագործել Թբիլիսի-Երևան-Մոսկվա, Մոսկվա-Երևան-Թբիլիսի ուղղությունը: Սա ըստ ընկերության ղեկավարության, թեև ի վնաս ավիաընկերության է, սակայն, եթե ընկերությունը չգնար այս քայլերին, ավելի մեծ վնաս կլիներ պետությանը:
Տոմսերի ամրագրումների 30 %-ն արդեն չեղարկվել է: Հիմնական պատճառը ուղևորների վախն է, որ Վրաստանում նրանց համար ապահով չէ: Մնացած 70 %-ի համար, ըստ ընկերության փոխտնօրեն Թամունա Թանդաշվիլիի՝ ամենաշահավետը Թբիլիսի-Երևան-Մոսկվա տրանզիտն է. ընտրված են լավագույն պայմանները. թռիչքի ժամերը հարմար են, բեռները և ուղևորները չեն տեղափոխվելու:
«Մեր ընկերությունը ռուս-վրացական հարաբերություններում եղել է կամուրջ՝ ամեն օր ուղևորափոխադրումներով ամրապնդելով ժողովուրդների միջև կապը։ Հիմա այդ կամուրջը ոչնչացման վտանգի առջև է, սակայն, մենք՝ երկու երկրների ժողովուրդներս իշխանությունների հետ պետք է ամեն ինչ անենք՝ թույլ չտալու երրորդ կողմին խաթարել վրաց և ռուս ժողովուրդների միջև այս բարեկամական հարաբերությունները»,-ասում է Georgian airways-ի գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիան:

Նա նշում է, որ ծառայությունների պահանջարկ կա՝ Ռուսաստանի քաղաքացիները ցանկանում են գալ Վրաստան՝ վրաստանցիներն ուզում են մեկնել Ռուսաստան։ Թբիլիսի-Երևան-Մոսկվա տրանզիտը կգործի, միչև կվերականգնվի ռուս-վրացական ուղիղ ավիահաղորդակցությունը։
Մենք հայ գործընկերների հետ ապահովում ենք ամենաանվտանգ ու հարմարավետ չվերթները դեպի Ռուսաստան ու Վրաստան Երևանի՝ Հայաստանի միջոցով։
«Հայկական կողմի հետ հիանալի համագործակցություն է ստացվում: Մեր ամենամոտ, եղբայրական ազգն է: Շնորհակալ ենք, որ այս պահին հայկական ավիաընկերություններն օգնում են մեզ ապահովել մեր ուղևորների տրանզիտը՝ Հայաստանի միջոցով»,-ասում է Բոկերիան։




